Հարցազրույց

«Գալուզինն ընդամենը հիշեցնում է պարզ իրողությունների մասին». Հակոբ Բադալյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։

- ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ նման տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքերով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս նաև սեփական անվտանգության: Ինչպե՞ս եք մեկնաբանում Գալուզինի այս հայտարարությունը՝ նախազգուշացու՞մ, թե՞ սպառնալիք։

- Գալուզինի հայտարարությունը բնական է։ Կասկած չկա, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի համար ռազմավարական ռիսկեր առաջացնելը կարող է առաջացնել նրանց կողմից հակառակ ռեակցիայի և այլ տարբեր միջոցներով այդ ռազմավարական ռիսկերը չեզոքացնելու գործողությունների։ Իսկ դրանք կարող են լինել իսկապես անկանխատեսելի։ Բնականաբար, այդ ռիսկերը չեզոքացնելու հարցում նրանք գործընկեր ընտրելու են ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, եթե չասենք՝ նաև Թուրքիային։ Եվ այս պարագայում կարելի է պատկերացնել թե ինչպիսին կարող են լինել Հայաստանի ռիսկերը։ Կրկնեմ, եթե Հայաստանի և Արևմուտքի գործակցությունը, մասնավորապես, Հայաստանի և Միացյալ Նահանգների գործակցությունը Ռուսաստանի համար պարունակի ռազմավարական ռիսկեր։ Գալուզինն ընդամենը հիշեցնում է պարզ իրողությունների մասին։ 

Այս տեսանկյունից Երևանն էլ է շատ լավ պատկերացնում այդ ռիսկերն ու հանգամանքները։ Մեծ հաշվով, մայիսի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպումն արտացոլում էր, որ Երևանը պատկերացնում է այդ ռիսկերը և առնվազն փորձում է կառավարել դրանք։ Մենք այդ հանդիպմանը տեսանք, որ տակտիկական անհամաձայնություններն ընդունվեցին, փոխադարձաբար ճանաչվեցին, և միևնույն ժամանակ եղավ ռազմավարական հարցերում համաձայնություն, որի արտացոլումն էր Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին ռուս սահմանապահների ներկայության պահպանման համաձայնությունը։ Կարծում եմ, որ Երևանը շատ լավ պատկերացնում է ռիսկերը և փորձում է չառաջացնել ռազմավարական ռիսկեր ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի համար։ Ի վերջո, այդ հայտարարությունները, այդ գնահատականները մեզ կարող են դուր գալ, կարող են դուր չգալ։ 

Խնդիրն այն չէ՝ մենք գոհ ենք, թե դժգոհ, որ Գալուզինը այդպիսի հայտարարություն է անում, խնդիրը հետևյալն է՝ մենք հաշվի առնու՞մ ենք իրողությունները, թե՞ ոչ։ Մենք կարող ենք դժգոհել, բայց այդ դժգոհությունները չեն կարող մեզ պաշտպանել այն ռիսկերից։ Ռեգիոնը կենսական շահերի գոտի դիտող պետություններն, այստեղ իրենց համար ռազմավարական ռիսկեր առաջանալու դեպքում, բնական է, արձագանքելու են բոլոր հնարավոր միջոցներով։ Եվ այսպիսի հայտարարությունները պարզապես այլ ոճական ձևակերպումներով պարբերաբար հնչում են նաև Իրանից։

- Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումն արդյո՞ք հույս ներշնչում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ի վերջո կստորագրեն խաղաղության պայմանագիրը:

- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առումով միշտ չէ, որ կարող ենք «հույս ներշնչել» արտահայտությունն օգտագործել։ Ինչու՞․ որովհետև հարցը միայն այն չէ՝ պայմանագիր կստորագրվի, թե ոչ։ Հարցն այն է, թե ինչպիսի պայմանագիր կստորագրվի, ինչպիսին կլինի այդ պայմանագրի բովանդակությունը, որովհետև այդ բովանդակությունից է էապես կախված, թե պայմանագիրը որքանով է կենսունակ լինելու և որքանով է խաղաղություն ապահովելու, այլ ոչ թե, օրինակ, Ադրբեջանի համար ստեղծելու նոր մանիպուլյացիաներ ձևավորելու դաշտ և ուժի գործոն կիրառելու հնարավորություն։ Այս պարագայում մենք չենք կարող ասել, որ ստորագրման հանգամանքը միարժեք դրական և հույսի առարկա է։ 

- Ինչպե՞ս եք բացատրում Միացյալ Նահանգների մասնակցությունը այս հանդիպմանը։

-  Շատ կարևոր է հասկանալ, թե այդ բանակցություններում ինչպիսի բովանդակություն է քննարկվում, ինչ շեշտադրումներ են քննարկվում։ Այս տեսանկյունից առաջարկում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Վաշինգտոնի հանդիպումից առաջ Միացյալ Նահանգները բավականին ինտենսիվ այցեր է իրականացնում Հայաստան՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի պատվիրակություն։ Ունենք նաև տեղեկություն, որ պետքարտուղարի մեկ այլ տեղակալ է ժամանելու Հայաստան։ Բայց միաժամանակ տեսնում ենք, որ գործնական, առարկայական պայմանավորվածությունների կամ առաջարկների իմաստով տպավորիչ բաներ դեռ չկան։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները Հայաստանին, Վաշինգտոնում հանդիպումից առաջ, չէր փորձում որևէ կերպ համոզել, գրավել ինչ-որ համաձայնության՝ արդեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի իմաստով։ Որովհետև Միացյալ Նահանգներն իր նպատակը բավականին հստակ բարձրաձայնեց, և պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը շատ հստակ ասաց, որ իրենց նպատակը Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա առևտրային միջանցք ձևավորելն է և այդ կերպ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ազդեցությունը թուլացնելը։ Եվ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը իրենց համար այդ նպատակին ծառայող կարևոր միջոց է։ Եվ այստեղ առաջանում է հետևյալ հարցը՝ այդ միջոցը կարելի է իրագործել Ադրբեջանին և Հայաստանին համաձայնության բերելով, բայց ի՞նչ անել, եթե Ադրբեջանն իր կարծր դիրքորոշումները չի փոխում․ այստեղ մնում է որևէ համաձայնության բերել Հայաստանին։ Եվ այստեղ ուշադրության է արժանի Բաքվում Օ՛Բրայենի արած հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է խիզախ որոշումների։ Հարց է առաջանում՝ ի՞նչ խիզախ որոշումների մասին է խոսքը։

Հայկ Մագոյան