Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։
- Ինչպե՞ս եք մեկնաբանում պարոն Քյարամյանի պահվածքը, ի՞նչը Ձեզ այդքան վրդովեցրեց, որ նման թեժ խոսակցության վերածվեց հարցուպատասխանը։
- Ինձ վրդովեցրեց այն հանգամանքը, որ պարոն Քյարամյանը, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքով, որպես բարձրաստիճան պաշտոնյա, չպետք է այդպիսի պահվածք ցույլ տար Ազգային ժողովում։ Դա է ինձ վրդովեցրել՝ որպես օրենսդիր մարմնի անդամի։
- Կատարվածն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, հնարավո՞ր է՝ պաշտոնանկության գործընթաց սկսվի։
- Ես չեմ կարող այդպիսի գնահատականներ տալ։ Երևի այն մարմինները, որոնք կոչված են նմանատիպ իրավիճակները վերլուծել, կվերլուծեն, ինչ-որ եզրահանգումների կգան։ Մենք ունենք կուսակցական մարմին, այդպիսի մարմին կառավարությունն ունի։ Ես ինքս ոչ այնտեղ, ոչ այնտեղ մասնակցություն չունեմ։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որևէ գնահատական տվե՞լ է կատարվածին։
- Վստահ եմ, որ տեղյակ է, բայց գնահատականի մասին հրապարակային որևէ բան չկա։ Իսկ դեպքից հետո նրա հետ շփվելու առիթ չենք ունեցել։
- Այսինքն, ստացվում է՝ պարոն Քյարամյանի վարքը չի՞ համապատասխանում ուժային կառույցի ղեկավարի վարքագծին։
- Չէ, դա դնենք մի կողմ։ Ասենք՝ դա որպես հետևություն կարել է անել։ Նորից եմ ասում, որ, իմ կարծիքով, պարոն Քյարամյանի պահվածքը այդ կարգի, այդ ռանգի պաշտոնյային հարիր պահվածք չէր ԱԺ-ում։ Թեկուզ իրեն ինչ-որ մեկը սադրել է, ինչ-որ ռեպլիկ է եղել, միևնույն է՝ ինքը պետք է գտնվեր իր բարձրության վրա, որովհետև հարց է առաջանում, եթե գերատեսչության ղեկավարը կարող է այդպես խոսել խորհրդարանում, շարքային քաղաքացիների՞ հետ ոնց կխոսեն։
Հայկ Մագոյան