Հարցազրույց

«Ապաշրջափակման օրակարգը կապում են 3+3-ի հետ». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ցանկացած սպառնալիք հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար։ Ձեր կարծիքով՝ ինչու է իրանական կողմը պարբերաբար նման հայտարարություններ անում։ Արդյո՞ք այս պահին նման սպառնալիքներ տեսնում եք։

- Իրանի դիրքորոշումը ամեն առիթի վերահաստատվում է։ Ժամանակի ընթացքին այդ դիրքորոշումը ներառել է երեք հիմնական բաղադրիչ։ Առաջինը՝ Իրանը չի ընդունի Հայաստանի հետ իր դարավոր սահմանի փոփոխություն, երկրորդը՝ չի հանդուրժի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխություն, և երրորդը՝ դեմ է տարածաշրջանում ժողովրդագրական պատկերի փոփոխության։ Այստեղ բազմաթիվ ուղղություններով են դիրքորոշումները։ Այս բոլորը նշանակում է, որ Իրանը դեմ է արտատարածքային միջանցքի, որովհետև դա ենթադրում է ոչ հայաստանյան ուժերի տեղակայում, դեմ է, որ գլխավոր խաղացողները իր սահմանամերձ շրջաններում  իրավիճակի փոփոխություն անեն։ Նույնքան ուշագրավ է երրորդ բաղադրիչը, որ անուղղակի խոսում է Բաքվի կողմից ադրբեջանցիների Հայաստանի վերադարձի պահանջի  կամ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Այս հայտարարությունների հիմնական ուղերձն այն է, որ որևէ համաձայնություն ապաշրջափակման առումով չի լինի՝ առանց Իրանի ներգրավվածության։

- Իրանը վաղուց է Ռուսաստանին խնդրում գազ մատակարարել. Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ձեր կարծիքով՝ որքանով է իրատեսական այս նախագիծը, և ինչ կփոխի այդ գործարքը տարածաշրջանային քաղաքականության մեջ։

- Կարծում եմ՝ հարցը գլոբալ առումով պայմանավորվում է ԱՄՆ- Իրան մերձեցման և ԱՄՆ-ՌԴ շրջափակման և մեկուսացման աշխարհաքաղաքականության ծալքերի հետ։ Թեհրանը փուլ առ փուլ և փոխադարձաբար մերձենում է Արևմուտքին։ Ավելի արագ տեմպերով է գնում ՌԴ-ի դեմ կիրառվող շրջափակման միջազգային քաղաքականությունը։ Իրանը աշխատում է բալանսավորված քաղաքականություն կիրառել։ Բայց ընդհանուր միտումը Իրանի կամրջումն է Արևմուտքի հետ։ Չեմ կարծում, որ այս պայմաններում հսկայածավալ գործարքներ կիրականանան Իրանի և ՌԴ-ի միջեւ։

- Մոսկվայից էլ հայտարարում են, որ չեն հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում միջնորդի դերից։ Այնուամենայնիվ, հնարավո՞ր է սա, թե՞ ավելի շատ երկկողմ ֆորմատով է հնարավոր հասնել համաձայնության։

- Հանգույցը նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետին է վերաբերում։ Ըստ էության, այդ համաձայնությունը չեղարկվել է։ Դրանցից 8-ը ժամանակավրեպ է, իսկ 9-ը այնքան աշխարհաքաղաքական տարողություն է ստացել, որ միայն Մոսկվայի միջնորդությամբ չի առարկայանա։ Դրա համար էլ վերստին փորձում են օրակարգ բերել 3+3-ը։ Դրա արգելակիչ պատճառներից մեկը Վրաստանն էր։ Այս առումով նշանակալից կլինեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հայկ Մագոյան