Հարցազրույց

«Կատարյան հանդիպումները դրական միտումներ են դրսևորում». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Իսրայելն անօդաչուներով հրետակոծել է Լիբանանի հարավը: Այս պահին ի՞նչ իրավիճակ է Լիբանանում, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

- Անօդաչուների հարվածները երկկողմանի ընթացող պատերազմի մարտավարական օրինաչափ երևույթի են վերածվել։ Ընթացիկ իրավիճակն է դեռևս Լիբանանի հարավային հատվածում։ Լիբանանում պատերազմական գործողությունների տարողության հարափոփոխությունը կապված է Գազայի պատերազմի և կոնկրետ հիմա ընթացող բանակցությունների հետ։ Չի բացառվում, որ հրադադարի համաձայնությունը կայանա, ինչը կանգառ կապահովի ամբողջ տարածաշրջանում պրոքսիների, ընդ որում՝ Լիբանանի դեպքում։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում Իրանի ներկայիս դիրքավորումը Իսրայելի հարցում. իրավիճակը, կարծես, հայտարարությունից այն կողմ չի անցնում։ Ի՞նչ սպասել իրանական կողմից։

- Մի քանի հանգամանք այս առումով կարող է լիցքաթափել մթնոլորտը։ Մի քանի օտար ավիաընկերություն հայտարարել են, որ վերսկսում են իրենց թռիչքները դեպի Բեյրութ։ Ավելի գլոբալ առումով՝ Սպիտակ տունը հաղորդագրություն հրապարակեց՝ ասելով, որ Իսրայելը լուծել է պատերազմական իր խնդիրները և պատերազմը։ Սա առաջին հայացքից ռազմավարական գործընկերոջ զորակցական հայտարարություն է, բայց խորքում ուղերձ է Թել Ավիվին, որ համաձայնվի հրադադարին։ Երրորդ ուշագրավ երևույթ ևս կա․ քուվեյթյան լրատվամիջոցը հրապարակել է նյութ, որտեղ արձանագրվում է, որ Համասի նորընտիր նախագահը ճկունություն է դրսևորում բանակցություններում։ Այս հանգամանքները ձևավորում են ընդհանուր դրական միտումների նախադրյալներ։ Այս գործընթացը, ըստ էության, ընթանում է Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների խորապատկերի վրա։ Հետագա միտումները կբխեն այս երկկողմ պայմանավորվածություններից կամ հակասություններից։

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում է անցկացրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հանդիպումը։

- Փակ ռեժիմով կայացած հանդիպումից հետո Աբասը ելույթ էր ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր ասամբլեայում։ Հայտարարության առանցքն այն էր, որ իր գլխավորած պետության ամբողջ ղեկավարությունը գնալու է Գազա։ Սա կարճաժամկետ դրվածքով տեղավորվում է Համաս-Պաղեստինի ազատագրության կազմակերպություն հաշտեցման և միավորման գործընթացով, ավելի հեռահար՝ «երկու պետություն» բանաձևին ընդառաջ։ Չմոռանանք, որ Չինաստանը նախաձեռնել էր պաղեստինյան երկու թևերի մերձեցման գործընթացը։ Անկարան փորձում է դիվիդենտ շահել և ցատկել ընթացող գնացքի մեջ՝ իբրև պաղեստինյան ղեկավարությունը համախմբող և միավորող գործոն։ Մի կողմից համաարաբական համակրանք շահելու քայլ է, սակայն, ըստ էության, ազդեցիկության մրցապայքար՝ Անկարա- Թեհրան հարաբերակցությամբ։ Սակայն չեմ կարծում, որ Անկարան ի հեճուկս ԱՄՆ-ի է նման քայլեր անում։

Հայկ Մագոյան