Radar Armenia-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է
- «Հանրապետություն» կուսակցությունը Ժողովրդավարական ուժերի հարթակի հետ համատեղ կազմակերպում է ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնելու հարցով ստորագրահավաք: Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է ընդունելու Հայաստանին, եթե անգամ հանրաքվե անցկացվի։
-ԵՄ-ն միանշանակ պատրաստ է, հիշեք Եվրախորհրդարանի՝ 504 կողմ ձայներով ընդունված բանաձևը, որ հանձնարարում էր Եվրահանձնաժողովին քննարկել ՀՀ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը, հիշեք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելի մասնակցությամբ: Հիշեք եվրադիտորդների ներկայությունը Հայաստանում: Չթվարկեմ քայլերը, որ ԵՄ-ն արել է Հայաստանին ընդառաջ՝ թե քաղաքական, թե տնտեսական, թե անվտանգային: Բացարձակապես համաձայն չեմ նրանց հետ, որ պարբերաբար ԵՄ-ի կազմաքանդում ու վերացում են կանխատեսում՝ սպասենք, տեսնենք ԵՄ-ում ի՞նչ է լինում, հետո որոշենք… Եվրոպայի մահը միֆ է, որ սնուցվում է հյուսիսում ու հիբրիդային պատերազմի սկզբունքներով տարածվում: Աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանության մեջ փոփոխվում է և ԵՄ-ն, դա բնավ չի նշանակում, որ եվրասկեպտիկները քանդելու են կառույցը ու վերադառնան ազգային պետությունների տարբերակին: Բոլորն էլ հասկանում են, որ դա որևէ խնդիր չի լուծելու, հակառակը՝ տասնյակ խնդիրներ է ստեղծելու: Հանրաքվե անցկացնելն էլ չի նշանակում հաջորդ օրվանից ԵՄ անդամակցություն: Այս պարագայում հարցը ԵՄ-ն չէ, հարցը մենք ենք: Ի՞նչ ենք անում մենք: Եթե ՀՀ իշխանությունը իրոք հասկանում է, որ եվրաինտեգրումն է պետության անհրաժեշտությունը, 6 տարում ի՞նչ է արվել ՍԵՊԱ-ի կատարման համար: Ինչու՞ չի ստեղծվել Եվրաինտեգրման նախարարություն, որ կհամակարգեր գործընթացները ԵՄ-ի հետ, ծրագրեր կկազմեր, տնտեսության դիվերսիֆիկացիայի, լոգիստիկ կապերի ձևավորման համար կաշխատեր բիզնեսի հետ, կուսումնասիրեր ԵՄ բազմամիլիարդանոց շուկայի հնարավորությունները, կհամադրեր տեղական ռեսուրսների հետ, վերջապես՝ քարոզչությամբ կզբաղվեր։ Գոնե կբարձրաձայներ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու մտադրությունը:
Մենք մեզ համար հստակ որոշե՞լ ենք, որ ԵՄ անդամակցությունը անհրաժեշտություն է անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովրդավարության պաշտպանության համար: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հանրությունը պատրաստ է, բայց որքան էլ պարադոքսալ հնչի՝ ժողովրդավարական երկրի ժողովրդավարական իշխանությունը պատրաստ չէ այդ քայլին: Իսկ եթե պատրաստ է՝ ձգում է ժամանակի մեջ, որի կորուստը բումերանգ է, որ հարվածելու է ոչ միայն իշխանությանը, այլև պետությանը: ՙՀանրապետությունը՚ և Ժողովրդավարական ուժերի հարթակը անհրաժեշտ են համարում հանրաքվեն հենց հիմա, ոչ թե 2-3-5 տարի անց, որովհետև թե աշխարհաքաղաքական, թե տարածաշրջանային իրադարձությունները պահանջում են կոնկրետ քայլեր՝ պետության դիմադրունակության մեծացման, անվտանգության ու տնտեսական զարգացման համար: Եվ պետք չէ սպասել, որ ԵՄ-ն ոսկեզօծ անվանական հրավիրատոմս ուղարկի, պետք է մտածել, թե մենք ի՞նչ ենք տալու ԵՄ-ին, մենք ինչո՞վ կարող ենք շահագրգռել ԵՄ-ին ու ընդլայնել նրա կարողությունները:
