Հարցազրույց

«Մարդիկ նոր հույս և հավատ տվող առաջնորդներ են փնտրում». Անի Սամսոնյան

Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն է։

- Հայաստանում ներքաղաքական կյանքը հանգիստ է, բայց սեպտեմբերին խորհրդարանը կսկսի հերթական նստաշրջանը։ Ի՞նչ քաղաքական զարգացումների սպասենք։

- Ամեն տարի օգոստոսին մեզ մոտ քաղաքական թեժ աշուններ են կանխատեսվում, բայց դա ավելի շատ պայմանավորված է պասիվ հանգստի սեզոնը ճանապարհելով և ինչ-որ քաղաքական–հասարակական ակտիվություն ակնկալելով։ Ժամանակակից լեզվով ասած՝ մարդկանց քաղաքական «դրայվ» է պետք։ Ներքին գործոններից ելնելով՝ կախված կառավարության և պառլամենտի աշխատանքից, ներքաղաքական կյանքը կաշխուժանա։ Սակայն այդ կյանքը մեզ մոտ մեծապես կապված է արտաքին զարգացումներից։ Օրինակ, արտահերթ ընտրությունների համար զուտ ներքաղաքական պարարտ հող չեմ տեսնում, բայց եթե լինեն արտաքին մարտահրավերներով պայմանավորված ոչ բարենպաստ զարգացումներ, մեզ մոտ կարող է ամեն ինչ խառնվել իրար։ Բոլոր դեպքերում, իշխանությունը և, մասնավորապես, վարչապետը այս հեռանկարն ունի իր մտքում, այդ իսկ պատճառով գյուղից գյուղ ընկած քարոզարշավ է անում։ Եվ այդ հեռանկարի մասին չի խոսվելու, որպեսզի ոչ մի քաղաքական ուժ չհասցնի պատրաստվել արտահերթ ընտրություններին։ Բոլոր դեպքերում, միջազգային զարգացումները, օրինակ, ԱՄՆ ընտրությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքի ճգնաժամը, ինչու չէ՝ նաև մեր հարևան Վրաստանում ընտրական գործընթացներով պայմանավորված զարգացումները, միանշանակ ազդելու են Հայաստանի քաղաքական օրակարգերի վրա։ Ես կարծում եմ՝ եթե զարգացումները լինեն ներկա իշխանություն-նախկին իշխանություն փակ շղթայում, դրանք որևէ հետաքրքրություն այլևս չունեն, որովհետև մարդիկ հոգնել են թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից։ Մարդիկ նոր դեմքեր, նոր խոսք, նոր հույս և հավատ տվող առաջնորդների է փնտրում։

- Ընդդիմություն-իշխանություն հարաբերություններն ինչպե՞ս կընթանան։

- Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները շատ դառն են պառլամենտի նիստերի դահլիճում՝ տեսախցիկների առջև, բայց շատ քաղցր՝ արտասահմանում գործուղումների ընթացքում, լավագույնս շահավետ են բիզնես–գործարքների դեպքերում, և այդ հարաբերությունները կպահպանվեն նաև աշնանը։ Բացի դա՝ խորհրդարանական ընդդիմության ակտիվությունը և քաղաքական օրակարգը ուղիղ կապ ունի արտաքին ազդեցությունների հետ, ինչքան էլ առավոտից երեկո խոսեն ազգային շահերի մասին։

- Դուք այն քաղաքական գործիչներից էիք, որ միացաք Բագրատ Սրբազանին։ Ինչու՞ այդ շարժումը չհաջողեց, և ովքե՞ր խանգարեցին կամ ովքե՞ր են խանգարում շարժման հաջողությանը։

- Շարժումը չհաջողեց երկու պատճառով։ Առաջին, մարդիկ դրա հետևում տեսան նախկինների ականջները, իշխանությունը պրոպագանդայով կարողացավ հասցնել այդ մեսիջը հանրության լայն շերտերին, իսկ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը չձեռնարկեց քայլեր, որպեսզի հանրությանն ապացուցի հակառակը։ Երկրորդ պատճառը համոզիչ և հստակ քաղաքական ծրագրի և պլանի բացակայությունն էր։ Մարդիկ այդպես էլ չհասկացան շարժման քայլերի տրամաբանությունը, իսկ փողոցային շարժումները մտցնել խուճուճ և չպլանավորված իրավական գործընթացների մեջ՝ մաշելու տանող ճանապարհ է։

- Ձեր կարծիքով՝ «սրբազան» պայքարը հաջողելու շանսեր ունի՞՝ հոգևորականի առաջնորդությամբ։

- Նույն դեմքերով, նույն խոսույթով, նույն մարտավարությամբ հաջողելու շանս շարժումը չունի։ Չեմ պատկերացնում՝ ինչ հանճարեղ բան պետք է արվի, որ շարժման հեղինակությունը փրկվի։ Շարժումը կարող է միայն սպասել նոր քաղաքական զարգացումների և փորձել ինչ-որ պահի որսալ նորից ակտիվանալու պահը, բայց մինչև դա անելը Բագրատ Սրբազանը պետք է համոզի մարդկանց, որ ինքը չի ղեկավարվում կամ հովանավորվում նախկին իշխանությունների կողմից։

- Հուլիսին հայտնեցիք, որ դուրս եք գալիս ԼՀԿ-ից։ Քաղաքական առումով ի՞նչ սպասել Անի Սամսոնյանից, ո՞ր ճակատում կամ թևում կտեսնենք Ձեզ։

- Այո, ես շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ, բայց թե ինչ ձևաչափով, կհայտարարեմ, երբ գա դրա մասին հայտնելու ժամանակը։

Հայկ Մագոյան