Հարցազրույց

«Ադրբեջանի հրավերը COP29-ին ավելի շատ դիվանագիտական քայլ է». Արմեն Պետրոսյան

Radar Armenia-ի զրուցակիցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։

- ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Այս որոշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

- Հայաստանում եվրոպական և ընդհանրապես արևմտյան քաղաքականության ակտիվացումը մշտապես բացասաբար է ընդունվել Ռուսաստանի կողմից, և ակտհայտ է, որ հերթական անգամ ռուսական կողմը քննադատությամբ և մեղադրանքներով է հանդես գալու. այսինքն որևէ կերպ չի ողջունելու այս որոշումը։ Սա միանշանակ է։ Բնականաբար  հերթական կնճիռն է առաջացնելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Պետք է նշել, որ ներկայումս բարդ է կանխատեսել, թե ի՞նչ ընթացք կունենա այս գործընթացը։ Բայց կարծում եմ՝ ԵՄ-ի կողմից առարկայական քայլերի իրականացումը որոշակի առումով հապաղում է։ Որոշումների կենսագործման գործընթացը դանդաղ է ընթանում, որը ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում որևէ կերպ համահունչ է առկա պրոցեսներին և ԵՄ-ն և ընդհանրապես արևմտյան երկրները կարծես նաև մեր տարածաշրջանի հետ կապված զիջում են Չինաստանին և իհարկե Ռուսաստանին։

- Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին։ Ձեր կարծիքով ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը այս հարցում։ Չմասնակցելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։

- Ադրբեջանի հրավերը ավելի շատ դիվանագիտական քայլ է՝ ցույց տալու համար, որ մեծ հակվածություն ունեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և ընհանրապես տարածաշրջանում խաղաղության հարցում։ Մի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում սա դիվանագիտական քայլ է, բայց ավելի շատ քարոզչական նպատակ է հետապնդում՝ հատկապես միջազգայն հանրության հետ հարաբերությունների համատեքստում։ Ցույց տալու համար, որ իրենք ավելի կառուցողական են, բայց Հայաստանն է, որ չի ցանկանում հարաբերություններ կարգավորել։ Իրենք նման հրավերներ են անում, բայց զուգահեռաբար շարունակում են Հայաստանի ներքին գործերին միջամտել։

Սահմանադրություն, օրենսդրություն փոխելու պահանջով պայմանավորված փորձեր, շարունակում են տարածքային պահանջներ ներկայացնել՝ անգամ նախագահի շուրթերով, որը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին է վերաբերում, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման է շարունակում առաջ մղվել, սահմանյին լարվածություն առաջացնել և այլն։ Այսինքն իրենք շատ լավ հասկանում են, որ նման վարքագծի պարագայում բնականաբար Հայաստանից որևէ մեկը չի մասնակցելու COP29-ին, որովհետև որևէ հիմք չկա խաղաղության համար, որքան էլ իրենք փորձեն հակառակը ցույց տալ։ Իսկ հետո, բնականաբար, Հայաստանի չմասնակցելը դարձյալ կներկայացնեն որպես Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցում։ Ինչպես նշեցի, սա ավելի շատ քաղաքական-քարոզչական նպատակ ունեցող քայլ է։ Իսկ Հայաստանի մասնակցությունը կախված է ընդհանուր իրավիճակից։ Կարծում եմ, որ բովանդակային առումով հազիվ թե և երկկողմ հարաբերություններում, և ընդհանրապես տարածաշրջանում էական փոփոխություններ տեղի ունենան։ Եվ, եթե նման մթնոլորտում են հարաբերությունները՝ բնականաբար ճիշտ չի լինի մասնակցելը։

Հայկ Մագոյան