Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։
- Մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն է նոր թափ առել, մյուս կողմից Իրան-Իսրայել հակամարտությունն է սրվել, ԱՄՆ-ում նախընտրական իրավիճակ է։ Այս գործընթացներն ի՞նչ ազդեցություն են ունենում մեր տարածաշրջանի վրա։
- Ռուս-ուկրաինական պատերազմը և Իրան-Իսրայել լարվածությունը համադրելի չեն: Գուցե դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանը ձգտում է Իրանի հետ ռազմական համագործակցության խորացման: Եթե ԱՄՆ-ին հաջողվի իսրայելա-իրանական լարվածությունը պահել կառավարելիության ռեժիմում, Հարավային Կովկասի շուրջ ռիսկերը չեն աճի:
- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը կախվա՞ծ է վերը նշված գործոններից, թե՞ բացառապես կախված է Ադրբեջանի և Հայաստանի ցանկությունից։
-Եթե հայ-ադրբեջանական կարգավորումը կախված լիներ միայն կողմերից, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի:
- Ռիսկեր ու խնդիրներ տեսնու՞մ եք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից դուրս է եկել ապաշրջափակման հարցը՝ այն թողնվելով հետագա քննարկումներին։ Սա չի՞ նշանակում, որ անգամ պայմանագրի կնքումից հետո հարցերը լուծում չեն ստանում, և ապաշրջափակման հարցը մի օր գործիք է դառնալու Ադրբեջանի ձեռքին։
- Ես ամենասկզբից այն կարծիքին եմ եղել, որ հայ-ադրբեջանական փաթեթային պայմանագիր հնարավոր չէ ստորագրել: Կողմերն, ըստ այդմ, պետք է հարաբերությունների սկզբունքների մասին շրջանակային փաստաթուղթ համաձայնեցնեն, որ խորհրդարանական վավերացում կանցնի, կմտնի օրինական ուժի մեջ: Մյուս հարցերը ենթակա են առանձին պայմանագրային կարգավորման:
- Ադրբեջանը հիմա էլ պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Ադրբեջանն այլևս նախապայմաններ առաջ չքաշի և գնա խաղաղության ճանապարհով։
- Հայաստանը պետք է հայտարարի, որ սահմանադրական փոփոխություն չի կատարի այն իմաստով, որ Ադրբեջանն է պնդում:
Հայկ Մագոյան