Հարցազրույց

«Կարևորը ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ վերջին շրջանի հայտարարություններն են». Սամվել Մելիքսեթյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է

- Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ուրբաթ ստորագրեցին կանոնակարգը։ Նաև հրապարակվել է դրա տեքստը, որ կառավարության հաստատումից հետո պետք է ուղարկվի ՍԴ, ապա ԱԺ՝ վավերացման։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է կանոնակարգի բովանդակությունը, որքանո՞վ այն կնպաստի սահմանազատման գործընթացին։

- Այս սկզբունքները և տեքստը գրեթե ամբողջությամբ համապատասխանում են այն խորհուրդներին, որոնք կան ԵԱՀԿ-ի կողմից հրապարակված հայտնի աշխատությունում։ Այս առումով բավականին լավ տեքստի մասին է խոսքը, օրինակ՝ սահմանի օպտիմիզացիայի մասին այն կետը, որը ենթադրում է, որ Կիրանցի պարագայում այդ կամրջի և ճանապարհի հատվածը պետք է մնար Հայաստանին, և հակառակը՝ եթե ադրբեջանական գյուղերի ճանապարհի ինչ-որ հատվածներ անցնում են Հայաստանի տարածքով, դրանց անցնում են Ադրբեջանին։ Երկու կողմերից այդ կորցրած տարածքը Հայաստանին կամ Ադրբեջանին փոխհատուցվում է մի այլ տեղ։ Այս սկզբունքները լավն են, բայց պետք է հասկանալ, որ այս գործընթացը, դրա տեխնիկական մասերը՝ նոր քարտեզագրական հիմքի ստեղծմամբ ու կազմակերպչական խնդիրներով, բավականին երկար գործընթաց է, որում ավելի վճռորոշ և կարևոր են լինելու քաղաքական լուծումներն ու պայմանավորվածությունները, որոնք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև։ Նաև պետք է նշել, որ մինչ այժմ անկլավների, էքսլավների մասին ոչ մի կետ չկար այդ կանոնակարգում, բայց հրապարակված սկզբունքները թույլ են տալիս նաև անկլավների փոխանակումը, եթե կողմերը գան համաձայնության և հետևեն այն նախադեպերին, որոնք եղել են Բելառուսի և Լիտվայի միջև, որոնք ԵԱՀԿ աշխատանքի հիմքում են։

- Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի 17 կետից 13-ը լիարժեք համաձայնեցված է և կարելի է այդ 13 կետերի հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր, իսկ հետագայում քննարկել չհամաձայնեցրած հարցերը։ Հնարավո՞ր է այդպես գործել, ու որքանո՞վ այն արդյունավետ կլինի։

- Իհարկե, կարող է լինել նման փաստաթուղթ։ Այն կոչել վերջնական խաղաղության պայմանագիր՝ դժվար կլինի, որովհետև պարզ է, որ այդ երեք կետերի մեջ կան շատ կարևոր հարցեր, որոնք պարունակում են նաև կոնֆլիկտային պոտենցիալ, բայց, այնուամենայնիվ, կարգավորման նման տրամաբանությունը կարևոր է, երբ արձանագրում են որոշակի արդյունքներ․ հատկապես, որ այս արձանագրումը ոչ թե հայտարարությունների տեքստով է, այլ փաստաթղթերի։ Իմ կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այս փուլում այլընտրանք և ինչ-որ փաթեթային լուծում չկա։ Բայց դեէսկալացիան և նույնիսկ ամենամինիմալ հարցերի լուծումը ողջունելի է, քանի որ այլընտրանքային լուծում այս պահին չկա։ Չկան նաև միջազգային շահագրգիռ կողմեր, որոնք կարող են աջակցել և նոր համապարփակ փաստաթղթի ստեղծումը երաշխավորել։

