Radar Armenia-ի զրուցակիցը իրավաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է։
- ԲԴԽ-ն վերջերս մի քանի դատավորի լիազորություն դադարեցրեց, քիչ չեն նաև կարգապահական այլ պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները։ Ինչպե՞ս եք վերաբերում դրան։
- Ընդհանրապես, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու սահմանադրական հնարավորությունը վերապահված է ԲԴԽ-ին․ սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված են ԲԴԽ-ի լիազորությունները, որոնց համաձայն՝ ԲԴԽ-ն է օժտված դատարանների բնականոն գործունեությունը և անկախությունն ապահովելու երաշխավորությամբ։ Ուստի, այդ առումով, առանձին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավունքն իրացնելը պետք է յուրաքանչյուր դատավորի դեպքում առանձին գնահատել։ Բնականաբար, դա ԲԴԽ-ի աշխատանքն է, և ես չեմ կարող հիմա ասել, թե որ դատավորի դեպքում ինչպիսի որոշում է կայացվել։ Չեմ բացառում, որ դատավորներ կան, որ իսկապես էական կարգապահական խախտում են թույլ տվել, և այդտեղ ԲԴԽ-ն կատարել է իր սահմանադրական պարտականությունը։
Այսինքն, գործ ունենք սովորական գործընթացի հետ, երբ պետական սահմանադրական մարմինն իրականացնում է իր լիազորությունը։ Այլ խնդիր է, թե դրանով արդյո՞ք փոխվում է դատական համակարգի որակն ու հեղինակությունը։ Հեռու եմ մտքից, որ միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելով հնարավոր է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը կամ վերափոխել ու բարեփոխել այն։ Դատական իշխանության վերափոխումը և իրապես արդարադատություն իրականացնելը բազմաթիվ գործոններով է պայմանավորված, ինչն աղերս ունի նաև ժողովրդի արժեհամակարգի և, ընդհանրապես, պետական իշխանության փիլիսոփայության, կառավարման որակի արդյունավետության, արդարադատության գաղափարաբանության նկատմամբ մեր հանրային ընկալման հետ և այլն։
Տարիներ են պետք, որ այդ մշակույթն արմատավորվի, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է օրենքը շրջանցելով ապահովել արդարադատություն կամ խուսափել պատասխանատվությունից։
- Այսօր էլ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը, ինչո՞ւ է հինց հիմա ԲԴԽ-ն նման որոշում կայացնում։
- Ինչ վերաբերում է կոնկրետ Աննա Դանիբեկյանին, հայտնի խոսք կա՝ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատությունն է։ Իսկ ԲԴԽ-ն դատավորների կարգապահական պատասխանատվության առումով իրականացնում է արդարադատություն։ ԲԴԽ-ն եթե այսօր նույնիսկ այդ հիմքով է դադարեցրել Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ փորձելով լավամարդ դուրս գալ և փրկել իշխանության դեմքը, ինչն ինձ համար ակնհայտ է, պետք է բարի լիներ ճիշտ ժամանակին, համապատասխան օրենսդրական կարգավորումների միջոցով, հասնել նրան, որ դատավորները չփորձեն իրենց իրավունքների չարաշահում թույլ տալ, որի արդյունքում, ինչպես ԲԴԽ-ն է իր հայտարարության մեջ նշել, բացառիկ հնչեղություն ունեցող քրեական գործի վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մարդիկ չխուսափեին պատասխանատվությունից։ Պետք էր ժամանակին իրականացնել կանխարգելիչ քայլեր, որպեսզի դատավորը հասկանար, որ ինքը պարտավոր էր տվյալ դեպքում իրականացնել այնպիսի արդարադատություն, որը չի վտանգի արդարադատության շահը։ Ըստ էության, սա ուշացած որոշում է։
- Ինչի՞ կհանգեցնի ԲԴԽ-ի այս որոշումը։ Արդյո՞ք այս գործելաոճով է հնարավոր հասնել դատաիրավական համակարգի առողջացմանը։
- Չեմ կարծում, որ սրանով ինչ-որ խնդիր է լուծվում։ Արդյունքն այն է, որ, ինչպես իրենք են ասում, Ռոբերտ Քոչարյանը պլստացել է քրեական պատասխանատվությունից։ Այս առումով, Աննա Դանիբեկյանին ես համարում եմ զոհ։ Ինքն այս գործընթացում այն զոհերից մեկը դարձավ, որով ցիկլը փակվեց։ Իշխանությունը փորձեց փրկել իր դեմքը, թե՝ տեսեք, մենք դատավորին պատասխանատվության ենթարկեցինք, բայց իրականում, եթե իրապես նպատակ լիներ քրեական պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին, հավաստիացնում եմ, որ իշխանությունը և պետական համակարգը, դատաիրավական համակարգը կգտներ Աննա Դանիբեկյանին շրջանցելու ձևը, որպեսզի վաղեմության ժամկետը լրանալու հնարավորություն չլիներ։
Հայկ Մագոյան