Radar Armenia-ի զրուցակիցը «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն է։
- Իսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան։ Ինչո՞ւ սկսվեց այս ներխուժումը, ո՞րն է պատճառը։
-Իսրայելական բանակը սկսել է հարձակումը, որովհետև այլընտրանք չկար դրան։ Գրեթե 1 տարի՝ հոկտեմբերի 8-ից մինչ այսօր, իսրայելյան ողջ հյուսիսային տարածքները «Հըզբոլլահ»-ն օրական կտրվածքով 100-200 հրթիռով հրթիռակոծում էր։ Այսինքն, առանց Լիբանանի կողմ կրակելու, երբ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գազայի ահաբեկիչների ներթափանցումն Իսրայել, դրան հաջորդեց հոկտեմբերի 8-ին «Հըզբոլլահ»-ի միացումը պատերազմին, և սկսեցին հյուսիսային ողջ տարածքները հրթիռակոծել։ Պետություն չեմ ճանաչում, որը մեկ տարի կհանդուրժեր իր տարածքների ավերումն ու այրումը, որպեսզի պատասխան գործողություններ չձեռնարկեր։
- Իսրայելն ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործողությամբ։
- Հոկտեմբերի 8-ից հետո շուրջ 75 հազար մարդ հենց հյուսիսից էվակուացվել է։ Մարդիկ չեն ապրում իրենց տներում արդեն 1 տարի։ Մարդկանց մի մասը պետության հաշվին տեղավորված է հյուրանոցներում, վիճակը շատ ծանր է։ Դրա համար Իսրայելը ստիպված անցավ հակահարձակման։ Փեյջերներով հարձակմանը՝ «Հըզբոլլահ»-ի ղեկավարների սպանություններին, փոխարինեց ցամաքային օպերացիան։ Հիմնական նպատակը՝ Լիբանանի հարավում ստեղծել բուֆերային զոնա, որպեսզի «Հըզբոլլահ»-ի գրոհայինները չհրթիռակոծեն Իսրայելի հյուսիսային շրջանները, և, ի վերջո, մարդիկ վերադառնան իրենց քանդված և ավերված տները։
- Ձեր կարծիքով՝ Իսրայելի համար արդյոք անհրաժեշտություն է Իրանին ուղիղ ներգրավելը պատերազմի մեջ։ Ի՞նչ կտա դա Իսրայելին։ Պաղեստինի հարցը չլուծած՝ երկրորդ ֆրո՞նտ է բացել Իսրայելը:
- Իմ կարծիքով՝ Իսրայելն ի սկզբանե նպատակ էր դրել նաև Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու խնդիրը լուծել, և դրա համար, այսպես ասած, անընդհատ «բզբզում» էր։ Իսրայելը կարողացավ օգոստոսի վերջին «ՀԱՄԱՍ»-ի ղեկավար Իսմայիլ Հանիեին սպանել։ Եվ այս բոլոր գործողությունները ուղղված էին Իրանի դեմ։ Իրանն էլ, այս քաղաքական սպանություններից հետո, իր դեմքը փրկելու համար փաստացի ոչինչ չարեց, «Հըզբոլլահ»-ի ղեկավարների սպանությունից հետո էլ փաստացի ոչինչ չի արել։ Փեզեշքիանը ԱՄՆ-ում հայտարարում էր, որ ինքն ուզում է Արևմուտքի և Եվրոպայի հետ մերձենալ, անգամ՝ Ռուսաստանին քննադատեց։ Այսինքն, պրոարևմտյան դիրք է ընդունել, որպեսզի բացառի Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտների խոցումը։ Չեմ կարծում, որ Իրանն այս անգամ կներքաշվի պատերազմի մեջ։ Սա նրան ձեռնտու չէ, որովհետև Իրաքի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն 3 մեծ ավիակիր նավ էր բերել, իսկ այժմ 6 ավիակիր գտնվում է Մերձավոր Արևելքում։ Եվ սա մեծ թիվ է՝ 2 անգամ շատ, քան իրաքյան պատերազմի ժամանակ։ Նաև նշեմ, որ հարյուրավոր ինքնաթիռներ և տասնյակ հազարանոց ծովային հետևակ ու հատուկ ամերիկյան ստորաբաժանումներ են ներգրավված։ Կարծում եմ, որ Իրանը չի գնա պատերազմի ճանապարհով։
Հայկ Մագոյան