Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է
- Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը նոր թափ է հավաքել։ Ձեր կարծիքով Կուրսկի հարձակումը կարո՞ղ է փոխել պատերազմի հետագիծը։
- Այո՛, կարող է փոխել, սակայն այն չի լինի բեկում պատերազմում։
- Մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն է, մյուս կողմից էլ Իրան-Իսրայել լարվածությունն է սրվել։ Հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում՝ արդյո՞ք այս գործընթացները կարող են ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
- Գործընթացի վրա կոսմետիկ ազդեցություն, անշուշտ, ունեն և կունենան, իսկ կարգավորման վրա՝ ոչ մի դեպքում։
- Հայտարարվեց, որ կողմերի համաձայնությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ խաղաղության պայմանագրի օրակարգից դուրս է եկել ճանապարհների ապաշրջափակման հարցը և այն թողնվելու է հետագա քննարկումներին։ Խաղաղության պայմանագրից ապաշրջափակման հարցի դուրս բերումը ի՞նչ ռիսկեր ու խնդիրներ է առաջ բերում։
- Դա այսօր է այդպես հայտարարվում, իսկ իրականում ապաշրջափակումը չի կարող դուրս թողնվել երբևէ կնքվելիք պայմանագրից։ Քանի որ դուրս թողնման թեզը զուտ դիվանագիտական-քարոզչական է և ոչ իրական, ուստի իրենից չի ենթադրում ո՛չ ռիսկեր, ո՛չ խնդիրներ, ո՛չ էլ դրական տեսլականներ։
- Թեև ապաշրջափակման հարցը ժամանակավորապես քննարկման թեմա չէ, բայց Ադրբեջանը շարունակում է նախապայմանների քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Ադրբեջանը կնքի խաղաղության պայմանագիրը, որը իրական խաղաղության երաշխիք կլինի։
- Նախ՝ ամենևին համամիտ չեմ պայմանագրի՝ իրական խաղաղության երաշիք լինելու Ձեր թեզին։ Երկրորդ՝ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու կարող են հակել միայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Թուրքիան, իսկ նրանց այս պահին պե՞տք է խաղաղության պայմանագիր – վստահաբար՝ ո՛չ։ Հայաստանն այսօր մեկ բան կարող է անել՝ երբևէ խաղաղության պայմանագրի կնքման պահի համար պատրաստվել շահեկան դիրքերում գտնվելուն։ Հայաստանը հիմա նույնիսկ դա չի անում։
- Այս հարցում ի՞նչ դերակատարում ունեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։
- Առայժմ ոչ մեկին ձեռնտու չէ այդպիսի պայմանագրի կնքումը, քանի դեռ պարզ չէ Արևմուտք-Արևելք դիմակայության վերջնարդյունքը, ուստի նրանց դերակատարումը բխում է ոչ թե պայմանագրի կնքման խնդրից, այլ տարածաշրջանի քարտեզագրման իրենց շահերից, որի համար էլ կռվում են Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում, բացառված չէ՝ վաղն էլ Խաղաղօվիկանոսյան տարածաշրջանում։ Խաղաղության պայմանագրերը կնքվում են մեծ պատերազմների արդյունքների հիման վրա․ և հնարավոր չէ պատերազմի թատերաբեմի առանձին վերցրած հատվածում վերջնական լուծման՝ խաղաղության պայմանագրի ստորագրման գնալ։ Դա նույնն է, ինչ կարծենք, թե Հարավային Կովկասը կարող է դառնալ չորս կողում կրակի մեջ հայտնված տարածաշրջանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա Շվեյցարիայի պես մի բան․ անլուրջ է։ Միայն ԱՄՆ-ն այսօր շահագրգռություն ունի, որ մինչև վերջնարդյունքի ի հայտ գալը պահպանվի մազից կախված այս երերուն խաղաղությունը, ուստի միայն նրան ենք պարտական այսօրվա, և երանի թե՝ նաև վաղվա, զինադադարային վիճակի համար։ Ռուսաստանին և Թուրքիային ինչ-որ պահերի (իսկ դրանք բազմադեմ ու բազմապիսի են) կարող է նույնիսկ ձեռնտու լինել ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ արդեն 4 տարի պահպանվող զինադադարային ներկա վիճակի փլուզումը, ուր մնաց թե դրական իմաստով դերակատարություն ունենան։ Պատրաստվել է պետք։
Հայկ Մագոյան