Հարցազրույց

«Ալիևը առաջարկեց Թուրքիայի փոխարեն որպես գործընկեր դիտարկել Ադրբեջանին»․ Սուրենյանց

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Բաքվում էր։ Ի՞նչ տպավորություն ունեք այցից, հատկապես, որ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն ուրախ կլինի ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այս հայտարարությունը։

- Պուտինը հստակ հասկացրեց, որ անկախ նրանից, որ Ռուսաստանն այսօր բախվում է խնդիրների հետ, նա չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։ Մեսիջը դա էր։ Միամիտ կլինի ակնկալել, որ Պուտինի միջնորդությունը արագ կընդունվի կամ դրան հակված կլինեն Բաքվում և Երևանում, բայց Բաքվում առերևույթ ցույց տվեցին, որ ուրախ կլինեն բանակցությունները շարունակել Մոսկվայում։ Բայց կրկին հասկանալի է, որ Ադրբեջանն արդեն ստացել է իր երազած ձևաչափը։ Դա առանց միջնորդների բանակցություններն է, և նրանք չեն պատրաստվում բանակցությունները տեղափոխել ռուսական կամ, թեկուզ, արևմտյան հարթակ։ Հիմա այս դեպքում հարց կառաջանա՝ ինչու՞ է Բաքուն Բայրամովի շուրթերից երեկ հնչեցնում, որ Մոսկվան բանակցությունների համար ընդունելի է և այլն․ պարզ պատճառով, որովհետև Բաքվում հստակ պատկերացում ունեն, որ Հայաստանը Պուտինի միջնորդությունը մերժելու է։

- Իսկ ի՞նչ է նշանակում Ալիևի այն հայտարարությունը, թե ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններից է կախված Կովկասի խաղաղությունը։

- Սա ամենալուրջ հայտարարությունն է, որ երեկ լսել եմ Բաքվից։ Մինչև այս պահը բոլորը խոսում են, որ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը հիմնված է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Ըստ էության, երեկ Ալիևը Պուտինին առաջարկեց այդ հարցում որպես գործընկեր Թուրքիայի փոխարեն դիտարկել իրեն։ Կարծում եմ՝ այդ խնդրում նույնիսկ Մոսկվայի և Բաքվի միջև ինչ-որ ընդհանուր պատկերացումներ կան։

- Թուրքիայի անունը չտալու փաստն ինչպե՞ս կընդունեն Անկարայում։

- Ակնհայտ է, որ որոշակի սառնություն կա Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում։ Երևի գիտեք, որ ռուսական կողմը հստակ ժամկետներ չի նշում, թե Պուտինը երբ կարող է այցելել Անկարա․ այցն անընդհատ հետաձգվում է։ Մյուս կողմից տեսնում ենք, որ Բաքուն հրաժարվում է վերջնական աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու քաղաքականությունից և շատ արդյունավետ մանևրում՝ մի կողմից Ռուսաստանի ու Թուրքիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, մեծացնելով իր սուբյեկտությունը։ Սա փաստ է, որի հետ Թուրքիայում էլ են ստիպված հաշվի նստելու։ Ի վերջո, Ադրբեջանի քաղաքականությունը մշտապես է այդպիսին եղել․ դիվերսիֆիկացիայի այն մակարդակը ապահովել, որը Բաքվին միակողմանի կախվածության մեջ չի դնի որևէ կենտրոնից։

-Լավրովը հայտարարեց, որ հայկական կողմն է սաբոտաժի ենթարկում կոմունիկացիաների հարցի լուծումը։ Ի՞նչ մեսիջներ է փոխանցում այս հայտարարությունը։ Սա նշանակու՞մ է, որ Ռուսաստանը չի հրաժարվելու նոյեմբերի 9-ի փաստաթղթից։

- Ռուսաստանը, բնականաբար, չի հրաժարվելու տարածաշրջանում գերակա դիրք ունենալու մտադրություններից։ Պետք է ճիշտ հասկանանք. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը առաջ եկավ այն պատճառով, որ մենք պատերազմում պարտվեցինք։ Ցավոք, պատերազմի պարտության պատճառով Սյունիքը դարձավ հայ-ադրբեջանական հակամարտության մաս՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Եթե ուսումնասիրեք, կնկատեք, որ աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարը տարածաշրջանում հենց Արաքսի հովտի 42 կմ-ի վերահսկողության շուրջ է ծավալվում։ Օ՛Բրայենն էլ է արտահայտվել և չի թաքցրել, որ միջին միջանցքը, որի մաս է «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար գերակայություն է։ Օ՛Բրայենի ասածից էլ ենթադրվում է, որ այդ միջանցքն ինչ-որ սովորական կոմունիկացիա չի լինելու։ Դե, Ռուսաստանի ցանկություններն էլ արտացոլված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այսինքն, աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության թեման հենց սա է, թե ով է վերահսկողության որոշակի էլեմենտներ ունենալու Սյունիքով անցնող այդ 42 կմ-ի վրա։

Հայկ Մագոյան