Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է։
- Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի հետ, ինչպես նաև տեղի է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ նրա առաջին հանդիպումը: Ի՞նչ վճռորոշ նշանակություն ունի այս հանդիպումը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից՝ հաշվի առնելով Իրանի վարվող արտաքին քաղաքականությունը։
- Փաշինյանի այցը Իրան պետք է դիտարկել ոչ թե հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից, այլ նախկինում հասած հարաբերությունների մակարդակի և պայմանավորվածությունների վերահաստատման, որովհետև Ռայիսիի մահից հետո տարբեր խոսակցություններ առաջացան, ինչպես նաև որոշակի զարգացումներ, երբ երկու կողմների համար էլ կարևոր էր, որպեսզի վերահաստատվեն նախկինում ձեռքբերված պայմանավորվածութունները և պետությունների հարաբերության մակարդակը։ Հայաստանում որոշակի մտահոգություններ կային, Իրանում՝ նույնպես։ Բայց Փեզեշքիանի ընտրական հայտարարություններից մեկ տեսանք, որ այդ հայտարարությունները կրկնում էին նախկինում Իրանին բնորոշ ոճը և բովանդակությունը։ Այսինքն՝ Հայաստանի հետ սահմանը կարևոր է, Իրանի համար տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը կարևոր հարց է, թեև խոսում են արտառեգիոնալ ուժերի միջամտության մասին։ Բայց հայ-իրանական հարաբերությունների յուրահատկությունը նրանում է, որ այն օրինակ տարբերվում է հայ-ռուսական հարաբերություններից նաև նրանով, որ Իրանը գտնվում է շատ ավելի երկար, գաղափարական և քաղաքական հակամարտության մեջ Արևմուտքի հետ, քան Ռուսաստանը՝ կարողանալով տարանջատել Հայաստանի հետ հարաբերություններն այդ համատեքստից, քանի որ զուտ Հայաստանի գոյությունը Իրանի համար կարևոր գործոն է, հայ-իրանական սահմանի գոյությունը նույնպես։ Ինչպես նաև այն Հայաստանի համար է շատ կարևոր։ Պարզ է, որ 2020 թ. հետո հենց Իրանի դիրքորոշումն է եղել գլխավոր պատճառը, որ Ադրբեջանը՝ ռազմական տեսանկյունից հնարավորություն ունենալով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», չգնաց այդ ճանապարհով, և թեման այդպես փակվեց։ Եվ այսօր բավական հստակ հիմքեր կան, որ հայ-իրանական հարաբերությունները պահպանելու են նախկին բնույթը, որովհետև երկու կողմերն էլ շահագրգռված են։
- Իրանի նորընտիր նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։ Սա ի՞նչ է նշանակում։
- Իրանի հին հայտարարություններն են, և կոչված են վերահաստատելու, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ շարունակում է իր ավանդական քաղաքականությունը։ Իրանը միշտ էլ այս լեզվով է խոսել և այս դրույթներով՝ խաղաղություն, կայունություն, տարածքային ամբողջականություն։ Եվ նույնը Արցախի հարցում, թեև հայկական լսարանի համար որոշ իրանագետներ խոսում են, թե իբր Իրանի համար շատ կարևոր է այն սահմանը, որն ուներ Արցախի հետ, բայց իրականում՝ Իրանի հայտարարությունները շատ միանշանակ են, և այս մոտեցումը Իրանը կրկնում է վերջին տասնամյակներին։ Այստեղ ես նոր բան չեմ տեսնում։ Ինչպես նշեցի՝ նախկինում ձեռք բերված ընդհանուր մոտեցումների, ընմբռնումների, գուցե որոշ հարցերի պարզաբանումների համար հանդիպումներ և հայտարարություններ էին։ Այս առումով երկու կողմերն էլ բավականին փոխըմբռնմամբ են մոտենում հարցերին։
- Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերին, թե «Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա», նշել է, որ ռազմական գործողություններին որևէ երկրի զինծառայողների մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն: Ի՞նչ է կատարվում թուրք-ադրբեջանական հարաբերություններում։
- Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ իհարկե որոշակի գայթակղություն կա անել հեռուն գնացող եզրակացություններ, բայց ակնհայտ է որոշակի տարաձայնություններ՝ հատկապես, երբ Էրդողանը չգնաց Շուշի՝ թուրքական երկրների միության գագաթնաժողովին, պատճառաբանելով ֆուտբոլային հանդիպումը։ Դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց։ Հիմա՝ երկու տարի ընդմիջումից հետո, Ռուբինյան-Քըլըչ հանդիպումն է։ Մենք տեսնում ենք, որ կա որոշակի լարվածություն ադրբեջանաթուրքական հարաբերություններում։ Այս հայտարարությունները առաջին հերթին կապված են իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի, նաև Թուրքիայի և Ադրբեջանի՝ խիստ տարբերվող դիրքորոշումների հետ։ Թուրքիան իսլամական աշխարհում դրսևորվում է որպես առաջնային պետություն, որը պայքարում է Իսրայելի դեմ՝ պաղեստինցիների իրավունքների համար, իսկ Ադրբեջանը Իսրայելի հետ շարունակում է սերտ տնտեսական և ռազմատեխնիկական հարաբերությունները։ Իհարկե Ադրբեջանն այդ հարաբերությունները պատճառաբանում է, որ 2020-ին և 2023-ին առանց Իսրայելի ռազմատեխնիկական և մասնագիտական օգնության հաղթանակ չէր կարող արձանագրվել։ Բայց իմ ընկալմամբ այստեղ որոշակի բանավեճի տարեր կան։
Էրդողանը նշելով փաստը՝ «ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա», ուզում է ցույց տալ, որ առանց Թուրքիայի քաղաքական աջակցության Ադրբեջանը ունակ չէր լինելու՝ անգամ Իսրայելի ռազմատեխնիկական օգնության, Արցախի հարցը լուծել իր օգտին։ Այստեղ այդ բանավեճի հիմքը հստակ է՝ Իսրայել-Պաղեստին հարցում Թուրքիայի և Ադրբեջանի տարբերվող մոտեցումներն են։ Եվ քանի որ կոնֆլիկտը զարգանալու միտում ունի, ապա այս հանգամանքը կարող է հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացից տարանջատելու որոշակի դրդիչ դեր ունենալ։ Իհարկե հայկական կողմի համար սա գերխնդիրը կարող էր լինել և հնարավոր ամենադրական արդյունքը, բայց պարզ է, որ այն կախված չէ միայն Հայաստանի կամքից և ցանկություններից։ Եվ կա ձևավորված որոշակի իներցիա, որը շատ դժվար է հաղթահարել։ Պետք է նայել, թե Հայաստանի համար ինչ արդյունք կունենա Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը։ Եթե հնարավոր լինի օրինակ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել հայ-թուրքական սահմանը, ապա սա կարելի է կարևոր փոքր սիմվոլիկ արդյուքն համարել։
Հետագա միջազգային զարգացումները արդեն ցույց կտան՝ ինչ ուղղությամբ են զարգանալու այս հարաբերությունները։ Եթե իսրայելապաղեստինյան հակամարտությունը շարունակվի, թեժանա և նոր ռազմաճակատներ ստեղծվեն, ապա ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերություններում կլինի որոշակի սառեցում։ Այնուամենայնիվ հակական կողմի համար դիվանագիտության հիմնական խնդիրը պետք է լինի օգտվել նման գործոններից և մաքսիմալ արդյունքներ ապահովել։ Տվյալ պարագայում սրանք փոքր ձեռքբերումներն են հայ-թուրքական «թրեքում», որոնք կապված չեն հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Եթե հայկական դիվանագիտությանը հաջողվի, ապա այն մեծ ձեռքբերում կլինի։
Հայկ Մագոյան