-ԵՄ անդամակցության գնալու պարագայում Հայաստանն ինչպե՞ս պետք է չեզոքացնի սպառնալիքները՝ այդ թվում տնտեսականը, և մտավախություն չկա՞, որ Հայաստանը կարող է վերածվել երկրորդ Ուկրաինայի։
-Տնտեսական անվտանգությունը ինքնիշխանության հիմնաքարն է: 2018-ին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր տնտեսական հեղափոխություն: Ոչինչ չարվեց: Հայաստանը կար ու մնաց շինարարության ու սպասարկման ոլորտ, իմա՝ Հայաստանը չունի ռեալ տնտեսություն, արտաքին քաղաքական հանգամանքների բերումով հավելվեց վերավաճառքը: Ընդամենը: Մաքսային միության, ապա ԵԱՏՄ-ի անդամակցությունը իսկզբանե քաղաքական մեծագույն սխալն էր, որ հանգեցրեց թե 2016-ի քառօրյային, թե 2020-ի 44-օրյային՝ անվտանգային առումով, տնտեսության առումով որևէ զարգացման հեռանկար չտվեց ու չի կարող տալ: ԵԱՏՄ բոլոր երկրներն էլ ՌԴ-ի համար քաղաքական իշխանությունը պահելու ու հումքային ռեսուրս են՝ մարդկային, ապրանքային, ուրիշ ոչինչ: Անցած 6 տարիներին թավշե հեղափոխությամբ իշխանության եկած ՔՊ-ն պարտավոր էր տնտեսության կառուցվածք փոխել, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, վերացնել ռուսական մոնոպոլիաները, էներգետիկ անկախության նախադրյալներ ստեղծել, արդյունաբերություն վերականգնել, աշխատատեղեր ստեղծել, ժողովրդագրական պատկեր փոխել… Ի՞նչ է արվել: Արևմուտքի ընդառաջ քայլերը կամ մնացել են անպատասխան, կամ մերժվել են, հիշեք ԵՄ-ի 6,2 միլիարդը, քանի՞ միլիարդի ծրագիր է ներկայացվել ու քանի՞ միլիարդ է իրացվել։
«Հանրապետությունը» այս ընթացքում անընդհատ բարձրաձայնել է ԵԱՏՄ-ից անցնցում դուրս գալու քայլերի անհրաժեշտությունը, ներկայացրել գյուղատնտեսության, տնտեսության զարգացման ծրագրեր՝ արդյունաբերության, հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների կառավարման, ու ի՞նչ: ՀՀ իշխանությունը ինքնափառաբանում է ԵԱՏՄ-ում իր հաջողությունները, մինչդեռ նվազում է ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը: Սա է պատկերը: ԵԱՏՄ-ում չեն եղել, չկան ու առավելևս չեն լինելու ոչ ֆինանսներ, ոչ նոր տեխնոլոգիաներ, հետևաբար չեն լինելու ոչ ներդրումներ, ոչ առաջընթաց: Այս ընթացքում այդպես էլ չձևավորվեց ՀՀ տնտեսական զարգացման ծրագիր՝ նվազագույնը 10 տարվա հեռանկարով, մենք եղել ու շարունակում ենք մնալ օրվա խնդիրներ լուծող պետություն, որը սխալ է: Իշխանությունները մինչև այսօր անգամ չեն կարողանում կողմնորոշվել նոր աէկի հարցում, մինչդեռ ակնհայտ է, որ դա ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև ազգային անվտանգության հարց է և պետք էր վաղուց համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հետ, իսկ մենք դեռ բանակցում ենք մի քանի երկրների հետ։
Ընդհանրապես՝ այս իշխանությունը որևէ բարեփոխում մինչև վերջ որևէ ոլորտում չի կատարել: Դա արդեն անկարողունակության ախտորոշում է: Եվ ԵՄ-ն, և ԱՄՆ-ը Հայաստանի համար կարող են ու պատրաստ են ստեղծել տնտեսության դիվերսիֆիկացման, արտադրության ստեղծման, հայկական ապրանքների մրցունակության ապահովման պայմաններ, բայց մենք ոչինչ չենք անում: Իշխանությունը չի աշխատում բիզնեսի հետ, չի կատարում կարգավորողի իր դերը՝ մերը խելացի գոմերն են, ոչինչ ավելին: Արագ ու հեշտ փողերը ոչինչ չեն տալիս պետությանը ու ժողովրդին, պայմանները փոխվելու են ու այդ փողերը կտրվելու են, հետո՞։… շ
