Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կտիրի։ Հաշվի առնելով նաև Վաշինգտոնում Բլինքենի մասնակցությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումը՝ արդյո՞ք կողմերը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ձեր կարծիքով՝ ինչու՞ է Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում գործընթացը։
- Առաջին անգամը չէ, որ Բաքվից կամ ԱՄՆ-ից նման լավատեսական կանխատեսումներ են հնչում։ Իհարկե, նորություն չէ նաև այն, որ Բաքուն շարունակում է տորպեդահարել խաղաղության գործընթացը։ Բաքվի ներկայացուցիչները անդադար նորացնում են նախապայմանները։ Կարծում եմ՝ Բաքուն աշխատում է իր համար ամենաառաջնային առաջնահերթության վրա․ ուզում է ստանալ «միջանցքը», դրա համար բարձրացնում է պահանջների առաստաղը։ Հաջորդելու է անկլավների խնդիրը, և այսպես շարունակ։
-Մոսկվային մտահոգում է, որ Երևանի հաստատմամբ ԵՄ առաքելությունը կարող է վերածվել մշտական առաքելության․ «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Ինչպե՞ս եք մեկնաբանում Մոսկվայից հնչող հայտարարությունները։
- Մոսկվան, բնականաբար, անհանգիստ է ԵՄ-ի տարածաշրջանային ակտիվությամբ։ Մշտական առաքելությունը նշանակում է անժամկետ եվրոպական ներկայություն, ինչը կխանգարի Մոսկվայի շահերին։ Մշտական առաքելություն՝ նշանակում է ԵՄ-ի ինտեգրման գործընթացի անմիջական վերահսկողություն տեղում և գործընթացի որոշակի ղեկավարում Բրյուսելի կողմից։
- Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որոշվել է մեկ տարվա ընթացքում Ուկրաինային 40 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել։ Նաև ականատես եղանք, որ ռուսական կողմը երկուշաբթի օրը մի քանի հարված հասցրեց՝ թիրախավորելով նաև մանկական հիվանդանոցը։ Ի՞նչ զարգացումների սպասել ռուս-ուկրաինական պատերազմում։
- Նման օժանդակությունները նախանշում են պատերազմի երկարատևությունը։ Ոչ պարտվող, ոչ հաղթող այս պարանաձգումը շարունակվելու է, ինչը ենթադրում է, որ Մոսկվան դեռևս ներքաշված կլինի ուկրաինական պատերազմում։ Պատերազմի շարունակմանն առընթեր կընթանա ռուսական տիրույթներից ռուսական գործոնի չեզոքացման աշխարհաքաղաքականությունը։
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին քննադատել են Բայդենին։ Արդյո՞ք նա կկարողանա հավաքել բավարար ձայներ և շարունակել պաշտոնավարումը որպես նախագահ՝ հաշվի առնելով իր անընդհատ շարունակվող վրիպումները։
- Բայդենին տրված քվեները ոչ այնքան Բայդենի հաջողությունը ցանկացողների հետ է պայմանավորված, որքան Թրամփի ընտրվելը ձախողողների մղումից։ Բայդենը շատ վրիպումներ է թույլ տալիս։ Նրա ընտրվելու դեպքում կփաստվի, որ ամերիկյան ընտրազանգվածը ոչ թե անվերապահ համաձայն է Բայդենի ղեկավարած վարչաքաղաքականությանը, այլ հիմնովին ու արմատապես դեմ է, որ Թրամփով ղեկավարվող ԱՄՆ-ն անորոշ ճակատագրի ուղղությամբ առաջնորդի երկիրը։ Կա հստակ զանգված, որ չի ուզում թրամփյան ցնցումնային ժամանակաշրջան մուտք գործել։
Հայկ Մագոյան