Հարցազրույց

«ԱՄՆ-ն Իսրայելին հորդորում է չխփել Իրանի միջուկային և ուժանյութային օբյեկտներին». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- 2025թ․ հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան սահմանի հսկիչ-անցագրային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Այս փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրական հարաբերությունների վրա, և, առհասարակ, որքանով է Իրանի համար ձեռնտու սա։

- Կարծում եմ՝ իրանյան հայեցակետից դրական է։ Սյունիքում միայն հայկական ուժեր լինելու առաջադրանքը բխում է իրանական շահերից։ Այս համատեքստում էլ պիտի ընկալել Թեհրանի վճռականությունը՝ չհանդուրժել Հայաստանի հետ իր սահմանային կարգավիճակի որևէ փոփոխություն։ Սյունիքը Իրանի ամենաապահով կետն է շրջափակման համար։ Ուրեմն, իրանյան հայեցակետից հայկականից բացի որևէ այլ ուժի առկայությունը հաշտ չի ընկալվի։

- Իսրայելական ուժերը ռմբակոծում են Բեյրութը։ «Հըզբոլլահի» ղեկավարությունը շարունակում է Իսրայելի թիրախում լինել։ Ձեր կարծիքով՝ Իսրայելը ո՞ր պարագայում ուղիղ կհարվածի Իրանին։

- Իսրայելը արդեն հարվածել է Իրանին։ Պրոքսիից ուղիղ տարածքայինի անցում արել են հակամարտող կողմերը։ Չի բացառվում, որ դարձյալ հարվածի՝ ասելով, որ պատասխանում է Իրանի կողմից իր տարածքների ուղղությամբ արձակված հրթիռներին։ Ամբողջ խնդիրը վերաբերում է հակադարձության ձևաչափին, տարողությանն ու թիրախայնությանը։ Առ այս պահը ճիգ կա, որ հակադարձությունը լինի այնպես, որ գործողությունները չվերածվեն լայնամասշտաբ պատերազմի։ ԱՄՆ-ի հետ Իսրայելը բանակցում է այս ուղղությամբ։ ԱՄՆ-ն հորդորում է չխփել Իրանի միջուկային և ուժանյութային օբյեկտներին։

- Իրանական կողմը հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Արդյոք Իրանն իսկապես պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ պատերազմի։

- Սա սպառնալիք է՝ մի կողմից, մյուս կողմից՝ զսպվածության կամ կարմիր գծերը պահպանելու զգուշացում։ Այս հռետորաբանությունն ունի իր նախադեպային հանգրվանները՝ սպառնալով զգուշացնել։

- ԱՄՆ ընտրություններից հետո ի՞նչ զարգացումներ կարող են լինել Իրան-Իսրայել հակամարտության մեջ։ Հավանական համարու՞մ եք, որ ընտրություններից հետո կրակը դադարի։

- Հրադադարի շուրջ հիմա բանակցություններն ընթանում են այնպես, որ լինի դա ժամանակավոր, և այդ ընթացքում «Հըզբոլլայի» ուժերը հետ քաշվեն հարավային դիրքերից, և լիբանանյան բանակը տեղակավայվի սահմանագծին։ Եթե դա ստացվի, այդ դեպքում կսկսվի ավելի հեռահար կտրվածքով բանակցային գործընթաց։ Հրադադարը դեռևս չի երևում։ Մինչև հրադադարը ցնցումները կշարունակվեն։ 

Հայկ Մագոյան