Հարցազրույց

«Ալիևը առաջնորդվում է «հաշտություն՝ հաղթողի պայմաններով» սկզբունքով». Աթանեսյան

Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում հատկապես վերջին շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների այցը Հայաստան։ Այս կերպ ի՞նչ մեսիջներ է փոխանցում ԱՄՆ-ն՝ հատկապես Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին։

- Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ցուցիչ կարող է լինել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևի ընդունումը: Նախագիծը մի քանի ամիս է՝ շրջանառության է դրված, բայց չի ընթացքավորվում:

- Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն էլ անցած շաբաթ այցելել էր հայ-ադրբեջանական սահման։ Արդյո՞ք նման քայլերով ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ խաղաղությունը Հայաստանի հետ այլընտրանք չունի։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանն ինչու՞ է ձգձգում և չի ստորագրում խաղաղության պայմանագիրը. արդյո՞ք ձգձգումը կապ ունի Միացյալ Նահանգներում սպասվող ընտրությունների հետ։

-Ոչ: Պատճառը Բաքվի առավելապաշտությունն է: Ալիևը առաջնորդվում է «հաշտություն՝ հաղթողի պայմաններով» սկզբունքով, և դա չի փոխվելու:

- Միացյալ Նահանգներում ղեկավարի փոփոխությունն արդյո՞ք լուրջ փոփոխություններ է ենթադրում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ։

- Ես չեմ կարող դատել ԱՄՆ արտաքին քաղաքականության սկզբունքների մասին: Առհասարակ, կարծում եմ, նման հարցերում ենթադրություններն անշնորհակալ զբաղմունք են: Կարող եմ միայն ասել, որ ինչ վարչակազմ էլ Վաշինգտոնում իշխի, Միացյալ Նահանգները չի զիջելու թիվ մեկ գերտերության կարգավիճակը:

Հայկ Մագոյան