Հարցազրույց

«Նեթանյահուն փոխեց ռազմական գործողությունների ուղղությունը՝ վերականգնելով ժողովրդի աջակցությունը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված սահմանազատման կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են սահմանադրությանը: Ինչու՞ մինչ այս պահը Ադրբեջանը ներպետական ատյաններում չի սկսել գործընթացը։ Ինչ–որ միտում տեսնու՞մ եք։ 

- Սահմանազատման գործընթացի առաջին փուլի կայացման ձևաչափը կարևոր է։ Այն երկկողմ էր․ ինչը չէր համապատասխանում Մոսկվայի մոտեցումներին։ Մոսկվան շարունակում է առաջադրել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դերի ստանձնման աշխատանքը։ Բաքուն մեկ ընդունում է Ռուսաստանի առաջարկը՝ միջնորդելու և երաշխավորելու ուղղությամբ, մեկ անցնում է ուղիղ, երկկողմ բանակցության։ Սա, գուցե, ազդակ է Բաքվի կողմից՝ ուղղված Մոսկվային։ Իհարկե, կան նաև աշխարհաքաղաքական այլ հանգամանքներ։ Սահմանազատման գործընթացը կապված է խաղաղության պայմանագրի հետ, որի շուրջ դեռևս չի գոյացել համաձայնություն։

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով որևէ դրական տեղաշարժ նկատու՞մ եք։ 

- Չեմ տեսնում որևէ տեղաշարժ։ Նախապես պայմանավորված կետերը չեն գործարկվում՝ երրորդ քաղաքացիների, դիվանագիտական անձանց մասով կամ Անիի կամրրջի վերանորոգումով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ամրագրել է առաջադրանքներ Շուշիի հռչակագրի հիման վրա, և Երևան -Անկարա ու Երևան -Բաքու հարաբերությունների հաստատումը շարունակում են մնալ փոխկապակցված։

- Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Որքանո՞վ է Թուրքիայի համար շահեկան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ 

- Հիմնական շահագրգիռ բաժինը թուրք-ադրբեջանական դաշինքի առաջադրած «միջանցքի» գործարկումն է։ Կարծում եմ՝ սա է նաև խաղաղության պայմանագրի բուն հանգույցը։ Ձևականորեն այն դուրս է եկել պայմանագրի նախագծի կետերից, բայց, ըստ էության, շարունակում է մնալ հիմնական առանցքը։ Բաքուն չի պատկերացնում խաղաղության պայմանագիր՝ առանց միջանցքի։ Նույնը՝ Անկարան։

- Նաև կխնդրեմ անդրադառնալ Լիբանանի վրա Իսրայելի վերջին հարձակումներին․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը։ Որքանո՞վ է ձեռնտու երկրորդ ճակատ բացելը․ մի կողմից՝ Պաղեստինի դեմ պայքար, մյուս կողմից՝ Լիբանան։ 

- Իսրայելը փոխեց ռազմախաղի ուղղությունը։ Եթե Գազայի հարցով Նեթանյահուն չուներ ժողովրդի աջակցությունը, այլ, ընդհակառակն, բողոքի ակցիաները բազմանում էին, հիմա արդեն Հեզբոլլայի դեմ հայտարարված պատերազմում նա ունի ժողովրդական աջակցություն։ Երկրորդ ճակատ բռնկելով՝ Իսրայելը փոխկապակցվածությունը շրջեց։ Եթե նախկինում Գազայում հրադադարի շուրջ համաձայնություն լիներ, դա պիտի ազդեր Լիբանանի վրա․ հիմա հրադադարի պահանջը Լիբանանի ուղղությամբ է, և եթե կայանա, իր հերթին կազդի Գազայի վրա։ Իսրայելը խնդիր է դրել հյուսիսային հատվածում վերականգնել անվտանգությունը և վերադարձնել  տեղահանված բնակչությանը։ Դա ինքնին ենթադրում է բուֆերային զոնայի ձևավորում։

-Արդյոք Իրանին կհաջողվի ներքաշել պատերազմի մեջ։ 

- Չեմ կարծում, որ Իրանի շահերից է բխում լայնամասշտաբ պատերազմը։ Ոչ Համասի գլխավոր դեմքի, ոչ էլ Իրանի միջին արևելյան բաժնի անվտանգության ճարտարապետի սպանությունները պատճառ չդարձան, որ Իրանը ներգրավվի պատերազմին։ Անգամ Իրանի ուղղությամբ անօդաչու սարքերի հարվածները նման որոշման չհանգեցրեցին։ Կարծում եմ՝ քաղաքական նոր քարտեզագծումների միտումներ են առկա, և Իրանը այնտեղ վերադիրքավորվում է։ Այժմ պրոքսիներով կշարունակվեն բախումները, բայց ոչ՝ նույն թափերով։

- Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։

- Հեռվից տեսանելի է երկու միջազգայնացվող օրակարգ։ Պաղեստինի դեպքում համալրվում է պետությունը ճանաչող երկրների ցանկը, ինչը տանում է դեպի «երկու պետություն» միջազգային օրակարգի, իսկ Լիբանանի դեպքում Իսրայել-Լիբանան սահմանազատումը կամ ՄԱԿ-ի թ․1701 բանաձևի կիրառումը։ Մինչ այս օրակարգերին հասնելը դեռևս ցնցումների կանցնի տարածաշրջանը։

Հայկ Մագոյան