Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։
- Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր կնքել խաղաղության պայմանագիրը։ Նման հնարավորություն տեսնու՞մ եք՝ հատկապես Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին։
- Ադրբեջանը ցանկություն չունի խաղաղության պայմանագիր ստորագրել, դրա համար էլ ամեն անգամ տարատեսակ պատճառներ է բերում, նոր պահանջներ դնում Հայաստանի առաջ, որպեսզի ձգձգի այդ գործընթացը և խուսափի պայմանագրի ստորագրումից։
- Ի՞նչն է խանգարում խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում դրանից։
- Պատճառը երկուսն է։ Առաջինը, Ալիևը Պուտինին խոսք է տվել որևէ դեպքում Հայաստանի հետ չստորագրել խաղաղության պայմանագիր՝ հատկապես արևմտյան հարթակներում, Արևմուտքի հովանու ներքո, և երկրորդ՝ իրենք կարծում են, որ քանի դեռ Հայաստանը թույլ է, կարող են այլ բաներ էլ պոկել՝ մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» և այլ հարցերում ևս։ Դրա համար էլ սպասում եմ ԱՄՆ նախագահի ընտրությունների ելքին, որպեսզի տեսնեն, թե ով է ընտրվելու։ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալու պարագայում Ալիևն ավելի սանձարձակ և ազատ է զգալու, որովհետև Թրամփը վարում է իզոլիստական քաղաքականություն․ նա շատ տարածաշրջաններից ԱՄՆ-ին դուրս էր բերել ու հիմնական ուշադրությունը երկրի ներքին կյանքի վրա ուղղել։ Հատկապես Հարավային Կովկասը նրա առաջնահերթությունների ոլորտից չէր։
- Ի՞նչ կասեք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին։ Ի՞նչ է կատարվում ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերություններում։
-Կարելի է ասել՝ ներքաղաքական կյանքը մեռած է։ Ընդդիմությունը փորձում է վերակենդանացնել այն, բայց, կարծես, դեռևս ամառային արձակուրդների տպավորությունների տակ են։ Ինչ-որ ակցիաներ են իրականացնում, որոնք ակնհայտորեն նախկին ուժգնությունն ու թափը չունեն։ Բագրատ Գալստանյանը ակնհայտորեն իրեն սպառել է։ Հանրահավաքներին չնչին մարդ է հավաքվում, եթե հաշվի առնենք, որ մայիսի 9-ին Ազատության հրապարակում շուրջ 30 հազար մարդ հավաքվեց։ Կարելի է ասել՝ այս շարժումը մոտենում է իր վախճանին և անհաջող հանգուցալուծմանը։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց շարժումն ընդհանրապես որևէ ակցիա չի անի։ Ընդդիմության մի մասը, լավ հասկանալով, որ Բագրատ Գալստանյանը տապալեց իր առաքելությունը և չկարողացավ իշխանափոխություն իրականացնել, դիստանցավորվում են նրանից։ Արդեն «Սասնա ծռերն» են հայտարարել, որ լքում են շարժման շարքերը, ևս մի քանի քաղաքական ուժ քննադատում են Գալստանյանին և շարժումը, և որևէ մեկը չի ուզում այդ անհաջողակի պիտակը վերցնել իր վրա։
- Արդյոք ընդդիմությունը կկարողանա այս անգամ մարդ հավաքել փողոցում, թե՞ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը կարելի է մարած համարել։
- Ընդդիմությունը, բնականաբար, այլևս չի կարող շատ մարդ հավաքել, որովհետև մարդիկ հիասթափվել և հոգնել են։ Ամեն անգամ կանչում են հավաքների, ժամ դնում իշխանության առաջ, իսկ հետո մարդկանց ուղարկում տուն։ Այդ պահանջները իշխանության կողմից չեն կատարվում, ու մարդիկ հիասթափվում են։ Հասարակությունը չի կարող անընդհատ՝ ամիսներով, տարիներով գնալ հանրահավաքի։ Ինչպես ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում։ Եթե Գալստանյանն ուզում էր արդյունքի հասնել, պետք է շարժման հենց սկզբում գործեր, երբ հրապարակում 30-40 հազար մարդ էր հավաքվել։ Այսօր այդ շանսը չունի, և չի կարելի դրա համար ժողովրդին մեղադրել։ Ի դեպ, այս ճանապարհով են գնացել Հայաստանի շատ լիդերներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը...
Այստեղ արդեն քաղաքագիտական աքսիոմ է. չեն կարող մարդիկ ամիսներ շարունակ փողոցում լինել, չտեսնել հաջողություն կամ հաջողության հնարավորություն և շարունակել նույն տեմպերով մասնակցել այդ միտինգներին։ Հիմա Գալստանյանը փորձում է արհեստականորեն լարված իրավիճակ ստեղծել, կոնֆլիկտ հրահրել՝ ցույց տալով, որ իշխանությունները տեղի տվեցին։ Օրինակ, Հ1-ի դեպքում ցույց տվեց, իբր իշխանությունը վախից իրենց պահանջը կատարեց, բայց, ակնհայտորեն, դա այդպես չէր։
Հայկ Մագոյան