Հարցազրույց

«9-րդ կետի շուրջ տարածաշրջանի ուժերը դեռ համաձայնության չեն եկել». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Գրոսին ժամանել է Իրան՝ պաշտոնյաների հետ բանակցելու: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այս այցը։

- ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի այցն Իրան դիտարժան է։ Արևմուտք-Իրան հարաբերությունների սառեցման, լարման կամ ապասառեցման ելևէջները այս հանգույցից են կախված։ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունն առ այն, որ Իրանը ՌԴ-ի դաշնակիցը չէ, ուղերձ է Արևմուտքին։ Իրանն այս կերպ ազդակ է հղում ԱՄՆ-ին, թե դրական է տրամադրված միջուկային գործարքին և ակնկալում է Իրանի ապարշրջափակմանը նպաստող ենթահողի ձևավորում։

- Այս այցից հետո երաշխիքների չլուծված հարցերի շուրջ առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ։

- Ընդհանուր միտումը կշարունակվի առանց բեկումների կամ կտրուկ շրջադարձերի։ Կլինեն կանգառներ, սակայն միտումը կշարունակվի։ Բանակցային նոր փուլ է, որը ներկա աշխարհակարգի ընդհանուր փիլիսոփայության պարունակում կտեղավորվի։

- Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Կազանում իր և Ալիևի շփումներին, հայտարարել է, որ այնտեղ տեղի ունեցած հաջորդ կարևոր իրադարձությունն այն էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող է լուծում լինել: Արդյոք Ադրբեջանը Հայաստանի առաջարկած մոտեցումներով կընդունի կոմունիկացիաների ապաշրջափակման առաջարկը։

- Բաքվի, այս դեպքում՝ նաև Անկարայի դիրքորոշումը առաջադրված միջանցքի կամ ապաշրջափակման նկատմամբ ելևէջներ է ապրում։ Խաղաղության նախագծից դուրս է բերվում միջանցքի կետը, առընթեր խոսվում է Նախիջևանի հետ կապը Իրանի վրայով կառուցելու մասին։ Հակասություններով լի պաշտոնական հայտարարություններ են։ Սակայն, կարծում եմ, ամբողջ մեխը Նախիջևան-Ադրբեջան կապի կարգավիճակին է վերաբերում։ Իսկ այստեղ արդեն պարզ է, որ այս նախագծի աշխատելը կախված չէ միայն Թուրքիայից և Ադրբեջանից, անգամ՝ ներառյալ ԱՄՆ-ից։

- Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել տարեվերջին։

- Չեմ կարծում, որ մինչև տարեվերջ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել գործընթացը՝ անվերջ նորացնելով իր նախապայմանները։ Հիմնական նախապայմանը շարունակում է մնալ իր կողմից առաջադրված միջանցքը, որի շուրջ տարածաշրջանում գլխավոր խաղացողների միջև տարաձայնություններ կան։ Չպետք է մոռանալ, որ «Նոյեմբերի 9»-ի 9-րդ կետը խոսում էր տարածաշրջանի ապաշրջափակման մասին․ իսկ տարածաշրջանում գլխավոր խաղացողները դեռևս համաձայնության չեն եկել։

Հայկ Մագոյան