Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում՝ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած «Համլետ» ներկայացման մեջ, հանդես եկավ ճապոնական կոտո գործիքով։ Ինչպես ճապոնացիներն են արձանագրել ավանդական ճապոնական երաժշտական գործիքը՝ կոտոն, պիեսին հիպնոսացնող շունչ է հաղորդել: Radar Armenia-ի հետ զրույցում քանոնահարուհին պատմել է ճապոնական կոտո նվագարանի, «Համլետ» ներկայացման մեջ իր «դերի», ինչպես նաև հայկական քանոնի և ճապոնական կոտոյի նմանությունների և տարբերությունների մասին։
-Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած Շեքսպիրի «Համլետ» ներկայացման մեջ ճապոնական կոտո նվագարանն էիք նվագում։ Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները նվաճելուց հետո քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն ինչպե՞ս դարձավ «Համլետ»-ի մի մասնիկը։
- Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում 17 տարվա դադարից հետո բեմադրվեց Շեքսպիրի Համլետը՝ այս անգամ Գրիգոր Խաչատրյանի ռեժիսորական յուրահատուկ լուծումներով: Ինչպես Գրիգոր Խաչատրյանն է ասում՝ նախախնամություն է իմ մասնակցությունը այս գլուխգործոցում:
-Գիտեմ, որ ձեզ համար լրիվ անծանոթ գործիք է կոտոն։ Մտավախություններ ու անհանգստություններ չունեի՞ք, որ գուցե չկարողանաք նվագել։ Ինչպե՞ս կայացրեցիք պատասխանատու որոշումը։
- Ինչպես գիտենք Հայաստանում չկար կոտո նվագարան, բայց ինքս առիթ ունեցել եմ նվագել ճապոնացի կոտոյահար Նոբուտակայի հետ։ Ծանոթ էի նաև մակոտո գործիքին: Շրջապատիս վստահությունն էր թերևս, որ նման որոշում կայացրեցի։ Նոլորը միաբերան ասում էին, որ ես կարող եմ , ինձ համար խնդիր չէ։ Դե, ես էլ սիրով ու իմ պատասխանատվությամբ այս փուլն էլ հաղթահարեցի: Մինչև կոտոն դրամատիկական թատրոնի տնօրինության շնորհիվ կհասներ Հայաստան, քանոնով էի նվագում փորձերին։ Իսկ արդեն այսօր նվագում եմ դրամատիկական թատրոնի բեմից` առաջին ու միակ կոտոն։ Ինչ խոսք հաճելի է:
- Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեն քանոնն ու կոտոն։ Որո՞նք են գործիքների առանձնահատկությունները։ Հնարավո՞ր է արդյոք մեկը մյուսով լրացնել, թե՞ ոչ։
- Կոտոն էլ քանոնի նման համարվում է արքունական նվագարան։ Ըստ ճապոնացիների գործիքին տիրապետելը համարվում է արիստոկրատ, էլեգանտ ու իմաստուն արվեստ: Ըստ ծագումնաբանության 8-րդ դարի նվագարան է, փայտից, ունի լարեր, կամրջակներ, նվագելու համար մատների հարմարանք: Հիմնականում նվագում են աջ ձեռքով, շատ մասնագիտական չմանրանամ` ինչպես ես եմ ասում թարս քանոն է։…
- Բազմաթիվ բեմերում եք նվագել, մի շարք հայտնի մրցույթներում գրավել եք առաջին պատվավոր տեղը։ Ի՞նչ զգացողություններ ունեիք թատրոնի բեմում։ Ինչո՞վ է տարբերվում թատրոնի բեմը, մյուս բեմահարթակներից։
- Երբ համաշխարհային մրցույթում հաղթեցի արժանանալով գլխավոր մրցանակի, շատ մեծ էր հուզմունքս, բայց բեմը բեմ է, և կարևոր չէ որտեղ է՝ թատրոնում, թե համերգասրահում։ Յուրաքանչյուր բեմելս այդ պահի ապրումն է, կյանքն է, որը նվագի միջոցով փոխանցում եմ հանդիսատեսին: Թատրոնի բեմի էներգետիկան շատ ուժեղ է, արտիստական կենդանի խաղ, որի մեջ ձուլվում ես, վարագույրի փակվելուց՝ սթափվում:
- Երաժշտական միջավայրից թատերական կուլիսներ, այնուհետև մեծ պրեմիերա։ Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր այս ճանապարհին։ Հեշտ է արդյոք աշխատել տարիների փորձ ունեցող դերասանների հետ։ Կուլիսներում ամեն բան խաղաղ ու եթերայի՞ն է ինչպես բեմում, թե՞ այնուամենայնիվ խնդիրներ կային։
- Ես բեմում եմ մոտավորապես 30 տարի. մանկական ֆիլհարմոնիայից է սկսվել է իմ բեմական ուղին։ Կոլեկտիվներում ճիշտ աշխատելու մեծ փորձ ունեմ : Ամեն տեղ չէ, որ համաձայնվում եմ համագործակցել։ Ինձ պետք է հոգեհարազատ ու հարմար լինի տվյալ միջավայրը, մարդիկ: Համերաշխ մարդ եմ, երբեք կոնֆլիկտներ ու դժվարություններ չեմ ստեղծում։ Երբ արտիստը կայացած ու տաղանդավոր է ամեն բան հարթ է ընթանում: Կոլեկտիվում, եթե կա լավ ղեկավար, սեր ու հարգանք միմյանց հանդեպ՝ ցանկացած հարց շատ հեշտ է լուծվում: Թատրոնը մի ուրիշ աշխարհ է, որտեղ կա կենդանի հոգի, որը միշտ քեզ հետ շրջում է: «Համլետ»-ի բոլոր փորձերը անցել են շատ ուրախ, սրտացավ, միասնական և բուռն հույզերով:
- Ո՞րն է քո ասելիքը «Համլետ» ներկայացման մեջ կամ ի՞նչ է փորձել փոխանցել ռեժիսորը քո նվագի միջոցով։
- Երաժշտության լեզուն չունի ազգություն և իմ ասելիքը մեկն է՝ սեր, համամարդկային տիեզերական սեր: Հայրենասիրության գաղափարն է արծարծվում ամբողջ ներկայացման մեջ և ռեժիսորը նաև ճապոնական արվեստի միջոցով փորձել է ընդգծել հայրենիքի կարևորությունը՝ չհեռանալով մերօրյա խառնիճաղանճ իրավիճակից։ Գրիգոր Խաչատրյանը «Համլետ»- ում Գոնզագոյի սպանությունը փոխարինել է Յուկիո Միշիմայի հայրենասիրությունով: Շատ ներդաշնակ ու համահունչ է ստացվել: Այս «Համլետ»-ը նորույթ է։ Խոսքերով բացատրել այնքան էլ ճիշտ չի ստացվում։ Պետք է անպայման գալ, դիտել, յուրովի ընկալել ռեժիսորի ասելիքը, դերասանական խաղը և երաժշտական լուծումները:
Հայկ Մագոյան