Հարցազրույց

«Այդ դեպքում Հայաստանը կհայտնվի աքցանի մեջ և ստպված կլինի փոխել իր ուղենիշերը». Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է

- Վրաստանում տեղի ունեցած խորհրդարական ընտրությունների ընթացքն ու արդյունքները ինչի՞ մասին են վկայում։

- Վրաստանում տեղի ունեցած խարհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները վկայում են վրաց քաղաքական ընտրանու և վրաց ժողովրդի հասունության մասին, պետական ազգ լինելու մասին։

- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե Եվրամիությունում ինտեգրումը մնում է Վրաստանի գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը առաջիկա տարիների համար։ Արդյո՞ք այս ընտրությունները խոչընդոտ կարող են հանդիսանալ ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին։

- Ամենևին չի ստել Վրաստանի վարչապետը։ Խնդիրն այստեղ ինտեգրման ոլորտների, աստիճանի և արագությունների մասին է։ Ես լսեցի Վրաստանի վարչապետի հասուն հարցազրույցը «Եվրոնյուզին». ուղղակի հիացրեց ինտեգրում ասվածի և քաղաքակրթական հատույթի՝ նրա խորն ընկալումը։ Բացառված է, որ այս ընտրությունների արդյունքները թեկուզ փոքր-ինչ խոչընդոտ հանդիսանան ինտեգրման այն ճանապարհի և բովանդակության համար, որ ընկալում է քաղաքականությունից հասկացող ցանկացած մեկը։ Վրաստանը հաջողությամբ լուծում է որպես պետության՝ իր կարգաբանական աստիճանի խնդիրը, կարգավիճակի խնդիրը։

- Ի՞նչ ազդեցություն են թողնում Վրաստանում խորհրդարանական ընտրությունները Հայաստանի վրա՝ ԵՄ-ին ինտեգրվելու համատեքստում։

- Եթե մերոնք արկածախնդրությունների չգնան, ապա ազդեցությունը միանգամայն դրական կարող է լինել՝ հավասարակշիռ դատումների և գեներացումների մասով։ Աստվածաշնչում ասվում է. «Կա քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ և ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ»։ Վրացիները հասկացել են, և լավ կլիներ՝ մենք էլ հասկանայինք, որ մենք Եվրոպային պակաս պետք չենք, քան Եվրոպան մեզ. հակառակ պարագան բելոռուս խեղկատակ դիկտատորի ասածն է, թե իբր Հայաստանը ոչ մեկին պետք չէ։

- Արդյո՞ք ուռճացված չեն այն պնդումները, թե Հայաստանի ԵՄ գնալու ճանապարհը ավելի դյուրին կլիներ, թե Վրաստանում հաղթեր ընդդիմությունը։

-  Իհարկե, ուռճացված են, միանգամայն ճիշտ եք։ Վրաստանը, հնարավորինի սահմանները չխախտելով, գնում է ներքին արևմտականացման ճանապարհով։ Թե Վրաստանը կամ Հայաստանը ե՛րբ և ի՛նչ ճանապարհով կլինեն քաղաքակրթական Եվրոպայի մաս, հիմնականում կախված է նոր աշխարհակարգի համար մղվող ներկա համաշխարհային պայքարում հաստատվելիք կանոններից, և ոչ երբեք Վրաստանի կամ Հայաստանի՝ առաջապահ ինքնասպանի խելագարության աստիճանից։

-  Արդյո՞ք Միացյալ Նահանգները և ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառեն Վրաստանի նկատմամբ, և նման սցենարն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա։

-  Չեն բացառվում հավուր պատշաճի՝ կոսմետիկ ու հույժ ձևական պատժամիջոցները, որոնք կարճ ժամանակում կշրջանցվեն, ինչպես Ռուսաստանի դեմ վառելիքաէներգետիկ պատժամիջոցները հաջողությամբ շրջանցվում են Բաքվի և Անկարայի միջոցով։ Այնպես որ, խիստ և ըստ էության պատժամիջոցների սցենարը գրեթե լիովին բացառվում է։ Միակ անհանգստացնողն այն է, որ միանգամայն այլ ուժեր կարող են քաոսային վիճակ ստեղծել Վրաստանում, որը չափազանց վատ կանդրադառնա Հայաստանի վրա, մենք դա տեսել ենք 1990-ականների առաջին կեսին։ Այդ դեպքում Հայաստանը կհայտնվի աքցանի մեջ և ստպված կլինի փոխել իր ուղենիշերը։

Հայկ Մագոյան