Հարցազրույց

«Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. Մոսկվայի և Անկարայի գործարքներով կացություն չի ստեղծվում». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Ադրբեջանի ՊՆ-ն՝ անդրադառնալով հայ-ամերիյան զորավարժություններին, սպառնացել է Հայաստանին, որ եթե Ադրբեջանի դեմ սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները։ Ինչպե՞ս եք մեկնաբանում խաղաղության մասին պարբերաբար հայտարարող ադրբեջանական կողմի այսպիսի հայտարարությունները։

- Խաղաղության գործընթացը՝ խաղաղության մասին խոսելով տորպեդահարելը, Ադրբեջանի վաղեմի վարքագիծն է։ Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, անգամ հռետորաբանական հարթության վրա շարունակվելու է։ Հիմնականում կոնկրետ այս հայտարարությունը ուղղված է ԱՄՆ-ի դեմ, նաև ուղերձ է փոխանցում առաջին հերթին Մոսկվային, գուցե նաև Իրանին։ ԱՄՆ-ի հետ զորավարժությունները սադրանք համարելը համազոր է այն ընկալմանը, որ ԱՄՆ-ն սադրանք է կազմակերպում Ադրբեջանի դեմ։ Սա նույնանում է առավելաբար Մոսկվայի մոտեցման հետ և տեղավորվում է Մոսկվա -Բաքու գործարքային շրջանակներում։

- Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին տեսնում եք՝ հաշվի առնելով նաև վերը նշված հայտարարությունները։

- Իրատեսական չեմ համարում մինչեւ COP 29-ի՝ այսինքն նոյեմբերյան համաժողովի կայացումը, պատերազմական գործողություններ։ Կարծում եմ՝ դրանից հետո շարունակվելու է առավելագույնը Հայաստանից պոկելու ադրբեջանական վարքագիծը։ Պատերազմի բռնկումը կամ զսպումը կախված է ոչ թե Ադրբեջանի, այլ տարածաշրջանում գլխավոր խաղացողներից։ Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, և այնպես չէ, որ միայն Մոսկվայի եւ Անկարայի գործարքներով կացություն է ստեղծվում։

- Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Ձեր գնահատմամբ ինչ հարց է փորձում լուծել Պուտինը նման հանդիպումներով։

- Մոսվկան ուզում է գլխավոր միջնորդի դեր ունենալ Անկարայի և Դամասկոսի միջև։ Կարծում եմ, որ Սիրիայի դիրքրոշումների խստացումներն ու մեղմացումները, նախապայմանների բացարձակությունը կամ ոճային երանգային տարբերությունները կախված են Մոսկվայի պատվերներից։ Սիրիայի թղթածրարը Մոսկվա-Անկարա հարաբերությունների ընդհանուր փաթեթի մեկ մասն է։ Դրա համար էլ հարաբերությունների նորմալացման պրոցեսն ընթանում է կաթիլային կշռույթներով, կամ փուլային ձևաչափով։

- ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն կրկին Հայաստանում էր։ Միացյալ Նահանգները կարծես նախագահական ընտրություններից առաջ բավականին ակտիվացել են Հայաստանում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ԱՄՆ-ի ակտիվությունը։

- ԱՄՆ-ի վերջին շրջանում ակտիվ դրսևորումներ է ունենում։ Այս ակտիվացման արմատները ավելի քան տասնամյակ առաջ են գնում, երբ ԱՄՆ-ը Երևանում բացեց աշխարհում իր ամենամեծ համալիր-դեսպանությունը։ Դա ցուցիչ էր, որ երկարաժամկետ ծրագրերի տրամաբանությամբ՝ ԱՄՆ ակտիվացնելու է իր ներկայությունը տարածաշրջանում, ընդ որում՝ Երևանում։ ԱՄՆ-ի առաջնորդությամբ հավաքական Արևմուտքը թափանցել է Կովկաս և խոսում է գլխավոր խաղացողի դիրքերից։ Իրադարձությունները փաստորեն ի թիվս այլ խաղացողների, նաև ընթանում են ԱՄՆ-ի թելադրանքներով։

Հայկ Մագոյան