Radar Armenia-ի զրուցակիցը իրանագետ Տիգրան Դավուդյանն է։
- Էրդողանը հայտարարեց, որ Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործումը մեծացնում է միջուկային հակամարտության վտանգը։ Ձեր կարծիքով Ռուսաստանը կգնա՞ միջուկային զենքի կիրառմամբ հարցերի լուծման, թե՞ ոչ։
- Ես Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ծալքերին չեմ տիրապետում։ Լսելով փորձագետներին գիտեմ, որ Էրդողանից բացի այլ ղեկավարներ ևս մտահոգված են Ռուսաստան-Ուկրանիա լարվածություն սրացումից. Ռուսաստանը չի գնա միջուկային զենք օգտագործելու ընտրանքին։
- Ձեր տպավորությամբ Միացյալ Նահանգներին ձեռնտո՞ւ է, որ Ռուսաստանը անցնի միջուկային զենքի կիրառմանը՝ հաշվի առնելով դրա վտանգավորության մեծությունն ու հետևանքների անդառնալիությունը։ Եվ այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Բայդենի հայտնի դիրքորոշումը, որ թույլատրվում է հեռահար զենքերով խոցել ՌԴ-ն։
- Կարծում եմ ԱՄՆ-ն ևս չի ցանկանա, որպեսզի ՌԴ-ն իրագործի իր սպառնալիքը և Վաշինգտոնի համար դա ձեռնտու չէ։ Փորձագետներն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ն վերջապես ընթացք տվեց Ուկրաինայի խնդրանքին, քանի որ Մոսկվան պատերազմում ներգրավեց ավելի քան 15,000 հյուսիս-կորեացի զինվորների, նաև Սպիտակ տանն իրենց հաշված օրեր են մնացել։ Կա նաև կարծիք, որ Բայդենը՝ որպես գնացող նախագահ, իրավունք չուներ ԱՄՆ-ի, տարածաշրջանի և աշխարհի համար նման ճակատագրական որոշում կայացներ։
- Իրանը լինելով տարածաշրջանի խոշոր պետություններից մեկը, որքանո՞վ կարող է ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի բացառվի նման սցենարը։
- Իրանը թեկուզ տարածաշրջանի խոշոր պետություն է և Ուկրաինայի դեմ պատերազմում գործնականում և քարոզչությամբ օգնում է Ռուսաստանին, բայց չունի այն լծակները, որ կարողանա Պուտինին հետ պահել նման հավանական սցենարից։
- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Իրանի մայրաքաղաքը հարավ և ծով տեղափոխելու վերաբերյալ Իրանից հնչող հայտարարությունը։
- Իրանի մայրաքաղաքի տեղափոխման հարցը տարիներ է, որ քննարկվում է։ Թեհրանը հիմա ունի տաս միլիոնից ավել բնակիչ, չունի համապատասխան ենթակառուցվածքներ և քննարկվում է այլընտրանք։ Իրանն ունի մեծ փառք ու անցյալ ունեցող մայրաքաղաքներ, ինչպիսիք են Սպահանն ու Շիրազը։ Դեռևս վերջնական որոշում չկա, թե որ տարբերակն է ընտրվելու, բայց հաստատ ուղղությունը դեպի հարավ է լինելու։
Հայկ Մագոյան