Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Բաքվում է։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս այցը՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի այս ակտիվ փուլում։
- Պուտինի այցը Բաքու որևէ զարմանալի տարր չի պարունակում։ Սա ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է։ Որ ասում են՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմ, այս պահին, գոնե քաղաքական իմաստով, Ադրբեջանն ավելի սերտ տանդեմ ունի Ռուսաստանի հետ, քան Թուրքիայի։ Կա ակնհայտ շահերի համընկնում, որը չկա այս պահին Թուրքիայի հետ, որովհետև Թուրքիան ավերիչ երկրաշարժից հետո, տնտեսական կոլապսի հետևանքով, ստիպված է ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ։ Այնպես որ, զարմանալի բան այս այցում չկա։ Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակելու են իրենց հարաբերությունները ամրապնդել, և այստեղ անգամ ռուս-ուկրաինական պատերազմը դերակատարում չունի։ Նույն Ադրբեջանը Ռուսաստանի հետ հակասություն ունի Ուկրաինայի հարցում, բայց սա էլ չի ազդելու, քանի որ շահերը համընկնումն ակնհայտ է՝ տնտեսական շահերն են, տարածաշրջանում նրանց ընդհանուր դիրքն է, Հայաստանի նկատմամբ թշնամությունը և այլ ուղղություններ։
- ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս այցից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ի՞նչ փուլ կմտնի։ Դրական տեղաշարժ կանխատեսու՞մ եք։
- Ռուսաստանի դերակատարման հետ կապված որևէ դրական ակնկալիք ունենալ 2020թ․ սեպտեմբերի 27-ից հետո՝ անիմաստ է։ Ռուսաստանը չի կարող դրական ազդեցություն ունենալ։ Նրա միակ դերակատարումը այս տարածաշրջանում հայ ժողովրդի, Հայաստանի մասնատումն է։ Ինչու եմ ասում հայ ժողովրդի, որովհետև Արցախը մասնատվեց թուրքերի և ռուսների միջև։ Այն տարածքը, որը ռուսներն իրենցն էին հռչակել, դա էլ հանձնեցին Ադրբեջանին։ Այնպես որ, դրական կանխատեսում չեմ կարող ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, որովհետև Ռուսաստանի դերակատարումը այդ հարաբերություններում միայն ապակառուցողական է։ Էլեմենտար հարց՝ Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում լինի. ոչ մի դեպքում։ Եթե սահմանազատում եղավ, Ալիևը ու, հետևապես, Պուտինը կորցնում են վերջին պատճառը՝ հարձակվել Հայաստանի վրա։ Մինչ այդ առիթն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իբր սահման չկա։ Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործեն և վերաբացվեն կոմունիկացիաներն՝ առանց իր ներկայության, առանց ԱԴԾ-ի, ինչպես գրած է չարաբաստիկ թղթի կտորի մեջ։ Իհարկե, ոչ։ Ռուսաստանը շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի խաղաղություն։ Դա բոլորին արդեն հայտնի փաստ է, և 1991թ․ սկսած է այդ քաղաքականությունը։ Այնպես որ, այստեղ որևէ դրական տեղաշարժ չի կարող լինել։ Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը այնքան ողջամիտ կլինի, որ ընդհանրապես կբացառի Ռուսաստանի դերակատարումը՝ որպես միջնորդ կամ մասնակից հայ-ադրբեջանական բանակցություններում։
- Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չէ՞ր լինի, որ Պուտինը նաև Հայաստան գար պետական այցով։
- Հաշվի առնելով այն բոլոր հանգամանքները, որի մասին խոսեցի՝ Ռուսաստանի ապակառուցողական դերակատարումը, որ Ռուսաստանը փաստացի Հայաստանի թշնամին է ու Ադրբեջանի դաշնակիցը, Պուտինը Հայաստանում անելիք չունի, որովհետև նա չի կարող գալ Հայաստան օրակարգով, որը կբխի Հայաստանի շահերից։ Պուտինն ընդհանրապես Հայաստան չպետք է գա։
Հայկ Մագոյան