- Ամենաառանցքային հարցերից մեկը՝ կոմունիկացիաների բացման խնդիրը, լուծված չէ, ավելին, դատելով հայկական ու ռուսական կողմերի արձագանքներից, եռակողմ հայտարարության 9-րդ կետը միանգամայն տարբեր տրամաբանությամբ է մեկնաբանվում։ Նման շարունակությունն ինչի՞ կհանգեցնի։

- Այստեղ կարևորը ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, այլ վերջին շրջանի հայտարարությունները, որոնք հնչեցին Ադրբեջանից և Հայաստանից, որ կողմերը կոմունիկացիաների և, առաջին հերթին, «միջանցքի» թեման առայժմ հանում են ստորագրվելիք փաստաթղթի տեքստից, որին կվերադառնան ապագայում։

Իմ կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է նման պրոադրբեջանական  հայտարարությամբ Ադրբեջանին ինչ-որ ձևով շահագրգռել և ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի վերադառնան ռուսական միջնորդության ձևաչափին։ Բայց, իմ տպավորությամբ, Ադրբեջանը նույնպես շահագրգռված չէ ռուսական միջնորդությամբ։ Իհարկե, Նախիջևանի հետ կապի հարցում կցանկանար միջանցքային տրամաբանությամբ լուծումներ, բայց, այնուամենայնիվ, այս հայտարարությունը ենթադրում է, որ առայժմ երկու կողմները քննարկումների ժամանակ չեն անդրադառնում այդ խնդրին։

-Ինչպե՞ս եք բացատրում հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի ակտիվությունը ամենատարբեր ուղղություններով։ Արդյո՞ք այս ակտիվության պատճառը ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակն է։

- Ռուսաստանի ակտիվությունը նույնպես կապված է իր հնարավոր դաշնակիցներին մաքսիմալ մոբիլիզացնելու փորձերի հետ, նաև՝ այս հարցերում նպատակ ունենալով բարձրացնել միջազգային իմիջը։ Պարզ է, որ եթե Ռուսաստանին հաջողվեր որոշակի լուծումներ գտնել հայ-ադրբեջանական գործընթացում, դա կբարձրացներ իր վարկանիշը տարածաշրջանում, որն էլ նրա համար երաշխիք կստեղծեր ավելի երկար ներկայության համար։ Այդ ներկայությունը առաջին հերթին Ադրբեջանի հետ համաձայնության ճանապարհով պետք է լիներ, որովհետև Ադրբեջանը շատ ավելի ուժեղ ակտոր է այս տարածաշրջանում, և, Ռուսաստանի ընկալմամբ, հենց Ադրբեջանին պետք է սիրաշահել, որպեսզի ստանա երաշխիքներ տարածաշրջանում ներկայության համար։

Ինչպես նշել եմ, Ադրբեջանը շահագրգռված չէ այս գործընթացով։ Նա փորձում է մաքսիմալ օգտագործել Ռուսաստանի թուլությունը, բայց ռուսական ներկայությունը «միջանցքի» հարցում, վերադարձն այս տարածաշրջան և ուժեղացումը Ադրբեջանի շահերից չեն բխում։ Ադրբեջանը շահագրգռված է թույլ Ռուսաստանով, որը պարբերաբար տարբեր զիջումներ է անում Ադրբեջանին, այդ թվում՝ էներգետիկ, իսկ վերջինս Ադրբեջանի համար լուրջ ֆինանսական եկամուտների աղբյուր կարող է լինել։ Ադրբեջանը այստեղ որոշակի խաղի տրամաբանությամբ է գործում․ վստահ լինելով, որ Հայաստանը չի գնալու եռակողմ միջնորդության ձևաչափի, ինքն է խոսում այդ մասին, որ պատրաստ է նման ձևաչափի։ Իհարկե, սա Ռուսաստանի կողմից ևս ընկալվում է որպես ավելի կառուցողական մոտեցում, բայց իրականում սրա տակ այն միտումն է, որ այն չիրականանա՝ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում չուժեղանա։

Հայկ Մագոյան