Հարցազրույց

Որքանո՞վ է ճիշտ Հայաստանի չմասնակցելը COP29-ին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, Ադրբեջանում մեկնարկեց COP29-ի բացման արարողությունը։ Թեև ադրբեջանական կողմը միջոցառմանը մասնակցելու հրավեր ուղարկել է Հայաստանին, բայց մինչ այս պահը Հայաստանը չի մասնակցում միջազգային այս միջոցառմանը։ 

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի և «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

-Արդյոք քաղաքական առումով ճիշտ է, որ Հայաստանը չի մասնակցում COP29-ին։

Ռուբեն Մեհրաբյան․ - Այն իրավիճակում, որ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բանակցային գործընթացում, այո, շատ ճիշտ էր։ Սրանով Հայաստանն է ճնշում գործադրում Ադրբեջանի վրա այդ բանակցային գործընթացում։ Հայաստանը ցույց է տալիս, որ անբավարար իրավիճակ է, որպեսզի կարողանա մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցող միջազգային միջոցառմանը։ Իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը, փաստորեն, ասում է, որ հնարավոր չէ գնալ և մասնակցել։ Մանավանդ, երեկ եղավ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը խոսում է, որ հայերի և Հայաստանի համար այնտեղ անտանելի պայմանները պահպանվում են։

Սուրեն Սուրենյանց․ - Եթե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում վերջնական որոշում չկա, և, առավել ևս, եթե ռազմագերիների ազատ արձակման հարց չի լուծվում, մասնակցությունը դառնում է ինքնանպատակ և, նույնիսկ, վտանգավոր, որովհետև այդ դեպքում ստացվում է, որ հայկական կողմը ոչինչ չի ստանում, բայց լեգիտիմացնում է Բաքվի իշխող օրակարգը։ 

- Ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի՝ COP29-ին չմասնակցելը, հաշվի առնելով, որ կողմերն անընդհատ խոսում են խաղաղության օրակարգի մասին։

Ռուբեն Մեհրաբյան․-  Բացասական հետևանք չի ունենա։ Դրականն այն է, որ, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը կշարունակվի մինչև իր տրամաբանական ավարտը։ Թե մինչև երբ, պարզ չէ։ Ի վերջո, տեղի ունեցավ Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցը, որի ժամանակ ևս այս հարցերը արծարծվեցին։

Սուրեն Սուրենյանց․ - Երկու կողմն էլ անընդհատ խոսում է խաղաղության օրակարգի մասին, բայց կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը հարակից այնպիսի պահանջներ է դնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը գրեթե անհնար է դառնում։ Եթե ավելի կոնկրետ ասենք, դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի պահանջներ են դրվում։ Ընդ որում, բավականին կոշտ։ Կարծում եմ՝ COP29-ից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը ավելի է կոշտանալու, և այսպես, թե այնպես, խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրում չի էլ կանխատեսվում։

Հայկ Մագոյան