Հարցազրույց

«Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի կրճատումը խաղաղության գնալու ցուցիչ չէ». Պետրոսյան

Radar Armenia-ի զրուցակիցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։

- Ադրբեջանը 2025թ. զգալիորեն՝ գրեթե 7%-ով, կկրճատի պաշտպանության և անվտանգության ծախսերը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հանգամանքը։

- Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի կրճատման իրողությունը պետք է գնահատել ընդհանուր ծախսերի ընդհանուր համամասնության մեջ։ Առաջին տպավորությամբ թվում է, թե 7%-ը տպավորիչ ծախսերի կրճատում է, բայց պետք է հասկանալ, որ մինչ այդ բավական բարձր են եղել հենց ռազմական ոլորտին ուղղված ծախսերը։ Երկրորդ, այդ ծախսերի կրճատմանը զուգահեռ, ավելի մեծ ծավալի գումարներ են տրամադրվում կամ նախատեսվում Ադրբեջանի համար ավելի ռազմավարական ուղղությամբ, օրինակ, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումների վրա, որն ավելի հեռանկարային է Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց ապագայում կարող է բախվել Բաքուն՝ հատկապես ԼՂԻՄ տարածքում, տարածաշրջանում կամ աշխարհում իրավիճակի՝ կանխատեսելի դառնալուց հետո։ Այսինքն, աշխարհակարգի փոփոխությունից կամ որոշակի ստատուս-քվոյի հաստատումից հետո, երբ միջազգային տարբեր դերակատարներ և առանձին պետություններ, կազմակերպություններ կփորձեն խաղարկել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումը և կփորձեն Ադրբեջանին պարտադրել՝ ապահովել արցախահայության վերադարձը։ Հետևաբար, կարող ենք կանխատեսել, որ եթե կրճատում են ռազմական ծախսերը, այդ գումարներն ուղղվելու են ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծմանը, որոնք իրենց բովանդակությամբ կրկին հակահայկական ուղղվածություն ունեն։

- Հնարավո՞ր է՝ սա իսկապես Հայաստանի հետ խաղաղության գնալու քայլ է։

- Չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության գնալ՝ գոնե այս միջաշխարհակարգի ժամանակահատվածում, երբ խաղաղության թեման ադրբեջանական կողմը ձգտում է ամեն կերպ վաճառել Հայաստանի վրա՝ դրա դիմաց փորձելով հասնել ավելի մեծ միակողմանի զիջումների։ Հետևաբար, այս տրամաբանությամբ, գոնե կարճաժամկետ հեռանկարում, եթե անգամ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ռազմավարական որոշ հարցեր կան, որոնց լուծման համար Ադրբեջանն օգտագործելու է իր ռազմական գերակայությունը։ Առհասարակ, Ադրբեջանի հաշվարկներն այնպիսին են, որ տարածաշրջանում շարունակի պահպանել իր ռազմական գերակայությունը իր երկու հարևանների՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ։ Այսինքն, այդ նույն ընդհանուր ծավալով ծախսերի կրճատումը դեռ չի նշանակում, որ ուղիղ ֆինանսական միջոցների տրամադրման տեսանկյունից իրենք դեռևս առաջ չեն թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից՝ հաշվի առնելով տարածաշրջանի 3 երկրների տնտեսության կառուցվածքը և եկամուտները։ 

Իմ գնահատմամբ՝ այս քայլը չի կարելի գնահատել որպես խաղաղության գնալու ցուցիչ։ Պարզապես, անգամ կրճատված բյուջեով Ադրբեջանը շարունակում է ավելի մեծ գումարներ ներդնել կամ օգտագործել ռազմական ոլորտում, քանի իր հարևան երկրները։ Ընդ որում, ռազմական գերակայության պահպանումը հարևանների նկատմամբ Ադրբեջանի ռազմավարական ուղեգիծն է։

- Ադրբեջանի այս քայլն ի՞նչ մեսիջներ է փոխանցում արտաքին քաղաքական դերակատարներին։

- Ուղերձների պահով կարող եմ ասել, որ դրանք քարոզչական ուղերձներ են, հատկապես այն համատեքստում, որ ադրբեջանական կողմն անընդհատ Հայաստանին մեղադրում է ռազմական ծախսերը մեծացնելու, զինվելու, արևմտյան խաղացողների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, արևելյան ուղղությամբ՝ Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը մեծացնելու համար, մեղադրում է նույն Ֆրանսիային՝ Հայաստանին զինելու մեջ։ 

Սա քարոզչական փուչիկ է առ այն, որ Հայաստանի մեղադրանքները, իբր Ադրբեջանն էլ է շարունակում զինվել, չի համապատասխանում իրականությանը։ Եվ այսպես, թվային առումով, ցույց է տալիս, թե՝ տեսեք, կրճատում ենք ֆինանսական ծախսերը, իսկ Հայաստանը շարունակում է զինվել, իսկ եվրոպական երկրները ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը, զինել Հայաստանին և ամրապնդվել տարածաշրջանում։ Քարոզչական ֆեյք են ուզում ստեղծել ինչ-որ վերնագրով, իբր կրճատում են ռազմական բյուջեի ծախսերը, բայց իրականում շարունակելու են ավելի մեծ գումարներ ծախսել ռազմական ոլորտի ընդլայնման համար՝ մեծացնելով սպառազինությունների ձեռքբերման աշխարհագրությունը։

Հայկ Մագոյան