Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
- Թեհրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Նա Թեհրան էր ժամանել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության մասնակցելու նպատակով։ Ձեր կարծիքով ո՞վ է կանգնած այս սպանության հետևում և ի՞նչ հետևանքներ կունենա կատարվածը։
- Շատ կանխատեսելիորեն սրա հետևում կանգնած է Իսրայելը։ Անուղղակի իրենք չեն էլ հերքում։ Ինչպես գիտեք սովորաբար նման գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու մշակույթ չունի, բայց իրենց որոշ նախարարներ ակնարկներ են արել դրա մասին։ Մենք պետք է հասկանանք, որ Իսրայելի գործող վարչապետ Նեթանյահուն, ըստ էության, Գազայի հատվածում մխրճվելով պաղեստինյան ճահիճի մեջ, փորձում է գնալ նոր մեծամասշատ ավանտյուրաի՝ իր իշխանության քաղաքական մոտիվացիան, գոյությունը պաշտպանելու համար, քանի որ երկրի ներսում էլ կան քննադատատություններ։ Բայց մենք տեսնում ենք, որ Իսրայելը էական հաջողությունների չի հասել՝ ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, խնդիրները առկա են, ամբողջ աշխարհը կամ զգալի մասը տրամադրված է Իսրայելի դեմ։ Նեթանյահուն ամեն ինչ անում է մերձավորարևելյան շատ մեծ պատերազմ հրահրելու համար, որին անխուսափելի մասնակից կդառնան Միացյալ Նահանգներն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Պատահական չէր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին սպանել են հենց Իրանում։ Այլ տեղ էլ չէ՞ կարող էին իրականացնել այդ սպանությունը։
Բայց հույս ունեմ, որ իսլամական հանրապետության ղեկավարությունը սա հասկանում է և մաքսիմալ զգուշավորություն կցուցաբերի՝ խուսափելու համար նման սցենարից։ Նաև հույս ունեմ, որ Իսրայելի այս քաղաքականության հանդեպ շատ մեծ դիմադրություն կձևավորվի Միացյալ Նահանգներում և իրենք էլ չեն քաջալերի Նեթանյահուի նման ձգտումները։ Բայց իրավիճակն այնպիսի սրնթաց զարգացում ունի, որ չի բացառվում, որ վերահսկողությունից կարող է նաև դուրս գալ։
- Եթե դիտարկենք այն սցենարը, որ ԻԻՀ ղեկավարությունը զգուշավորություն չի ցուցաբերում, և իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ի՞նչ ազդեցութուն կունենա այս ամենը մեր տարածաշրջանի վրա։
- Հույս ունենանք, ու նաև այդպիսի դրական ազդակներ էլ կան, որ Իրանի ու Միացյալ Նահանգների էլիտաներն այնուամենայնիվ ողջամտություն կդրսևորեն, և բանը չի հասնի խոշոր պատերազմին։ Եթե հանկարծ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ բռնկվեց՝ անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ մեզ համար։ Շատ վտանգավոր ու անկանխատեսլի, որովհետև այդտեղ Ադրբեջանի դերակատարությունը կմեծանա։ Այնպիսի մեծ խաղադրույքի հետ գործ ունենք, որ անվտանգային շատ մեծ ռիսկեր կարող են առաջացնել Հայաստանի համար։ Սովորաբար մեծ պատերազմները թույլ համակարգերի համար կործանարար են լինում։ Իհարկե այս իրավիճակը որևէ ձևով մեզնից կախված չէ։ Մեզ մնում է ընդամենը հույս ունենալ, որ Թեհրանում, Վաշինգտոնում ռիսկերը ճիշտ կգնահատեն և ողջամիտ քայլերով կկանխեն նոր պետերազմի հնարավորությունը։ Հակառակ պարագայում՝ նույնիսկ սարսափելի է կանխատեսել հետևանքները տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի համար։
- Ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը այս իրավիճակում։
- Շատ զգույշ, շատ չեզոք։ Մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բնական դաշնակիցներ ենք, բայց այս պարագայում Հայաստանի իշխանությանը խորհուրդ կտայի շատ զուսպ, խնդիրը խաղաղ կարգավորմամբ լուծելու ցանկությունից դուրս որևէ այլ բարձրագոչ հայտարարություններ չանել։ Սա մի պրոցես է, որտեղ Հայաստանի դերակատարությունը զրոյական է։ Հետևաբար՝ Հայաստանի կեցվածքն էլ շատ զուսպ պետք է լինի ։ Ի՞նչ պիտի անի Հայաստանը. պետք է այնպես անի, որ Իրանի հետ մեր ռազմավարական, բարեկամական հարաբերությունները չտուժեն։ Բայց ընդհանուր առմամբ պետք է պահպանի զսպվածություն և ցանկություն հայտնի՝ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծված տեսնելու մասին։
Հայկ Մագոյան