Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։
- Այս օրերին Բաքվում անցկացվում է COP29-ը։ Հայաստանն, ըստ էության, չընդունեց Ադրբեջանի հրավերը։ Ինչպե՞ս կմեկնաբնանեք՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ այս որոշումը։ Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Բաքու չգնալու որոշումը, հատկապես, որ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագրի տեքստին կվերադառնան դեկտեմբերին։
-Իրավիճակը պետք է ստույգ գնահատել: Ոչ թե Հայաստանը մերժել է այս խորհրդաժողովին մասնակցության հրավերը, այլ Ադրբեջանը Հայաստանի մասնակցության համար անհրաժեշտ և բավարար նախապայմաններ չի ստեղծել:
- Տեսակետներ կան, որ COP29֊ից հետո Բաքուն ավելի է կոշտացնելու հռետորաբանությունը, և խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարն ավելի է մշուշվելու։ Ի՞նչ սպասել Ադրբեջանից COP29֊ից հետո։
- Ադրբեջանը վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնադրությունը: Կարծում եմ՝ տեսանելի ապագայում ևս մի հատվածում սահմանազատման գործընթաց է սկսվելու: Ցանկալի է, որ դա տեղի ունենա Սյունիքի հարավում:
- Արդյոք COP29֊ին չմասնակցելը նոր ռազմական գործողություններ սկսելու պատրվակ կարող է դառնալ Բաքվի ձեռքին։
- Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու ոչ մի հիմք և հիմնավորում չունի ու չի կարող ունենալ: Պետք է վերջ տալ այդ սպառնալիքի գեներացմանը, որը միայն Ադրբեջանի շահն է սպասարկում:
- ԱՄՆ նախագահական ընտրությունները և Թրամփի վերադարձը ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
- Թրամփը մեծ խոստումների գնով է նախագահ ընտրվել, և, կարծում եմ, կենտրոնանալու է ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման հնարավորությունների փնտրտուքի վրա: Բարդ է նաև Մերձավոր Արևելքում: Իմ տպավորությամբ՝ ԱՄՆ նոր վարչակազմը Հարավային Կովկասը դիտարկելու է որպես կա՛մ Արևելյան Եվրոպայի, կա՛մ Մերձավոր Արևելքի կցորդ-սուբռեգիոն:
Հայկ Մագոյան