Հարցազրույց

«ԱՄՆ-ն կկանխի Իսրայելին, բայց միաժամանակ կպաշտպանի Իրանի հավանական հարձակումներից». իրանագետ

Radar Armenia-ի զրուցակիցն իրանագետ Տիգրան Դավուդյանն է։

- Ի՞նչ զարգացումների սպասել Իրան-Իսրայել հակամարտությունում. լայնամասշտաբ պատերազմի կգնա՞ն կողմերը։

- Իմ կարծիքով՝ լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Իսրայելը, հատկապես իր ռազմատենչ վարչապետ Նաթանյահուի գլխավորությամբ, ցանկանում է Իրանին ներքաշել մի մեծ պատերազմում, որտեղ մասնակից կլինի նաև ԱՄՆ-ն։ Իսրայելը գիտի, որ միայնակ չի կարող չեզոքացնել Իրանի և նրա ներկայացուցչական (պրոքսի) ուժերի սպառնալիքը, և իր սադրիչ քայլերով փորձում է Իրանին ներքաշել մեծ պատերազմում ու, նաև, խնդիրներ և իշխանության ճգնաժամ ստեղծել Իրանի ներսում։ 

Իրանի արժանապատվությունը խոցված է իր բարձրաստիճան հյուրի սպանության փաստով․ նույն ձեռագրով Բեյրութում սպանվել էր նաև Իրանի մեկ այլ թիմակից` «Հեզբոլլահից»։ Իրանն իր մերձավորարևելյան թիմակիցների միջոցով կփորձի սահմանափակ հարված հասցնել Իսրայելին։

- Եթե իրանական կողմը, այնուամենայնիվ, արձագանքի Իսրայելին և հարված հասցնի, սրան չի՞ հաջորդի իսրայելական կողմի պատասխան հարվածը, թե՞ Միացյալ Նահանգները թույլ չի տա և կկանխի Իսրայելին։

- Իրանը նախորդ անգամներում 7֊14 օր հետո է հակազդել ահաբեկչական նմանատիպ դեպքերին. հակազդեցության մասին ԱՄՆ֊ն առերևույթ տեղեկացված է եղել։ Իրանն այս անգամ էլ մանրակրկիտ հաշվարկում է իր քայլերը. հենց երեկ էր, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն Իրանում էր, և, փորձագետների կարծիքով, ԻԻՀ֊ն իր ռազմավարական գործընկերոջից պահանջել է հակաօդային նորանոր զինտեխնիկա, որպեսզի կարողանա իր երկինքը պաշտպանել Իսրայելի հավանական հարձակումներից։ 

Չի բացառվում, որ Իսրայելը Իրանի հարվածներին պատասխանի Իրանի ռազմավարական օբյեկտների` էլեկտրակայանների, միջուկային էներգիայի հաստատությունների և հրթիռազենիթային կայանների ռմբակոծումով։ 

ԱՄՆ֊ն ցանկանում է նախընտրական խաղաղ շրջան, դեմ է տարածաշրջանային նորանոր սրացումների, դեռ ամիսներ առաջվանից միջնորդավորված բանակցություններ է սկսել Իրանի հետ։ Դրանք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակմանը, հրթիռաշինությանը, նավթի ազատ վաճառքին և պատժամիջոցների վերացման ու Իրանի պրոքսի-ուժերի գործունեության սահմանափակմանը։ Կարծում եմ՝ ԱՄՆ֊ն կկանխի Իսրայելին, բայց միաժամանակ վերջինիս կպաշտպանի Իրանի հավանական հարձակումներից։

- Որքանո՞վ է այս պահին Միացյալ Նահանգների համար անհրաժեշտ չսրել իրավիճակը. արդյո՞ք Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել ԱՄՆ-ում սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա։

- Այո, իմ կարծիքով՝ իրավիճակի սրումը ԱՄՆ դեմոկրատների շահերից չի բխում։ Դեմոկրատները ձգտում են վերարտադրվել, որին կողմ են իրանցիները, բայց Վաշինգտոնի գործող իշխանություններն առերևույթ Իսրայելի և, ավելի ճիշտ, վարչապետ Նաթանյահույի սրտով չեն։

Հայկ Մագոյան