Հարցազրույց

«Ադրբեջանը փորձում է «տաք պահել կրակը»՝ հարմար պահին ուժի գործոնով հարց լուծելու համար». Բադալյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։

- Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից դուրս է եկել ապաշրջափակման հարցը՝ թողնվելով հետագա քննարկումներին։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ անգամ պայմանագրի կնքումից հետո հարցերը լուծում չեն ստանում, և ապաշրջափակման հարցը մի օր գործիք կամ նոր պատերազմի պատճառ է դառնալու Ադրբեջանի ձեռքին։

- Կարծում եմ՝ ճանապարհների հարցը խաղաղության պայմանագրի գործընթացից անջատելու այս համաձայնությունը ավելի շատ պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առնվազն մի ընդհանուր շահով՝ զերծ մնալ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ այն «միջին միջանցք» ծրագրի մեջ անմիջականորեն ներքաշվելու հեռանկարից, որ փորձում է առաջ մղել Միացյալ Նահանգները։ Եվ այդ հարցում նաև շահագրգռություն ունի նաև Մեծ Բրիտանիան։ Բնական է՝ թե Երևանը, թե Բաքուն, չնայած միմյանց միջև եղած տարաձայնություններին այդ ճանապարհների ապաշրջափակման ռեժիմի հարցում, այդուհանդերձ, նվազագույնը մեկ ընդհանուր շահ կարող են ունենալ։ Այսինքն, չհայտնվել որևէ նախագծի շրջանակում, որը ռազմավարական մարտահրավեր է նշածս եռյակի համար։ Իհարկե, տարբեր ասպեկտներով, այսինքն, Ռուսաստանի և Իրանի դեպքում կա մի պարագա, Չինաստանի դեպքում՝ այլ պարագա։ Բայց, ընդհանուր առմամբ, սա է բուն նպատակը՝ որոշակիորեն առկախել այս հարցի շուրջ քննարկումները, քանի որ մենք տեսնում ենք, որ բավական սրվում է մրցակցությունը այս ճանապարհների, երթուղիների, լոգիստիկայի համար պայքարի հարցում։

Ինչ վերաբերվում է նոր պատերազմի պատճառ կամ գործիք դառնալուն, կարծում եմ, որ նույնիսկ այս հարցի լուծումից չէ, որ ինչ-որ երաշխիքներ են կախված։ Նոր պատերազմի բացառման երաշխիքը ուժերի բալանսավորվածությունն է։ Սա է պատերազմների կանխարգելման կամ բացառման երաշխիքը՝ ուժերի բալանս միկրո մակարդակում, այսինքն, Հայաստան-Ադրբեջան, և ուժերի բալանս ընդհանրապես Կովկասի անվտանգության համակարգում։ Մենք տեսնում ենք, որ այս 2 համակարգում էլ, խոշոր հաշվով, չկա այդ բալանսը։ Հետևաբար, միշտ կան ռիսկեր՝ անկախ նրանից, թե որ հարցում ինչ համաձայնություններ կլինեն, կամ խաղաղության պայմանագիր կստորագրվի, թե՝ ոչ։ Ինչպես դասական ֆիլմում է ասվում, պատճառ միշտ էլ կգտնվի։ Եվ եթե պատերազմի բալանսային հիմքերը կան, ապա պատճառ, առիթ միշտ էլ հնարավոր է ստեղծել՝ երբեմն արագ, երբեմն որոշակի ժամանակահատվածում, բայց գլխավոր երաշխիքը բալանսավորվածությունն է։ Ցավոք սրտի, թե միկրո, թե մակրո մակարդակներում մենք այսօր չունենք այդ բալանսը։

- Ադրբեջանը շարունակում է նախապայմանների քաղաքականությունը՝ պահանջելով փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Ինչ է կարող անել և պետք է անի Հայաստանը, որպեսզի Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիր, որը կերաշխավորի և կապահովի իրական խաղաղություն։

- Ինչպես նշեցի, խաղաղության պայմանագիրը չի ապահովի, չի երաշխավորի իրական խաղաղություն։ Եվ սա հասկանում են բոլորը։ Դրա համար էլ թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե նաև շահագրգռված ուժային կենտրոնների համար սա գործընթաց է, ոչ թե նպատակ։ Այսինքն, գործընթաց է ինչ-որ նպատակներ սպասարկելու համար։ Դիցուք, Հայաստանի նպատակն է այս գործընթացով հնարավորինս ապահովել կայունության ժամանակային և տարածական միջավայր, որը թույլ կտա Հայաստանին վերականգնել տնտեսական, պաշտպանական կարողությունները և այլն։ Ադրբեջանն այլ խնդիր է լուծում։ Ուժային տարբեր կենտրոններ այլ խնդիրներ են լուծում։ Ինչպես նշեցի, խաղաղությունը կախված չի լինելու՝ խաղաղության պայմանագիր կստորագրվի, թե՝ ոչ։ Խաղաղությունը կախված է լինելու ուժային բալանսից։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախապայմանների քաղաքականությանը, ապա Ադրբեջանն առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ՝ աշխարհում չկա խաղաղության միջավայր։ Կա մի պատմական ժամանակաշրջան, որտեղ հարցեր լուծելու գլխավոր գործիքն ուժն է, և այս իրավիճակն ստացել է բավական պարարտ հող համաշխարհային մասշտաբով։ Իսկ քանի որ Ադրբեջանն իրեն համարում է Հայաստանից ուժեղ, ապա որևէ կերպ մոտիվացված չէ որևէ անգամ փաստաթղթային հարաբերական իմաստով կաշկանդվածություն ունենալ Հայաստանի հանդեմ։ Եվ այս տեսանկյունից Ադրբեջանն անընդհատ փորձում է «տաք պահել կրակը»՝ հարմար պահին ուժի գործոնով մեծ կամ փոքր հարց լուծելու համար։ 

Հայաստանի անելիքը հնարավորինս ճկուն խաղալն է՝ մի կողմից Ադրբեջանին առիթ չտալով, մյուս կողմից նաև Ադրբեջանին զսպելու տեսանկյունից սեփական քաղաքական շահերը չզիջելով, որովհետև հակառակ պարագայում դա կնշանակի պարզապես Ադրբեջանին սնուցել այս շանտաժի քաղաքականությունը, քան կառավարել կամ զսպել այն։

Հայկ Մագոյան