- Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- «Հըզբոլլահը» պաշտոնապես հաստատեց շարժման առաջնորդ Նասրալլայի մահը։ Գլխավոր քարտուղար Սայիդ Հասան Նասրալլան ի՞նչ դերակատարում է ունեցել կազմակերպության համար։
- «Հըզբոլլահի» ընդհանուր քարտուղարը հեղինակություն էր ոչ միայն իր կուսակցությունում, այլ նաև Լիբանանում․ «Հըզբոլլահը» նրա օրոք դարձել էր տարածաշրջանային ուժ։ Կարծում եմ՝ նրան հաջողվել էր ինստիտուտացնել կուսակցությունը, որովհետև նրա սպանությունից հետո համակարգն աշխատում է․ նրա տեղակալը, որն այժմ վարում է գլխավոր քարտուղարի պաշտոնը, հայտարարել է, որ «Հըզբոլլահը» չի փոխում իր ռազմաքաղաքական վարքագիծը։
- «Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ընտրեց Հաշեմ Սաֆիեդդինին։ Ի՞նչ կարգի կապեր ունի նա Իրանի հետ։
- Դեռևս պաշտոնապես չեն ընտրել․ երեկ գիշեր բուռն հրթիռակոծումներ էին Բեյրութի հարավային արվարձաններում։ Հայտարարել են, որ թիրախը ամենահավանական թեկնածու Սաֆիեդդինն է․ նրա ճակատագիրը դեռևս անորոշ է։
- Իրանի շահերի տեսանկյունից այս նշանակումն ի՞նչ նշանակություն կունենա։ Արդյոք «Հըզբոլլահն» այժմ անհամեմատ ավելի ուժեղ է։
- Տարածաշրջանում պրոքսի պատերազմի ամենաուժեղ կենտրոններից է համարվում «Հըզբոլլահը», որն, ըստ էության, իրանյան բանակի լիբանանյան ստորաբաժանումն է։ Նաթանյահուն փոխեց պատերազմի ուղղությունը դեպի «Հըզբոլլահ»՝ երկրորդ ճակատ բռնկեցնելով։ Գազայի դեպքում ներիսրայելյան դժգոհության ալիք կար Իսրայելի վարչապետի և նա կառավարության դեմ։ Այս դեպքում, թվում է, աջակցում են։ Նկատելի է, որ արտասահմանում հօգուտ պաղեստինցի ժողովրդի իրավունքների զորակցական հավաքներ էին, բայց հիմա «Հըզբոլլահի» նկատմամբ նույն զորակցությունը չկա։ Այն դիտարկվում է Իրանի հենակետ, և դրանով էլ պայմանավորվում է հանրային կարծիքի վերաբերմունքը։ Կարծում եմ՝ տարածաշրջանում դեռևս կաշխատեն իրանյան պրոկսի հենակետերը՝ «Համասը», «Հըզբոլլահն» ու Եմենի հուսիթները։
- «Հըզբոլլահի» ավիահարվածները վնասու՞մ են Իսրայելին։
- Իսրայելին առ այս պահը, արդեն չորրորդ օրն է, չի հաջողվել իրականացնել ցամաքային ներխուժում։ «Հըզբոլլահը» դիմադրում է։ Իսրայելը հայտարարում է, որ ունի զոհեր և տուժածներ։ Բուռն մարտերը շարունակվում են։ Ի տարբերություն ցամաքայինի՝ օդայինը իսրայելյան գերակայությունն է։ Հակօդային համակարգ չկա, և Իսրայելը լայնածավալ և շատ ուժգին խփում է «Հըզբոլլահի» ռազմական օբյեկտներին և ղեկավարներին։
- Իրանն ու Իսրայելն ի վերջո լայնամասշտաբ պատերա՞զմ կսկսեն։
- Թվում է, թե Իրան-Իսրայել ուղիղ հրթիռակոծումները համաձայնեցվում են ԱՄՆ-ի հետ։ Իրազեկում են ԱՄՆ-ին, և Վաշինգտոնը նախքան հարձակումը հայտարարություններով է հանդես գալիս։ Ռազմական «բանակցություններ» են ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Իրանը հայտարարեց, որ իր հարձակումը իրականացրել է ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի ներքո՝ խփելով միայն ռազմական օբյեկտներին, և դրանով ավարտում է իր հարձակման ծրագիրը։ Ամերիկյան աղբյուրները հրապարակեցին, որ Իսրայելն այս պահին անհրաժեշտություն չի գտնում ընդգրկուն հարված հասցնել Իրանին։ Վաշինգտոնը ամեն առիթի զգուշացնում է էսկալացիայի վտանգավոր հետևանքների մասին։
- Նման սցենարի դեպքում ի՞նչ տեղի կունենա Հարավային Կովկասում, և ի՞նչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա։
- Աշխարհաքաղաքական ուժերի շահերից չի բխում երկրորդ մեծ պատերազմը։ Դրա համար էլ կարմիր գծերը չեն հատվում․ կառավարելի պատերազմի բանաձևն է աշխատում։ Հայկական ոսպնյակով պիտի հիշենք, որ հայկական կողմը պատերազմեց Ադրբեջան- Թուրքիա -Իսրայել դաշինքի դեմ։ Ադրբեջանին սպառազինող Իսրայելի հզորացումը կհակադրվի հայկական շահերին։ Բաքու-Թել Ավիվ համագործակցությունը հիմնված է գազ-սպառազինություն առանցքի վրա։
Հայկ Մագոյան