Հարցազրույց

«Ներկա աշխարհակարգում դերերի կտրուկ շրջադարձային փոփոխություններ տեսանելի չեն». Գանտահարյան

Radar Armania-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հաղթանակը, ի՞նչ գործոնների շնորհիվ ԱՄՆ նախկին նախագահին հաջողվեց վերադառնալ իշխանության։

- Կարծում եմ՝ մի շարք հանգամանքներ կան, որոնցով բացատրվում է Թրամփի հաղթանակը։ Շատ ընդհանուր եթե շրջագծենք, ներքին առումով հիմնականը տնտեսական իրավիճակի բարելավման հեռանկարը, իսկ արտաքին՝ պատերազմներին վերջ տալու առաջադրանքները։ Իհարկե, դեմոկրատների մարտավարական սխալները, ծայրահեղ ազատականության դրսևորումները, սոցիալ-հասարակական խնդիրներն, էմիգրանտների հոսքը, այս բոլորը կուտակեցին դժգոհությունների ալիքը։ Չի բացառվում, որ Թրամփի ուղղությամբ իրականացված մահափորձը ևս ազդել է ընտրազանգվածի վրա։ Պահպանողական արժեքների վերադարձի խոստումը ներգրավել է ամերիկյան խավերին։ Թրամփի ընտրարշավի խմբին հաջողվել է նաև իսրայելյան լոբբիի և արաբական ծագումով հասարակության վրա ազդել։

- Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո կարելի՞ է ակնկալել, որ Թրամփը քայլեր կձեռնարկի՝ կանգնեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը։

- Ըստ նախընտրական խոստումների՝ դիրքորոշում կա աշխատել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Սա կապվում է նաև ներքին տնտեսության վերականգնման քաղաքականության հետ։ Կլինեն որոշակի նախաձեռնություններ, ոճային փոփոխություններ, բայց դեռևս վաղ է արձանագրել, որ պատերազմի դադարեցում կլինի։

- Ինչ սպասել Թրամփի ընտրությունից հետո իսրայելապաղեստինյան հակամարտության հարցում, նաև՝ Իրան-Իսրայել հարաբերություններում։

- Այստեղ ևս խոսվում է շտապ պատերազմական գործողությունների դադարեցման մասին։ Իրանի ուղղությամբ ազդակներ են հղվում միջուկայինի շուրջ գործարքներ կնքելու և միջինարևելյան գործընթացները դեպի խաղաղություն առաջնորդելու։ Թրամփի խորհրդականը հայտարարել է, որ տարբեր պատվիրակներ են նշանակվելու Լիբանան-Իսրայել հակամարտության լուծման բանակցություններ մեկնարկելու համար։ Դրական լիցքեր հաղորդելու միտումներ կան, որոնք առայժմ դեկլարատիվ բնույթ ունեն։ Թրամփն իր պաշտոնավարությունը կստանձնի հունվարի կեսերին․մինչ այդ ստատուս քվոն կշարունակվի։

- Բնականաբար, մեզ հետաքրքրում է նաև Հարավային Կովկասի ճակատագիրը. ի՞նչ զարգացումներ սպասենք։ ԱՄՆ-ն ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա․ նկատի ունեմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, նաև՝ ուղիների ապաշրջափակման հարցը, և այլն։ Կծախսի՞ ռեսուրսներ, թե՞, այնուամենայնիվ, սա իրենց հետաքրքիր չէ։

- Տարածաշրջանում աշխարհաքաղաքական քարտեզն արդեն փոխվել է։ ՆԱՏՕ-ն թակում է Ռուսաստանի սահմանները։ Այս առումով հետքայլ կամ ՆԱՏՕ-ի դիրքերի նահանջ տեսանելի չէ։ Սա ենթադրում է, որ հավաքական Արևմուտքի աշխարհաքաղաքականության մասին է խոսքը առավել, քան առանձին ԱՄՆ-ի։ Բայց, միաժամանակ, պետք է արձանագրել, որ հավաքական Արևմուտքում եղանակ թելադրողը հիմնականում Վաշինգտոնն է, որի աշխարհաքաղաքականության որոշման հիմքում կանգնած են ԱՄՆ անվտանգային, պաշտպանական․ հետախուզական համակարգերը, որոնք միայն նախագահի անձով չեն պայմանավորվում։ Ուզում եմ ասել, որ նախաձեռնություններ կլինեն, բանակցությունները, գուցե, ակտիվանան, մարտավարական փոփոխություններ անգամ նկատվեն, կանգառներ գրանցվեն, սակայն ընդհանուր գործընթացներում շրջադարձային կտրուկ երևույթներ, չեմ կարծում, թե կայանան։

- Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունները՝ հիմա ի՞նչ ուղղությամբ կընթանանք՝ միաբևե՞ռ աշխարհակարգի, թե՞ բազմաբևեռ, ԱՄՆ-ն այս հարցում ի՞նչ դիրքորոշում կունենա։

- Բազմաբևեռայնությունը տարբեր հղանցքներ ունի։ Եթե տնտեսական հարթության վրա դիտարկենք, ապա այո, աշխարհակարգը դառնում է բազմաբևեռ։ Բայց դեռևս Չինաստանն, օրինակ, տնտեսականից ռազմաքաղաքականի անցում չի արել։ Եթե խոսում ենք տեխնոլոգիաների մասին, այստեղ ևս բազմաբևեռայնություն նկատվում է, հատկապես, եթե նկատի ունենանք նոր աշխարհակարգում ՏՏ ոլորտի զարգացող դերն ու տեղը։ Եթե զուտ ռազմաքաղաքականության մասին է խոսքը, կարծում եմ՝ այստեղ ԱՄՆ-ի գերակայությունը վիճարկելի չէ, որքան էլ աշխարհը դիտարկի ռազմարդյունաբերության սուր մրցապայքարները։ Միաբևեռություն հասկացությունն ինքնին վերափոխվում է։ Մեզ շահագրգռող ուղղությունների վրա՝ Ուկրաինա, Միջին Արևելք, Հարավային Կովկաս կամ, անգամ, ԵՄ, ԱՄՆ-ն շարունակում է իր ձեռքում պահել գլխավոր խաղացողի, երաշխավորի կամ ռազմախաղերի մրցավարի հանգամանքը։ Այս իրականության շրջածիրում պիտի դիտարկել տարածաշրջաններում ստատուս-քվոների, սառեցումների, թեժացումների, դեպի խաղաղություն կամ դեպի լարվածություն ընթացքների ոչ միայն շարժառիթները, այլև ողջ փիլիսոփայությունը։

 Հայկ Մագոյան