Հարցազրույց

«Էրդողանի դիրքորոշումը չի տարբերվում արևմտյան պետությունների դիրքորոշումից». Նելլի Մինասյան

Radar Armenia-ի զրուցակիցը թուրքագետ Նելլի Մինասյանն է։

- Middle East Eye-ը գրել էր, որ Պուտինը պահանջում է, որ Թուրքիա մեկնելիս իր ինքնաթիռին կործանիչներ ուղեկցեն՝ մտավախություն ունենալով, որ Ուկրաինան կարող է հարձակվել իր վրա։ Արդյո՞ք այս պահանջը, ուկրաինական հարձակման փաթեթավորման տակ, այլ մեսիջներ չի պարունակում՝ ուղղված Թուրքիային։

- Իսկապես նման ինֆորմացիա եղավ, որ կապվում է Սև ծովի հատվածում անվտանգության հարցերի հետ։ Հետաքրքիր է, որ տարածումը կամ արտահոսքը եղավ թուրքական կողմից, այն դեպքում, երբ իրենք անընդհատ նշում էին, որ հնարավոր է՝ կազմակերպվի հանդիպում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Պետք է նշեմ, որ Սև ծովի ավազանի հետ կապված անվտանգային խնդիրներն այս պահին բավականին շատ են, հատկապես՝ ռուսական կողմի համար։ Անվտանգային խնդիրները կարևոր են Ռուսաստանի նախագահի այցի պարագայում, բայց, իմ կարծիքով, այստեղ կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք կապված են այն պայմանավորվածությունների հետ, որոնք երկու երկրների միջև եղել են այս ժամանակահատվածում, և կան խնդիրներ, որոնց հետ կապված՝ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողանում համաձայնության գալ։ Թուրքիան սկզբնական ժամանակահատվածում հայտարարեց, որ ինքը չի միանում ՌԴ-ի դեմ սանկցիաներին, բայց, փաստացի, այսօր Թուրքիան միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին։

- Ի՞նչ է կատարվում ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլում՝ հաշվի առնելով նաև Էրդողանի այն հայտարարությունը, թե Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։

- Ճգնաժամի հենց ամենասկզբից, այսինքն, 2014թ. սկսած, Թուրքիան հայտարարեց այն դիրքորոշման մասին, որն ունի այս պահին, և հանդես եկավ Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։ Թուրքիայում այս մասին անընդհատ են խոսում՝ զուգահեռ որոշակի ուշադրություն դարձնելով նաև Ղրիմի թաթարների խնդրին։ Նրանք ակտիվ համագործակցում են ղրիմաթաթարների խմբի առաջնորդների հետ։ Եվ հատկանշական է, որ  թե Ուկրաինայի, թե Թուրքիայի տարածքում նրանց կարևորություն են տալիս։ Բայց եթե դիտարկենք տեղի ունեցող զարգացումների համապատկերում, կարելի է ասել, որ Էրդողանն այս հայտարարությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատում է նախկին մոտեցումներն, ըստ էության, խնդիր ունի Ռուսաստանին ցույց տալ Ուկրաինայի հետ կապված իր դիրքորոշումը։ Փաստորեն, Էրդողանի դիրքորոշումը չի տարբերվում արևմտյան պետությունների դիրքորոշումից, թեև այստեղ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել նրա վրա, որ Թուրքիան միանալու է «Բրիքսին», բայց միաժամանակ անում է նման հայտարարություններ։ Այստեղ կարևոր է նաև այն, որ Թուրքիան ավելի հեռահար նպատակ ունի. այն է՝ ավելի թուլացած Ուկրաինայի և Ռուսաստանի պարագայում կկարողանա հասնել ավելի մեծ ազդեցության՝ առաջին հերթին տնտեսական խնդիրների հետ կապված։

- Ռուս-թուրքական հարաբերություններն ի՞նչ ազդեցություն են թողնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի վրա։

- Նախորդ տարիների ընթացքում, կարծես, կարելի էր որոշ դիտարկումներ անել տեղի ունեցող զարգացումների համապատկերում, որ կա ռուս-թուրքական ընդհանուր ինչ-որ մոտեցում՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված։ Իմ կարծիքով՝ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո այս երկու պետությունների մոտ ռազմավարական խնդիրներն ավելի են սրվել Հարավային Կովկասում։ Այս փուլում ռուս-թուրքական հարաբերություններում նկատվում է սառնություն․ հետևաբար, սպասել, որ նրանք կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, կարծում եմ, տեղին չէ։ Մյուս կողմից, Թուրքիան իսկապես այն պետությունն է, որն Ադրբեջանում ունի մեծ ազդեցություն և կարողանում է, այն օգտագործելով, հասնել որոշակի լծակների, այս դեպքում՝ Ռուսաստանի ունեցած հնարավորությունները սահմանափակել։

Հայկ Մագոյան