Հարցազրույց

«Ամբողջ հանգույցը Սյունիքից անցնող հաղորդուղիների կարգավիճակի հետ է կապված. մնացյալը ածանցյալ խնդիրներ են». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Հայկական կողմն առաջարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Բաքվից հակառակն են պնդում՝ մեղադրելով Հայաստանին։ Ինչու՞ չկայացավ հանդիպումը, ո՞րն է իրական տապալողի շարժառիթը։ 

- Կարծում եմ՝ դեռևս կպարզվեն հանգամանքները, թե ինչու չկայացավ հանդիպումը։ Պետք է նշել, սակայն, Վաշինգտոնում եռակողմից հետո Միլլերի արած հայտարարությունները, թե՝ գրանցվել է անհավանական առաջընթաց, ու ամերիկյան կողմը չի հանգստանա, մինչև խաղաղության պայմանագիր չլինի, իսկ կողմերը պետք է ընդունեն բարդ և դժվար զիջումներ։ Միաժամանակ, Անկարան հայտնում է որ զանգեզուրյան միջանցքով կամբողջանա խաղաղության պայմանագրի վերջին կետը, իսկ Բաքուն անդադար պահանջում է սահմանադրության փոփոխություն։ Այս հանգամանքները նկատի պիտի ունենալ՝ ընկալելու համար, թե ինչու չկայացավ լոնդոնյան հանդիպումը։

- Այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը։  

- Բաքուն փորձում է պոկել առավելագույնը՝ օգտվելով իր հաղթական դիրքից։ Մոսկվան կորցնում է միջնորդի իր դերը․ Արևմուտքը ողջունում է բանակցությունների երկկողմ ձևաչափը, ինչը նշանակում է որ գոհ է ռուսական միջնորդության դուրսմղումից, թուրք-ադրբեջանական տանդեմը միջանցք է պահանջում, իսկ Իրանը մերժում է որևէ փոփոխություն Հայաստանի հետ իր սահմանին։ Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում դժվար թե ստորագրվի պայմանագիրը։ Ամբողջ հանգույցը Սյունիքից անցնող  հաղորդուղիների կարգավիճակի հետ է կապված։ Մնացյալը ածանցյալ խնդիրներ են։

 -  Լոնդոնում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ․ «Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա»,- ասել է Մակրոնը Հայաստանին ֆրանսիական սպառազինության վաճառքի մասին։ Նման հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան հայ- ադրբեջանական բանակցությունների վրա։ 

- Մակրոնի հայտարարությունը ուղղված է Մոսկվայի դեմ։ Հայաստանին սպառազինությամբ մատակարարելու մոտեցումով Փարիզը Հայաստանի անվտանգության դիվերսիֆակացիայի տարազի տակ աշխատում է քանդել Մոսկվայի մենաշնորհը և թափանցել ռուսաստանյան տիրույթներ։ 

Հայ-ադրբեջանական հարաբերությունները կհավասարակշռվեն, երբ ուժերի բալանսավորում լինի։ Այլապես Ադրբեջանը փաստում է, որ չի դադարեցնի իր պահանջները Երևանից։

-  ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։ Անվտանգության առումով սա ի՞նչ նշանակություն կունենա Հայաստանի համար։

- Սա կապվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարության հետ, ըստ որի՝ ՀՀ-ԱՄՆ պաշտպանական ոլորտի հարաբերություններին չի խանգարի ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Ըստ էության, ստացվում է այն, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչն աշխատում է ՀԱՊԿ-ի անդամ երկրի բանակում։ ԱՄՆ-ն չի պայմանավորում Երևանի հետ ռազմական ոլորտի համագործակցությունը ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով։ Բայց, կարծում եմ, որոշ ժամանակ հետո Վաշինգտոնը այդ պահանջը կարծարծի։

Հայկ Մագոյան