Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։
- Բլինքենը հայտարարել է, որ Իրանն ու «Հեզբոլլահը» առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակվել Իսրայելի վրա. Իրանը պատերազմ կհայտարարի՞ Իսրայելին, թե՞ պատժիչ գործողություններ կձեռնարկի՝ փակելով հարցը։
- Կարծում եմ՝ Իրանն ու «Հեզբոլլահը» այս փուլում կփորձեն զերծ մնալ լայնամասշտաբ պատերազմից և կսահմանափակվեն Իսրայելի նկատմամբ միայն թիրախային հարվածներով, որովհետև կա կարծիք և վարկած, որ Իսրայելն ամեն կերպ փորձում է մեծ պատերազմի մեջ մղել Իրանին։ Եվ բնականաբար, Իրանը փորձում է չներքաշվել դրանում, որովհետև Իսրայելի դեմ պատերազմի մեջ ներքաշվելով՝ նա անմիջական պատերազմի մեջ է մտնելու ԱՄՆ-ի հետ։ Միացյալ Նահանգներն արդեն իսկ հայտարարել է, որ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է իր դաշնակից Իսրայելին, իսկ Իրանին ձեռնտու չէ ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ մտնել։ Այդ իսկ պատճառով Իրանը և նրա պրոքսի ուժերը, մանավանդ՝ «Հեզբոլլահը» միայն սահմանափակ և տեղային թիրախային հարվածներ կհասցնեն Իսրայելին։ Իրանը մի կողմից չի ցանկանում Իսրայելի հետ մեծ պատերազմի մեջ ներքաշվել, բայց մյուս կողմից էլ իր դեմքը փրկելու խնդիր ունի՝ մանավանդ երկրի մայրաքաղաքի սրտում Համասի առաջնորդ Իսմայիլ Հանյայի սպանությունից հետո Իրանն այս կամ այն կերպ պետք է ուղղակի պատասխանի, այլապես սա շատ լուրջ հարված է նաև Իրանի հեղինակությանը։ Դրա համար Իրանն իր դեմքը փրկելու խնդիր ունի։
- Հաշվի առնելով Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրությունները՝ որքանո՞վ է ԱՄՆ-ի համար շահեկան կամ վտանգավոր Իրան-Իսրայել հակամարտությունը։
- ԱՄՆ-ի համար ընդհանրապես շահեկան չէ Իրան-Իսրայել պատերազմի մեջ ներքաշվելը, և դա կապ չունի այս նախընտրական վիճակի հետ։ Ամիսներ առաջ էլ՝ ապրիլին, Իրանը հրթիռային ԱԹՍ-ներով հարվածներ հասցրեց Իսրայելին, ու ԱՄՆ-ն ամեն ինչ արեց, որ այն չվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի։ Եվ հիմա էլ ամեն բան անելու են, որ խոշոր աղետ, տարածաշրջանային մեծ պատերազմ տեղի չունենա։ Միջազգային մամուլում կան տեղեկություններ, որ Միացյալ Նահանգներն ամեն կերպ փորձում է համոզել Իրանի իշխանություններին։ Դա արվում է միջնորդավորված խողովակներով, որպեսզի Իրանը նույնպես սահմանափակվի թիրախային հարվածներով, և կոնֆլիկտը չվերածվի մեծ պատերազմի։ Այնպես որ, ԱՄՆ-ի շահերից էլ չի բխում, որ էսկալացիան ընդարձակվի։
- Եթե բանը հասնի Իրան-Իսրայել պատերազմին, ի՞նչ ազդեցություն կունենա այն մեր տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։
- Եթե, այնուամենայնիվ, բանը հասնի Իրան-Իսրայել պատերազմին, ամբողջ տարածաշրջանը ուղղակի վառոդի տակառի նման կբռնկվի։ Տարածաշրջանի բոլոր երկրները այս կամ այն կերպ իրենց մաշկի վրա կզգան այդ խոշոր պատերազմի հետևանքները։ Ոմանք նույնիսկ կներգրավվեն՝ իրենց կամքով, թե իրենց կամքից անկախ։ Հայաստանը, բնականաբար, պետք է չեզոքություն պահպանի և այդպես էլ կանի։ Բայց, նաև, եթե մեր հարևաններից մեկը՝ Իրանը, մեկ այլ հզոր երկրի հետ պատերազմի մեջ է մտնում, դա անկայունություն է Հայաստանի սահմանների մոտ, որը միշտ էլ հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Եվ բնականաբար, դա մեր շահերից չի բխում։
Հայկ Մագոյան