Հարցազրույց

«Միջին Արևելքում պահպանվում են սահմանափակ ռազմախաղի կանոնները». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

 - Իսրայելի ռազմաօդային ուժերը վերսկսել են ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ։ Ի՞նչ իրավիճակ է Լիբանանում։

- Լիբանանում վերստին սրվել է իրավիճակը։ Փեյջերների և ռացիաների պայթյուններին հաջորդել է  Բեյրութի հարավային  արվարձանում շենքի հրթիռակոծում, որի հետևանքով սպանվել է Հեզբոլլահի կարևոր դեմքերից մեկը։ Հեզբոլլահը խոստացել է համարժեք պատասխան տալ։ Անորոշ իրավիճակ է, գերլարված և սպասողական։

- Ստեղծված իրավիճակում ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել իրանական կողմից։ Արդյոք կրկին կմեծանա՞ Իսրայել-Իրան ճակատում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը։

- Առ այս պահը ռազմախաղի կանոններն աշխատում են։ Իրանի պատասխանը կլինի Հեզբոլլահի միջոցով։ Թիրախայինը որոշ առումով դեպի ծավալային անցումն է, բայց չեմ կարծում, որ սահմանափակը կվերածվի համապարփակի։ Գազայում բախումները մոտենում  են իրենց ավարտին, դրա համար էլ Իսրայելը երկրորդ ճակատն աշխուժացնում  է։

- Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև։ Իսկ սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս հանդիպումները ռուս-ուկրաինական պատերազմի հետագա ընթացքի համար։

- Ընթանում է մաշեցնող հիբրիդային պատերազմ։ Հավաքական Արևմուտքը խնդիր է դրել Մոսկվային ներքաշված պահել այս պատերազմում։ Առընթեր Ռուսաստանի ազդեցության գոտիների և տիրույթների վերաձևավորման աշխարհաքաղաքականություն է կիրառվում։

- Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Արդյոք այս հանդիպումը կարո՞ղ է բարձրացնել Հարիսի վարկանիշը և ազդել ընտրությունների արդյունքների վրա։

- Ամերիկյան ներկա մոտեցումը մի կողմից խաղաղության հաստատում է Միջին Արևելքում, մյուս կողմից անզիջող պայքար Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինային աջակցելու միջոցով։ Ընտրությունների շեմին Գազայում հրադադարի հաստատումը կամ ուկրաինական որոշակի առաջխաղացը կարող են ինչ-որ չափով ազդել արդյունքների վրա։

Հայկ Մագոյան