Հարցազրույց

«Իրանը չունի այն հնարավորությունը, որ ուղիղ կերպով հարվածի Իսրայելին». Դավուդյան

Radar Armenia-ի զրուցակիցը իրանագետ Տիգրան Դավուդյանն է։

- Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Լիբանանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

֊ Իսրայելն իր տարածքի հյուսիսային շրջաններում ունի անվտանգային մեծ խնդիրներ․ ավելի քան հարյուր հազար բնակիչ, Հեզբոլլահի հարվածներից իրենց վտանգված զգալով, լքել են իրենց բնակավայրերը։ Իսրայելը Գազայի հատվածում հարաբերական հաջողությունների հասնելուց հետո մեծ ուժեր է կուտակել երկրի հյուսիսում՝ Հեզբոլլահի ուժերին հետ մղելու և Իսրայել֊Լիբանան սահմանում անվտանգության գոտի ստեղծելու համար։ Իսրայելը վերջին շաբաթվա ընթացքում հուժկու հարվածներ է հասցրել Հեզբոլլահին։ Վերջինիս ավելի քան երեք հազար մարտիկ և համախոհ փեյջերների համաժամանակյա պայթյունի պատճառով վիրավորվել են, մի քանի բարձրաստիճան հրամանատար՝ սպանվել, իսկ հրթիռների արձակման հարյուրավոր կայանքներ ոչնչացվել են։ Իսրայելի իշխանություններն իրենց քաղաքացիների կողմից սաստիկ ճնշման տակ են, որպեսզի ապահովվի սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունը։

- Ո՞ր պարագայում իրանական ուժերը կմիջամտեն և հարվածներ կհասցնեն Իսրայելին։

- Իմ կարծիքով՝ ներկա պայմաններում ԻԻՀ-ը չունի այդ հնարավորությունը, որ ուղիղ կերպով հարվածի Իսրայելին։ Ապրիլ ամսվա հարձակումը ցույց տվեց, որ Իսրայելի բոլոր բարեկամները ռազմական ամենաբարձր տեխնոլոգիաներով օգնում են Իսրայելին։ Իսրայելը նաև հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում այս անգամ սաստիկ պատասխան կտա, իսկ Իրանն առայժմ չի կարող դիմակայել նման հարձակման, քանի որ հակաօդային պաշտպանության ասպարեզում զիջում է Իսրայելին։ Թեհրանը զենքով, խորհրդականներով և այլ միջոցներով օգնում է տարածաշրջանի իր ներկայացուցչական (պրոքսի) ուժերին, բայց ուղղակի միջամտություն չի կատարում։

- Իրանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման: Հաշվի առնելով հայ-իրանական և հայ-թուրքական հարաբերությունները՝ այս հայտարարությունը ռիսկային չէ՞ Հայաստանի համար։

- Իրանն ու Թուրքիան տարածաշրջանում թե գործընկեր են, թե մրցակից։ Իրանի և Թուրքիայի ղեկավարների այդ հայտարարությունները նորություն չեն և որևէ ռիսկ չեն պարունակում Հայաստանի համար։ Իրանն ու Թուրքիան Հարավային Կովկասի հարցերի լուծման 3+3 ձևաչափի բանակցությունների կողմնակից են, որը ողջունել է նաև Հայաստանը։ Կարծիք կա, որ 3+3 ձևաչափի հերթական բանակցությունը Մոսկվայից ու Թեհրանից հետո այժմ կգումարվի Անկարայում։

- Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերություններն են։ Արդյո՞ք իրանական կողմի այս հայտարարությունները զգոն է պահում Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա չսանձազերծելու տեսանկյունից։

 - Այո, Իրանի համար իր հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ առաջնահերթ է, և դա կզսպի նաև Ադրբեջանին։ ԻԻՀ նորընտիր նախագահ պրն Փեզեշքիանը իր արտասահմանյան այցելությունները սկսեց Իրաքից և ինքնավար Քուրդիստանից, փորձագետների կարծիքով՝ հաջորդիվ այցելելու է Թուրքիա։ Ծրագրի մեջ է նաև Կազանը, քանի որ Իրանը ԲՐԻՔՍ֊ի անդամ է։ Ենթադրում եմ՝ պրն Փեզեշքիանը հարևան մի քանի երկիր այցից հետո, ավելի ուշ, կայցելի նաև Հայաստան ու Ադրբեջան։

 Հայկ Մագոյան