Հարցազրույց

«ԱՄՆ-ն առաջադրում է «իրանյան սահմանափակ պատասխանի դիմաց հրադադար» բանաձևը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Իսրայելի ռազմական գործողությունները Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի դեմ լարվածություն են առաջացրել Լիբանանում: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ: Հավանակա՞ն է, որ այդ լարվածությունը տարածաշրջանային պատերազմի վերաճի։

- Լիբանանում այժմ սպասողական, գերլարված իրավիճակ է։ Թեհրանն ու Հեզբոլլահը հայտարարել են, որ պատասխանելու են, ինչին Թել-Ավիվը արձագանքել է, որ պատասխանելու դեպքում անպայման կլինի ծանր հարված։ Հակահարված-հակահարվածի շղթայական ընթացքի միտումներ են։ Միջազգային ճնշումներն ուժեղանում են, որպեսզի իրանյան հակահարվածը լինի թիրախային և չվերածվի լայնածավալ պատերազմի։ Խնդիրն այն է, որ տարածաշրջանում պրոքսիների տեսքով, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն և Իրանը գլխավոր զսպիչ գործոններն են, որպեսզի ռազմական գործողությունները ընթանան բազմակետային և բազմաթիրախային։ Հիմա Իրանը պատասխանողի դիրքում է, և որոշակի առումով իրենից է կախված ռազմական գործողությունների ծավալի հետագա պատկերը։ ԱՄՆ-ն առաջադրում է «իրանյան սահմանափակ պատասխանի դիմաց հրադադար» բանաձևը։

- Շարունակաբար խոսվում էր, որ իրանական կողմը կհարվածի Իսրայելին, սակայն մինչ այս պահը Իրանը զուսպ է։ Ի՞նչ ընթացք կստանա իրավիճակը, և արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով կգնան կողմները։

- Ծավալային պատերազմի վտանգն ստեղծում է Իսրայելը։ Նեթանյահուն ներհասարակական լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Զանգվածային բողոքի ակցիաներ են․ պահանջում են վարչապետի հրաժարականը։ Նա իր հայտարարած առաջադրանքները չի իրականցրել։ Գազայի պատերազմը շարունակվում է։ Գերիները ազատ չեն արձակվել, իսրայելյան ուժերը չեն տեղակայվել Գազայում, և Համասը չի ոչնչացվել։ Հրադադարը ներկա պայմաններում Նեթանյահուի վարչակարգի տապալումը կլինի։ Այս համատեքստում էլ պիտի դիտարկել Բեյրութի հարավային արվարձանում և հենց Թեհրանում Իսրայելի իրականացրած գործողությունները։ 

- Ուկրաինական ԶՈւ-ն մասշտաբային հարձակում է իրականացրել ՌԴ մի շարք մարզերի վրա, Կուրսկի մարզից գրավված են որոշ շրջաններ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ուկրաինական կողմի հաջողությունները․ ռիսկեր չկա՞ն, որ ռուսական կողմը կդիմի առավել կոշտ միջոցների՝ Ուկրաինայի առաջխաղացումը կասեցնելու համար։

- Կարծում եմ՝ անպայման կլինի ռուսական հակահարձակում։ Չմոռանանք, որ այս գործողություններից անմիջապես առաջ կողմերը բանակցելու տրամադրություններ էին դրսևորում։ Ուկրաինայի ռազմական ակտիվացումը Արևմուտքի ակտիվացումն է ՌԴ-ի դեմ։ Այս դեպքում հեռակառավարումը Վաշինգտոնից է, որին միանում են ԱՄՆ-ի արբանյակ պետությունները։ Միտումն այն է՝ ՌԴ-ին ներքաշված պահել պատերազմում։ Երկարատևությունը բխում է հակառուսական ուժերի շահերից։
Այստեղ, սակայն, կոնկրետ այս հարցով երանգային տարբերություններ են երևում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշումների միջև։ ԱՄՆ-ն բացատրություն է պահանջում Կիևից վերջին հարձակումներին համար, մինչդեռ ԵՄ-ը հայտարարում է, որ Կիևի իրավունքն է ՌԴ-ին հարվածելով ինքնապաշտպանվելը։ 

- Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին պատրաստվում են բանավիճել ABC հեռուստաալիքով։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն կունենա այս բանավեճը ընտրությունների արդյունքների վրա։

- Կարծում եմ՝ Հարիսը որոշակիորեն կվերականգնի Բայդենի կորցրածը նախորդ բանավեճում։ Մինչև բանավեճն արդեն վարկանիշերի գրանցումները որոշակիորեն փոխվել են։ Թեկնածուները վարկանշային առումով շատ մոտ են։ Անկախ Ուկրաինայից, Միջին Արևելքից կամ երկրագնդի այլ թեժ կետերից՝ ամենաազդեցիկ խնդիրները լինելու են ներամերիկյան հարցերը՝ հարկերից մինչև տնտեսական քաղաքականություն, սեռային իրավահավասարություն, աբորտի իրավունքի հետ կապված հարցեր, ներգաղթյալների օրենքներ, ուսանողական վարկեր, բժշկական ապահովագրության ծրագրեր և այլն։ Արտաքին քաղաքականությունն անգամ ընկալվելու է ԱՄՆ քաղաքացու վրա  ֆինանսական հավանական ազդեցության ոսպնյակից։ Բանավեճը կարող է անմիջական արդյունքներ գրանցել և տատանել վարկանիշերի առաջին հորիզոնականի թվերը։ Բայց դա միակ գործոնը չէ։

Հայկ Մագոյան