Հարցազրույց

«ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականությունը պայմանավորված չէ թեկնածուների անձով». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Նոյեմբերի 5-ին տեղի կունենա ԱՄՆ 47-րդ նախագահի ընտրությունը։ Հաշվի առնելով վերջին շրջանի քարոզարշավը, հարցումները՝ ի՞նչ տպավորություն ունեք․ Հա՞րիսը հաղթանակ կտանի, թե՞ Թրամփը։

- Կանխատեսումնային հարցախույզերի արդյունքները խոսում են այն մասին, որ բևեռացած մրցապայքար է, և թեկնածուները փոքրաթիվ միավորներով զիջում են մեկը մյուսին։ Այդ թվերը խոսում են արդյունքի անկանխատեսելիության մասին։ Չմոռանանք, որ ամերիկյան ընտրակարգը կոլեգիալ դրույթ ունի, և քաղաքացիների քվեի ու նահանգների ընտրիչների գործոնների թվաբանությունը այլ կանոններով է հաշվարկվում։ 

- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հույս ունի, որ հաղթանակ է տանելու Թրամփը։ Աշխարհաքաղաքական ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել Թրամփի ընտրվելու պարագայում։

- Կարծում եմ՝ ԱՄՆ-ի վարած աշխարհաքաղաքականությունը թեկնածուներով կամ հանրապետական-դեմոկրատ տարբերությամբ չի պայմանավորվում։ Դրանք կարող են ազդել տնտեսական, սոցիալական, հարկային, սեռային իրավահավասարության, կրթական և օրենսդրական խնդիրների, բայց ոչ՝ հիմնական արտաքին ռազմաքաղաքականության վրա։ ԱՄՆ պաշտպանական համակարգի հրապարակած հայեցակարգերը քսան տարվա կտրվածքով են։ Աշխարհաքաղաքականությունը որշվում է այլ կենտրոններում, ինստիտուտներում, որն է ազգային անվտանգության խորհուրդը, վարչակազմը, պաշտպանական համակարգը կամ էլ  ուժային-որոշիչ հաստատությունների միացյալ համակարգը։ Իսկ ընդհանուր միտումի բանաձևը՝ ՌԴ-ի դեմ դիրքերի խստացում, Միջին Արևելքում քաղաքական քարտեզափոխում և Չինաստանի հետ տեղ-տեղ լուռ, տեղ-տեղ սուր մրցակցություններ։

- Ձեր կարծիքով՝ Քամալա Հարիսի ընտրվելու պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և կայուն անվտանգությունը երաշխավորվա՞ծ կլինի։ Ըստ Ձեզ՝ թեկնածուներից ո՞րն է Հայաստանի համար շահեկան։

- Հարիս, թե Թրամփ, կարծում եմ՝ նկատի պետք է ունենալ այն, որ ԱՄՆ-ն շարունակելու է Հվ․ Կովկասից ռուսական գործոնի դուրսմղման իր վարքագիծը։ Իսկ սա իր ազդեցությունը կունենա Հայաստանի վրա։ Սա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գերակա ուղղություն է և պայմանավորված չէ նախագահի անձով կամ հանրապետական-դեմոկրատ իշխանությամբ։ Նկատենք այստեղ, որ Թրամփը, խոսելով Արցախի մասին, քննադատեց իր մրցակցին քրիստոնյա բնակչության դեմ ցեղային զտումն արտոնելու համար, մինչ Հարիսը առաջադրեց Արցախի ժողովրդի իրավունքի վերադարձը։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն չմիջամտեց Արցախի հայաթափման գործողություններին, սակայն հիմա խոստանում է զորակցել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին։ Եվ, այս դեպքում, Արցախի ժողովրդի վերադարձը պայմանավորվում է միջազգային նոր երաշխիքների տեղակայումով, ինչը ենթադրում է ռուսական գործոնի հակակշռում տարածաշրջանում։

- Ձեր կարծիքով՝ հայկական կողմը պե՞տք է ընդունի Բաքվում COP29-ի միջոցառմանը մասնակցելու հրավերը, և ի՞նչ կտա այն հարաբերությունների կարգավորման գործընթացին։

- Նման պայմաններում հայկական կողմի մասնակցությունը կարդարանա, եթե Ադրբեջանը ազատ արձակի գերիներին, պահվող անձանց և ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այլապես սատարած կլինի Ադրբեջանի՝ նման միջազգային համաժողով հյուրընկալելու քաղաքականությանը, ոչինչ ստանալով։

Հայկ Մագոյան