Հարցազրույց

«Հնարավոր է՝ Վրաստանի ընտրությունների արդյունքները Հայաստանում թեժացնեն մրցապայքարը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է

- Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանում տիրող իրավիճակը խորհրդարանական ընտրություններից առաջ, ի՞նչ կանխատեսումներ ունեք ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

- Դժվար է հստակ կանխատեսումներ անելը, որովհետև առարկայական հարցախույզների տվյալներ չկան։ Տպավորություն է, որ մոտ են մրցակից ուժերը։ Տպավորիչ են զանգվածային հավաքները՝ դեպի ԵՄ ուղին շարունակելու։ Սակայն քվեարկության արդյունքները հանրահավաքների քանակով չեն որոշվում։

- Ձեր կարծիքով՝ եթե Վրաստանի ընդդիմությունը հաղթանակ չտանի, և գործող իշխանությունը շարունակի կառավարել երկիրը, ի՞նչ զարգացումներ կարող են լինել տարածաշրջանում։

- Չեմ կարծում, որ կտրուկ բեկումնային փոփոխություններ կլինեն։ Գեթ որոշ ժամանակի համար կլինի այն իրավիճակը, որն այժմ կա։ Սակայն արդյունքից կախված է այն՝ 3+3-ը լիարժեք կաշխատի՞, թե՞ ոչ։ Եթե անգամ խորհրդարանական մեծամասնությունը վերակայանա, չեմ կարծում, որ Արևմուտքը կհրաժարվի Վրաստանում ազդեցության գոտիներ ձևավորելու մտադրությունից։

- Արդյոք ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար կարևոր նշանակություն ունի այս ընտրությունները․ եթե այո, ինչու։

- 3+3-ի մասով՝ այո։ Եթե եվրոպամետները շահեն, այդ միտումն, իբրև ընդհանուր գնացք, կարող է ընթանալ դեպի մեզ։  Հակառակ դեպքում, մեր երկրում ավելի սուր մրցապայքարի տեսք կստանա երկու ուղղությունների պայքարը։

- Դեպի ԵՄ ու վիզայի ազատականացման ճանապարհին որքանո՞վ է խոչընդոտ Հայաստանի՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը։

- Փաստորեն, վիզաների ազատականացման գործընթացն սկսել է՝ առանց ՀԱՊԿ-ից դուրս գալը, որպես նախապայման, առաջ քաշելու։ Չմոռանանք, որ մեր անդամակցությունը դե ֆակտո սառեցվել է այդ կառույցին։ Այս խնդիրը կարելի է ավելի հստակ դիտարկել Վրաստանի ընտրությունների արդյունքների՝ Հայաստանում գրանցվելիք ազդեցությունների շրջանակներում։

Հայկ Մագոյան