Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։
- Սեպտեմբերի 24-ին ՍԴ-ում կքննվի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի սահմանադրականության հարցը։ Ըստ էության, առայժմ միայն Հայաստանն է, որ առաջ է տանում գործընթացը։ Ադրբեջանական կողմից խոսք չկա այն ՍԴ ուղարկելու մասին։ Ինչպե՞ս եք բացատրում հայկական կողմի ակտիվությունն ու ադրբեջանական պասիվ կեցվածքը։
- Այստեղ արտառոց ոչինչ չկա․ Հայաստանը պետք է նախաձեռնողական լինի: Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, արդյունքներն այդ երկրի օրենսդրությամբ ԿԸՀ-ն ամփոփել և ուղարկել է ՍԴ: Կարծում եմ՝ խորհրդարանի կազմավորումից հետո Բաքուն էլ կսկսի կանոնակարգի վավերացման գործընթաց:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի այցի ժամանակ կրկնել է խաղաղության պայմանագիրն ստորագրելու իր առաջարկը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ համաձայն չէ պայմանագիր ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերով։ Ի՞նչն է մեր ակնկալիքը, որ անընդհատ կրկնում ենք այս առաջարկը։
- Մեր ակնկալիքը խաղաղության պայմանագիրն է, և դրան հասնելու համար Երևանի պրոակտիվ քայլերը տեղին են թեկուզ այն առումով, որ միջազգային ընկալմամբ Ադրբեջանը բացահայտվում է որպես ագրեսիվ կողմ: Դա, իհարկե, գործնականում քիչ ազդեցություն ունի, բայց ամեն դեպքում դիվանագիտական ռեսուրս է, որ Հայաստանին լրացուցիչ հնարավորություն է ընձեռում:
Հայկ Մագոյան