Radar Armenia-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է
-Սեպտեմբերի 9-ից պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսությունը։ Որքանո՞վ է իրատեսական այս գործընթացի հաջողությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ պետություն է։
-Հարցի մեխը «գործընթաց» հասկացությունն է: Վիզաների ազատականացման համար հարկավոր են բարեփոխումներ՝ այն պայմանների ստեղծումը, որ արդեն իսկ կան ԵՄ-ում: Իսկ այդ բարեփոխումները ոչ միայն ԵԱՏՄ-ին, ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին են առնչվում: Օրինակ, նույնականացման քարտերի, բժշկական ապահովագրության առկայությունը, սահմաններին Հայաստանի սահմանապահների ներկայությունը:
Բուն խնդիրը Հայաստանի, իբրև պետության, նպատակն է՝ ի՞նչ ենք ուզում ու ինչպե՞ս ենք պատկերացնում պետության անվտանգությունը, տնտեսության զարգացումը, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, ժողովրդագրական անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: Վիզաների ազատականացման գործընթացի սկիզբը ԵՄ-ի՝ դեպի ՀՀ ձեռնարկած քայլերից միայն մեկն է: Եթե իսկապես մեր խնդիրը պետության անվտանգությունն ու զարգացումն է, ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում մենք վաղուց անելիք չունենք՝ այդ կառույցներն իրենք են դա ապացուցել, իսկ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալու նախադրյալներ ստեղծել՝ ապահովելով անցնցում անցումը:
Հայաստանում վաղուց պետք է վերացած լինեին ՌԴ տնտեսական մոնոպոլիաները, որ չի արվել ու չի արվում: Բայց ամենակարևորը հոգեբանական փոփոխություններն են․ մենք պետք է ընկալենք, որ ԵԱՏՄ-ում տնտեսավարման սկզբունքները զարգացման հեռանկարներ չունեն, սոսկ հնարավորություն են գոյատևելու՝ ցանկացած պահի քաղաքական որոշումների սպառնալիքի տակ․ Լարսը կփակվի, գազը կփակվի, մեր ապրանքների մեջ ինչ ասես կգտնվի… Եվրոստանդարտներից ու ԵՄ շուկայի մրցակցությունից վախենալու փոխարեն պետք է պետությունն ու բիզնեսը համատեղ լուծեն տնտեսության կառուցվածքի փոփոխության, նոր լոգիստիկայի, ԵՄ շուկայում գործող ստանդարտներին հայկական ապրանքների համապատասխանեցման խնդիրները, ինչը նույնպես չի արվում:
- Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը իրականացնի բոլոր բարեփոխումները, որոնք նախանշում է ԵՄ-ը, շարունակի մնալ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, բայց դեպի Եվրոպա առանց մուտքի արտոնագրի թույլտվություն ստանա։
- Հայաստանի բնականոն զարգացումն է հանգեցնելու ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ոչ թե ԵՄ վիզաների ազատականացմանը խոչընդոտելը: ԵՄ-ն իր անդամների համար ապահովում է անվտանգություն, բարեկեցություն, կայունություն ու զարգացում՝ առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով:
Մենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն ունենք՝ քաղաքական, ռազմական, իրավական, կրթական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական: Սա մեկ օրում լուծելու խնդիր չէ, ոչ էլ կապված է վիզաների ազատականացման հետ միայն: Պետական երկարաժամկետ ծրագրերի հիմքում պետք է լինի ինքնիշխանության ամրապնդումը և այդ խնդրի լուծման համար նախադրյալների ստեղծումը: Իսկ նախադրյալներից մեկն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ փոխշահավետ համագործակցության իրական հիմքերի ստեղծումն է՝ շահերի համադրության առանցքի վրա: Եվ եթե մենք իրոք ՀՀ քաղաքականության հիմքում դնում ենք ինքնիշխանության ամրապնդումը, ժողովրդավարության զարգացումը, համակարգային փոփոխությունները, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը դառնում է անխուսափելի, որովհետև այդ կառույցները երբևէ իրենց կանոնադրական նպատակներին չեն ծառայել, եղել և մնում են արհեստածին, սոսկ քաղաքական խնդիրներ լուծող ու որևէ պետության համար չեն ապահովում իր կենսական խնդիրների լուծման հնարավորություններ, բացի ՌԴ-ից: Ուստի հնարավո՞ր է՝ Հայաստանը իրականացնի բոլոր բարեփոխումները, որոնք նախանշում է ԵՄ-ն, շարունակի մնալ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, բայց դեպի Եվրոպա առանց մուտքի արտոնագրի թույլտվություն ստանա․ նման հարց իրականում գոյություն չունի։ Եթե Հայաստանը իրականացնում է իրեն անհրաժեշտ բարեփոխումները, այդ կառույցներից ինքնին ձերբազատվում է՝ որպես իր զարգացումը կաշկանդող ու արգելակող, և շարունակում բնականոն ընթացքը դեպի ԵՄ ու Արևմուտք: Աշխարհաքաղաքական իրադարձությունները, 2020-ի պատերազմն ու Արցախի հայաթափումը այլ ելք չեն թողնում: Ժամանակն է հասկանալ՝ որտեղ ու ովքեր են իրական դաշնակիցներդ և համատեղ առաջ գնալ:
Հայկ Մագոյան