Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ: Նաև Վլադիմիր Պուտինն է Կոնստանտինովսկու պալատում հանդիպել Չինաստանի ԱԳՆ ղեկավարին։ Ի՞նչ զարգացումների մասին են խոսում այս հանդիպումները։
- Պարզ է, որ Չինաստանը տնտեսական բևեռ է ներկա աշխարհակարգում, և ցանկած երկիր ինչ-որ տեղ Չինաստանի հետ համագործակցության կետ ունի համաշխարհայնացված տնտեսությունում։ Իրանը, բացի այս տեսությունից, ռազմավարական կենսաճանապարհներ է կիսում Չինաստանի հետ։ Խոսքը ոչ միայն Մետաքսի ճանապարհի մասին է, այլ նոր ուղիների, հաղորդուղիների և հաղորդակցությունների։ Պուտինի այցը, կարծում եմ, առավելաբար պիտի դիտարկել հավաքական Արևմուտքի՝ ՌԴ-ի դեմ կիրառվող քաղաքականության դիմաց հակակշիռ քայլերի պատրաստությամբ։ Եվ այս առումով Չինաստանը կարևորագույն գործընկեր կարող է լինել։ Թեև չպետք է մոռանալ, որ Չինաստանը միանշանակ չի դիրքորոշում և սև ու սպիտակ խաղաոճով չի խաղում ներկա աշխարհակարգում։
- Բաքվից էլ հայտարարում են, որ Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի՞, եթե Հայաստանը չփոխի իր ներկայիս դիրքորոշումը հաղորդակցությունների բացման առնչությամբ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ադրբեջանական կողմի այս հայտարարությունը։
- Առաջին անգամը չէ, որ Բաքուն նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Այս դեպքում Թեհրանի բողոքի դիմաց մեղմացման քայլի տրամաբանությամբ է ընկալվում Բաքվի հայտարարությունը։ Խնդիրը, սակայն, միայն Բաքվի կողմից չպետք է դիտարկել։ Սյունիքի կամուրջը անփոխարինելի կենսաճանապարհի կարևորագույն հատված է Իրանի համար։ Դա Իրանի ապաշրջափակման ամենակայուն ու ապահով կամուրջն է, և դրանով էլ բացատրվում է Թեհրանի վճռականությունը այս հարցում։
- Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքից» և, ընտրելով իրանական ճանապարհը, շրջափակման մեջ է թողնում Հայաստանին։
- Չեմ կարծում, որ Բաքուն հրաժարվում է։ Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման համար անվերջ նորացնում ու բարձրացնում է իր նախապայմանների առաստաղը ՝ «զանգեզուրյան միջանցքը» ստանալու համար։ Դա Բաքվի հիմնական պահանջն է, մնացյալը մարտավարական խաղաթղթեր են։ Բաքուն էլ է գիտակցում, որ տարածաշրջանային կոնսենսուս չկա այս հարցում, դրա համար էլ իր առաջադրած միջանցքը չի աշխատում։
- Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական 3-րդ բանավեճ տեղի չի ունենա, քանի որ ինքն արդեն հաղթել է նախորդ երկուսում։ Նման հայտարարությունները նպաստավո՞ր են Թրամփի համար։ Ի՞նչ տպավորություններ ունեք Թրամփ-Հարիս 2-րդ բանավեճից։
- Բանավեճերը ընտրական մրցապայքարներում լավ ձևաչափեր էին՝ կողմնորոշվելու առումով։ Բայց պետք է նկատել, որ այդ բանավեճերի մակարդակի նշաձողը բավականին նվազել է։ Ինքը՝ համակարգը, շատ բևեռացած է՝ ընդամենը երկու կուսակցություն, երկու թեկնածու։ Թվում է, որ ընտրազանգվածը հիմնականում արդեն կողմնորոշվել է, և բանավեճերը այնքան էլ չեն ազդելու մարդկանց կողմնորոշման վրա։ Այս դեպքում բանավեճը նման է ֆուտբոլի խաղի, որի արդյունքից կախված չէ երկրպագուների՝ թիմի հանդեպ կողմնորոշումը։
Հայկ Մագոյան