Հայաստանը երկրորդ Ուկրաինայի չի կարող վերածվել, եթե հարցի խորքը նայենք, Արցախը հենց առաջին Ուկրաինան էր, որը մարսելուց հետո Կրեմլը ձեռնամուխ եղավ երկրորդ Ուկրաինային: Մենք, բարեբախտաբար, սահման չունենք ՌԴ-ի հետ, առավելագույնը, որ Կրեմլը կարող է անել, Ադրբեջանին նորից պատերազմի մղելն է, բայց Բաքուն լայնածավալ նոր ագրեսիայի չի գնա հասկանալով՝ ինչ գին է վճարելու՝ պատժամիջոցներից մինչև իշխաափոխություն: Դա նույնիսկ Կրեմլում են հասկանում ու բավարարվում են հիբրիդային պատերազմի ռեսուրսներով՝ օգտագործելով տրոյական ձի հինգերորդ շարասյունը Հայաստանում:
-Ինչու՞ պետք է Հայաստանն ընտրություն կատարի ՌԴ-ի և Արևմուտքի միջև և այդ ընտրության համար թանկ գին վճարի։ Գուցե ճիշտ տարբերակը գործընկերային հարաբերություններ ունենալն է և ՌԴ-ի, և Արևմուտքի հետ։
-Իհարկե, ճիշտը գործընկերային հարաբերություններն են ՌԴ-ի ու Արևմուտքի հետ, բայց եթե քեզ հետ ուզում են գործընկեր լինել: Պաշտոնական հայտարարությունների շղարշից դուրս գանք, որքանո՞վ են գործընկերային ՌԴ-ի քայլերը Հայաստանի նկատմամբ: Անգամ եթե շրջանցենք Արցախի հարցը, որտեղ ՌԴ-ն իրեն դրսևորեց որպես թշնամի ու իր բոլոր գործողություններով նպաստեց Արցախի պարտությանն ու հայաթափմանը, հայկական Արցախի վերացմանը, ՌԴ-ն ճանաչու՞մ է ՀՀ սահմանները: ՌԴ-ն Հայաստանին տալի՞ս է զենքը, որի համար վճարված է: ՌԴ-ն որևէ գործընկերային քայլ արե՞լ է: Ժամանակն է հասկանալու, որ տարածաշրջանում ՌԴ-ի դաշնակիցը Ադրբեջանն է, Ադրբեջանի հետ են համընկնում ՌԴ շահերը և պատրանք է որևէ գործընկերություն ՌԴ-ի հետ որևէ ոլորտում: Դա չի նշանակում հարաբերությունների խզում: Մենք պետք է ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կառուցենք՝ ելնելով ՀՀ շահերից:
Միանգամայն սխալ է նաև ռեգիոնալացման քաղաքականությունը՝ տեսություն, որ վերջերս շրջանառվում է: Հայաստանը չի կարող պարփակվել ու զարգանալ տարածաշրջանում՝ առանց Արևմուտքի աջակցության: Սա միանշանակ է: Իվերջո, տարածաշրջանի ոչ մի պետություն չի վարում տարածաշրջանում իր հարաբերոթյունները կառուցելու քաղաքականություն: Սա կեղծ ու սխալ թեզ է, որ կարճ ժամանակում ապացուցելու է իր սնանկությունը: Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի՝ հարաբերությունների խորացումը Արևմուտքի հետ, և ԵՄ անդամակցության հանրաքվեն պետք է Արևմուտքին հստակ ապացույց տա՝ Հայաստանի ժողովուրդը որոշել է, որ իր պետությունը ժողովրդավարական ճանապարհով զարգանալու տարբերակն է նախընտրում, որ այլևս որևէ իշխանություն մի գիշերում չի կարող պետության ճակատագիր կործանել: ԵՄ անդամակցության հանրաքվեն 21-րդ դարում Հայաստանի անկախության հանրաքվեն է, որ բերելու է և պաշտպանություն, և զարգացում, և հեռանկար: Կանի՞ այս իշխանությունը, ավելի լավ իր համար, չի՞ անի, կանի հաջորդը, որ միանշանակ չի կրկնի այս իշխանության սխալները և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման հիմքում կդնի ազգային անվտանգությունը, տնտեսական անվտանգությունը, ժողովրդավարությունն ու պետության զարգացման երկարաժամկետ ծրագիրը:
Հայկ Մագոյան