Հարցազրույց

«Շատ բան կախված է՝ ինչպիսին կլինի Թրամփի վարչակազմի մոտեցումը «միջին միջանցքի» վերաբերյալ». Բադալյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է

- Հիմա, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, ինչպե՞ս կզարգանան ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները։

- Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո ինչպիսին կլինի Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերության դինամիկան, պետք է գնահատել՝ ելնելով, թե այդ հարաբերությունն ինչպիսին կլինի գալիք երկուսուկես ամսվա ընթացքում, որը, փաստորեն, լինելու է իշխանության փոփանցման ժամանակաշրջանը, և Թրամփը պաշտոնամուտը արձանագրելու է 2025թ. հունվարից։ Եվ շատ էական է, թե այդ ընթացքում ինչպիսի իրադարձություններ կլինեն ռուս-ամերիկյան հարաբերության տիրույթում, որովհետև դրանք կարող են զգալիորեն կանխորոշել արդեն Թրամփի անմիջական նախագահության շրջանում որևէ ուղղությամբ զարգացումը։

Ես ինչու եմ հատանշական համարում երկուսուկես ամիսը, որովհետև, հաշվի առնելով այն իսկապես աննախադեպ սուր դիմակայությունը, որ կար Միացյալ Նահանգներում, կարծում եմ՝ հարցի իրավունք է ստանում հանգամանքը, թե ինչպիսին կլինի իշխանության փոխանցումը։ Օրինակ, շատ էր խոսվում Միացյալ Նահանգներում ետընտրական հնարավոր զարգացումների մասին։ Ըստ իս, այստեղ շատ իրական է, որ այդ զարգացումները պետք չէ պատկերացնել մեզ ծանոթ դասական ետընտրական զանգվածային սցենարներով։ Դրանք կարող են ունեալ ետնաբեմային և միջազգային ասպարեզում որոշակի դրսևորումներ։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է, թե դեմոկրատական վարչակազմը որքան սահուն կփոխանցի իշխանությունը Թրամփին՝ թե ներքին, թե արտաքին միջավայրի առումով։ Սրանք էական գործոններ են, որոնք աշխարհաքաղաքականության շատ զգայուն ժամանակաշրջանում կանխորոշելու են Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունը Թրամփի նախագահության շրջանում։

- ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն ի՞նչ ազդեցություն կունենան Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

-Ռուս-ամերիկյան հարաբերությունը Կովկասի վրա կունենա իր ազդեցությունը, և անկախ նրանից, թե ինչպես կզարգանա դա, ու ինչպիսին կլինի Թրամփի նախագահության շրջանում Միացյալ Նահանգներ-Ռուսաստան փոխհարաբերության մակարդակը։ Համենայնդեպս, տեսանելի ապագայում դրա հիմնարար փոփոխություն հազիվ թե լինի, հետևաբար, այս առումով մենք կարող ենք խոսել այն մասին, թե արդյոք Նահանգները տակտիկական տեսանկյունից չի թուլացնի Կովկասի ուղղությամբ ակտիվությունը և չի հրաժարվի Կովկասը Ռուսատանի հանդեպ ճնշման հարթակ դիտարկելուց, այդ թվում՝ իր անմիջական ակտիվ մասնակցությամբ։ 

Ջո Բայդենի նամակները Ալիևին և Փաշինյանին, որտեղ նա առաջարկում էր շուտափույթ համաձայնություն խաղաղության պայմանագրի հարցում, կարծես թե, վերջին փորձն էր պասիվության հավանականության շրջանից առաջ արձանագրել ինչ-որ  փոփոխություն։ Համենայնդեպս, թողնում էր այդ տպավորությունը։ Թրամփի համար առավել առաջնահերթ կլինի մերձավորարևելյան իրավիճակը, թեպետ այստեղ էլ ամերիկյան քաղաքականությունը և, ընդհանրապես, քաղաքական վիճակը էական ազդեցություն է ունենալու Կովկասի վրա։ Բայց կրկնեմ՝ տակտիկական իմաստով մեծ է հավանականությունը, որ Թրամփի վարչակազմը չի ցուցաբերի այն ակտիվությունը, որ տեսանք Բայդենի վարչակազմի շրջանում՝ ընդհուպ պետքարտուղար Բլինքենի ակտիվ ներգրավվածությամբ։ Թեև այդ ակտիվությունը փուլային էր, և մենք չենք տեսել, որ այն դրսևորվել է այսպես 4 տարի շարունակ։

Այն ունեցել է զիգզագաձև ընթացք՝ ակտիվ շրջան, հետո որոշակի պասիվ շրջան, բայց Թրամփի նախագահության շրջանում ավելի հավանական դիտվում է հարաբերական պասիվությունը Կովկասի հարցում։ Թրամփը թերևս կկենտրոնանա ավելի շուտ Չինաստանին զսպելու և առավել ասիա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնի ուղղությամբ։ Շատ բան կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի Թրամփի վարչակազմի մոտեցումը «միջին միջանցք» ասվածի վերաբերյալ։ Եվ արդյոք Թրամփը կունենա այլ պատկերացումներ այդ կապակցությամբ, թե այն, ինչ հնչեցրել էր Բայդենի վարչակազմը, որ Նահանգների համար առաջնահերթություն է այդ միջանքը, Թրամփը ևս կհամարի առաջնահերթություն՝ պարզապես դրա ուղղությամբ աշխատանքը տանելով տակտիկապես այլ դրսևորումներով։ 

Հայկ Մագոյան