Հարցազրույց

«Իսրայելն ուժեղ կողմն է և երբեք չի զիջի «Հըզբոլլահ»-ին». Չերնամորյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն է։

- Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը կիրակի օրը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելը, այդ թվում՝ Թել Ավիվը։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին երկրում։

- Այո, զանգվածային հրթիռակոծություն տեղի ունեցավ երկրի կենտրոնում, որտեղ մոտ 3000 հայ է ապրում։ Մենք հայտնվեցինք ուժգին հրթիռակոծության տակ։ Հրթիռներ ընկան նույնիսկ երկրի կենտրոնում գտնվող ամենահայաշատ Պետախ Տիկվա քաղաքի վրա, որտեղ մոտ 1000 հայ է ապրում։ Հրթիռակոծության արդյունքում 6 հոգի վիրավորվել է։ Բարեբախտաբար, վիրավորների թվում հայեր չկան։ 

- «Հըզբոլլահ»-ը հայտնել էր, որ բարձր ճշգրտության հրթիռներ է արձակել Թել Ավիվում և մոտակայքում գտնվող երկու ռազմական օբյեկտների ուղղությամբ: Արդյոք այս տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, եթե այո, ի՞նչ հետևանքներ են ունեցել ռազմական օբյեկտների վրա հարվածները։

-Թել Ավիվի ռազմական բազաների վրա հարվածելու մասին չեմ կարող հաստատել, որովհետև երբ բազաներին հարվածում են, 1-2 օր անց ենք իմանում այդ մասին։ Ճիշտ է՝ գոյություն ունի ռազմական գրաքննություն, բայց գիտեք՝ մարդիկ փողոցում նկարում են և, անմիջապես, տելեգրամ ալիքներով կամ հեռուստատեսությամբ ցույց են տալիս։ Այնպես որ, եթե նման բան լիներ, հաստատ կիմանայինք, որ «Հըզբոլլահ»-ը Թել Ավիվում ռազմական բազաներ է խոցել։ Նրանք ամիսներ շարունակ փորձում են դա անել, բայց չի ստացվում։ Հիմնականում նրանք թիրախավորում են խաղաղ բնակչությանը։ Իսկ ավելի հաջող թիրախավորում են Իսրայելի ռազմաբազաները հյուսիսում, որոնք սահմանին ավելի մոտ են, և իրենց ԱԹՍ-ներով լավ տեղեկություններ ունեն, թե դրանք որտեղ են տեղակայված։ Սակայն այդ տեղեկություններն իմանալը դեռ չի նշանակում, որ նրանք խոցում են։ Մոտ հեռավորությունից փոքր տրամաչափի հրթիռներով հարվածում են անցնող տանկերին կամ ռուսական արտադրության «Կոռնետ» համակարգեր են օգտագործում։ Ինչ վերաբերում է ռազմաբազաների ճշգրիտ խոցումներին՝ «Հըզբոլլահ» մի անգամ է կարողացել այդպես հարվածել Դավիթ Բեն-Գուրիոնի օդանավակայանի վազքուղու կողքը։ Իսրայելը ոչնչացնում է նրանց հրթիռների 90%-ը, իսկ 80%-ով՝ ԱԹՍ-ները։

- Հավանական համարու՞մ եք, որ պատերազմն, ի վերջո, կդադարի։

- Այժմ, կարծես, ժամանակավոր հրադադար է։ Այսօր տագնապներ չեն եղել երկրի հյուսիսում։ Տպավորություն է, որ գնում է խաղաղության ժամանակավոր հաստատում։ Մշտական չէ, որովհետև ահաբեկիչների հետ պայմանագիր կնքելը համարում եմ սխալ, քանի որ այս մարդիկ երբեք իրենց խոսքի տերը չեն եղել։ Նշեմ, որ և «Հըզբոլլահը», և Իսրայելը ցանկանում են ստանալ այդ խաղաղությունը իրենց ձեռնտու պայմաններով։ Իհարկե, Իսրայելն ուժեղ կողմն է և երբեք չի զիջի «Հըզբոլլահ»-ին։ Տեղի տալով Ֆրանսիայի և ԱՄՆ հորդորներին՝ կգնան որոշակի զիջումների, բայց զորքերն առժամանակ դուրս չեն բերի Լիբանանից։

Հայկ Մագոյան