Հարցազրույց

«Օրակարգում է Իսրայելի տարածաշրջանային դերի վերանայման հարցը»․ Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սկսվել է ներպետական ընթացակարգերի իրականացումը։ Այս հանգամանքն ի՞նչ նշանակություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

- Այս կապակցությամբ պետք է արձանագրել մի քանի դիտարկում․ նախ՝ Պուտինի Բաքու այցի ընթացքում և դրա առիթով պաշոնական Մոսկվան հնչեցրել էր իր պատրաստակամությունը նախորդ պայմանավորվածությունները հարգելու և իր միջնորդական առաքելությունը չզիջելու առումով, որին դրական էր արձագանքել Բաքուն։ Սահմանազատման գործընթացն ընթանում է ուղիղ, երկկողմ ձևաչափով՝ չնայած նրան, որ Մոսկվան խոսել էր միջնորդական հարթակ տրամադրելու հաղորդուղիների ապարաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների մասին։
Երկրորդն այն է, որ Բաքուն մի ձեռքով բանակցում է, մյուս ձեռքով՝ տորպեդահարում բանակցային գործընթացը՝ անվերջ նորացնելով նախապայմաններն ու հայտարարելով, որ հայկական կողմը խաղաղություն չի ուզում։ Չեմ կարծում, որ որևէ բեկումնային պահ կլինի՝ ներկա հանգամանքները նկատի ունենալով։

- Իսկ ինչպե՞ս եք բացատարում պաշտոնական Մոսկվայի այն ցանկությունը, թե ուրախ կլինեն ներդրում ունենալ խաղաղության պայմանագրի ստորագրման գործում։ Արդյոք Ադրբեջանին ձեռնտո՞ւ է Մոսկվայի ներգրավվածությունը։

- Ամբողջ գործընթացները, կարծում եմ, պետք է դիտարկել տարածաշրջանում մի կողմից ռուսական գործոնի պահպանման, մյուս կողմից՝ դրա հեռացման աշխարհաքաղաքականության շրջածիրում և այդ տրամաբանությամբ։ Բաքու-Մոսկվա համագործակցության շերտերն ավելանում են։ Ադրբեջանը ոչ միայն ռուսական էներգիայի միջնորդ արտահանողն է, այլև նախագծերը հուշում են, որ դառնում է ընդհանրապես ռուսական ապրանքատեսակների արտահանման կարևորագույն հանգրվան։ Մոսկվան Ադրբեջանի միջոցով փորձում է այլընտրանքային ուղիներ որոնել՝ իր մեկուսացման և շրջափակման պայմաններում, իսկ Ադրբեջանն աշխատում է Մոսկվայի ձեռքով ամբողջացնել իր վաղեմի խնդիրները։

- Հաջորդ շաբաթ ՌԴ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա։ Առհասարակ, ինչպե՞ս եք մեկնաբանում այս շրջանում Պուտինի հաճախակի դարձած այցերը։

- Մոսկվայի բոլոր քայլերը բացատրվում են ազդեցության գոտիների պահպանման և մյուս կողմից՝ ապաշրջափակման հետևանքների հաղթահարման ռազմավարությամբ։ Ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Միջին Ասիայում Ռուսաստանն իր արդեն նախկին տիրույթների պահպանման պայքար է մղում։

- Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սկսել է անդամ պետություններից պարզել, թե արդյոք նրանք ցանկանո՞ւմ են պատժամիջոցներ կիրառել իսրայելցի որոշ նախարարների նկատմամբ։ Ձեր կարծիքով՝ որոշ անձանց վրա կիրառվող սահմանափակումները կարո՞ղ են ազդել Իսրայելում վարվող քաղաքականության վրա։

- Պատժամիջոցների խնդրի առարկայացումը երկարատև գործընթաց է։ Եթե նկատենք, Բորելը պարզապես հարցն արծարծում է հարցականի տեսքով։ Հետո գուցե առաջարկով, գուցե կոչով կամ բանաձևի տեսքով։ Միաժամանակ, պիտի նկատել, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Օրակարգում է Իսրայելի տարածաշրջանային դերի վերանայման խնդիրը։ Այս համատեքստում տեսանելի են ԱՄՆ-Իրան և ԵՄ-Իրան հարաբերությունների վերադասավորման նախադրյալները։ 

Հայկ Մագոյան