Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Կխնդրեի անդրադառնալ ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այցին։ Ինչո՞ւ Պուտինը պետական այցով մեկնեց Բաքու․ ո՞րն էր դրա գլխավոր ուղերձը
- Մի քանի դիտարկում կարող ենք են անել։ Նախ, ժամանակահատվածը. Ուկրաինական ուժերը հատել են Ռուսաստանի սահմանը, և թեժ կռիվներ են գնում սահմանային տարածքներում։ Նման պահին Հվ․ Կովկաս մեկնելը Պուտինի կողմից ուղերձ է ոչ միայն առնչված կողմերին, այլև հավաքական Արևմուտքին, որ տարածաշրջանը դեռևս ռուսական տիրույթ է։ Ինչպես ուղղակի ասվեց, Ուկրաինայում ներգրաված լինելը դեռ չի նշանակում հրաժարում Հվ․ Կովկասից։
- ՌԴ նախագահն անդրադարձավ նաև տարածաշրջանային հարցերին, և ասաց, որ Մոսկվան ուրախ կլինի ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այս հայտարարությունը։
- Մոսկվան ուզում է պահել միջնորդի և երաշխավորի կարգավիճակը։ Նախաձեռնությունը ընկալվում է աշխարհաքաղաքական մրցապայքարի շրջանակներում՝ ԱՄՆ-ՌԴ կամ հավաքական Արևմուտք-ՌԴ հարաբերակցությամբ։ Մոսկվան ուզում է մրցավարի կարգավիճակը պահպանել։
- Իսկ ի՞նչ էր նշանակում Ալիևի այն հայտարարությունը, թե ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններից է կախված Կովկասի խաղաղությունը։
- Երկու բան կարող եմ ասել։ Նախ, հաստատում է Մոսկվա-Բաքու համագործակցության խորացումը։ Երկրորդ, ուզում է ասել, որ Երևանը գործոն չէ տարածաշրջանային գլխավոր իրադարձություններին։
- Անդրադարձ եղավ նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին, և Լավրովը կրկին Հայաստանին մեղադրեց այդ հարցում։ Ավելի ուշ նրա խոսնակ Զախարովան էլ էր Հայաստանին մեղադրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք՝ արդյո՞ք Հայաստանն է մեղավոր եռակողմ հայտարարության 9-րդ կետը չկատարելու հարցում։
- Պուտինի այցը և ռուս պաշտոնատարների հայտարարությունները նպատակ ունեն վերագործարկել նոյեմբերյան հայտարարությունը, որտեղ ռուսական գործոնը հիմնական դերակատար է՝ իբրև միջնորդ և գլխավոր երաշխավոր։ Ըստ էության և իրապես, նոյեմբերյան համաձայնությունը չեղարկվել է․ և այստեղ հիմնական ոտնահարողը, պայմանավորվածությունները խախտողը Ադրբեջանն է։ Մոսկվային չի հաջողվել զսպել Ադրբեջանին․ ավելի ճիշտ՝ գործարքային հարաբերությունները փուլ առ փուլ խորացել են Մոսկվայի և Բաքվի միջև։
Արման Գալոյան