Հարցազրույց

«3+2-ի վերափոխումը 3+3-ի Վրաստանի ընտրությունների արդյունքից է կախված». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է

- Ստամբուլում 3+3 ֆորմատով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը ի՞նչ նշանակություն և ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։

- Նախ պիտի ճշտել, որ 3+3-ը չի աշխատում։ Ըստ էության, 3+2-ն է աշխատում։ Վրաստանը Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով չի միանում։ Հակառակ դրան՝ ձևաչափը շարունակում են ձևակերպել իբրև 3+3։ Հրապարակված նյութերը շատ ընդհանուր են՝ երկխոսություն, տարածաշրջանի խնդիրներ, և այլն։ Մեր մասով այս շրջանակներում  Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Ուշագրավ է ՀՀ արտգործնախարարի մեկնաբանությունն առ այն, որ  Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին, անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև։ Սակայն, կարծում եմ, այս նախագծերը չեն աշխատելու մինչև Ադրբեջանի հետ համաձայնությունը, որի ուղղությամբ Բաքուն տորպեդահարում է գործընթացը։

- Հաշվի առնելով իրանաիսրայելական հակամարտության ներկա դրությունը՝ ռազմական գործողությունների՝ Հվ․ Կովկաս հասնելու հավանականություն այս պահին կա՞։

- Հարավային Կովկասում ավելի շուտ ստատուս քվոյի միտումներն են տեսանելի։ 3+3-ի փորձերը տարածաշրջանի կայունացման են ձգտում՝ ներառելով գլխավոր խաղացողներին։ Չեմ կարծում, որ դա ամբողջովին Արևմուտքի դուրսմղումն է, որովհետև Թուրքիան Արևմուտքից տարանջատելը իրատեսական չէ։ Վրաստանի ընտրությունների արդյունքներից է կախված 3+2-ը 3+3-ի վերածելը։

- Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը գնահատում է շատ բարձր, ու տարածաշրջանը պետք է պատրաստ լինի դրան։ Ի՞նչ նկատի ունի Ֆիդանը ձևակերպման վերջին մասով։

- Ֆիդանն ուզում է ասել, որ եթե դիվանագիտությունը չաշխատի, տարածաշրջանը կարող է գնալ ընդհանուր պատերազմի։ Դա ինքնաառաջադրանք է՝ միջնորդելու և դեր վերցնելու հանգուցալուծմանը։ Իսկ այս ինքնաառաջադրանքը ավելի թատերական է դարձնում Անկարայի մեղադրական հռետորաբանությունը Թել Ավիվին։ Չմոռանանք, որ Իսրայելը պատասխանեց, որ իրենք խնդիր չունեն Թուրքիայի հետ։ Առ այս պահը Թուրքիա-Իսրայել տարբեր ոլորտների պայմանավորվածություններն աշխատում են։

- Բայդենն էլ հայտարարել է, որ ժամանակն է առաջ շարժվել դեպի Գազայի հրադադարի հաստատում, վերջ դնել այս պատերազմին և պատանդներին տուն վերադարձնել։ Ձեր կարծիքով՝ պատերազմի դադարեցման հավանականություն կա՞ Գազայի հատվածում։

- Հիմա պատերազմական գործողությունների հարացույցը փոխվել է։ Նախապես հարավային Լիբանանը ածանցյալ էր Գազային։ Հիմա պատերազմի էպիկենտրոնը Լիբանանն է, իսկ Գազան՝ ածանցյալ։ Հրադադարը պիտի լինի փաթեթային՝ ներառյալ բոլոր պրոքսիները։ Իսկ այս պահի դրությամբ դա դեռևս տեսանելի չէ։

 Հայկ Մագոյան