Radar Armenia-ի զրուցակիցը իրանագետ Տիգրան Դավուդյանն է։
- Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Իրան. հրավերն ընդունվել է Ալիևի կողմից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նորընտիր նախագահի այս քայլը։
- Ադրբեջանի նախագահն իր շնորհավորական ուղերձում ԻԻՀ նորընտիր նախագահ պրն. Փեզեշքիանին հրավիրել է Բաքու, Իրանի նախագահն էլ իր շնորհակալական խոսքում պրն Ալիևին է փոխադարձաբար հրավիրել Թեհրան։ Իրանն ու Ադրբեջանն ունեն քննարկելիք մեծ թվով հարցեր, և բնական է, որ երկու նախագահները կուզեն, որ օր առաջ լուծվեն այդ խնդիրները։ Դրանք են Իրանում Ադրբեջանի դեսպանության բնականոն աշխատանքի կարգավորումը, քանի որ երկու տարի առաջ դեսպանության շենքում սպանություն տեղի ունեցավ, և Բաքուն անվտանգության հավելյալ միջոցառումներ է պահանջում։ Երկու երկրներն ունեն տնտեսական ու առևտրային մեծ նախագծեր, որոնց իրագործմանը պետք է նոր թափ հաղորդել. դրանցից մեկը Արաքսի վրայի ջրամբարն է, որի բացմանը մասնակցեց նախագահ Ռայիսին և վերադարձին օդային աղետի զոհ դարձավ։ Ադրբեջանը իրանցիների վրա միակողմանիորեն փակել է իր ցամաքային սահմանն ու նաև հալածում է կրոնական խմբավորումներին, որոնք հիմնականում իրանամետ են։
-Արդյո՞ք Իրանի նոր նախագահը կարող է փոփոխություններ մտցնել երկրի արտաքին քաղաքականության մեջ։
- Արտաքին քաղաքականության ասպարեզում Իրանի նախագահի լիազորությունները սահմանափակ են։ Արտաքին գործերի նախարարները հիմնականում երկրի առաջնորդին են հաշվետու, քան նախագահին։ Երբեմնի արտգործնախարար Զարիֆը, որը նաև Փեզեշքիանի թիմակիցն է, անգամներ դժգոհել է «դաշտային հրամանատարներից»` մեյդանից, որոնք միջամտում են ԱԳՆ գործերին. նա ակնարկում է Իսլամական հեղափոխության պահակազորին։ Նախարարների նշանակման գործում մեծ պայքար կընթանա խորհրդարանում, և Փեզեշքիանի հնարավորություններն այդտեղ շատ սահմանափակ են։ ԻԻՀ նորընտիր նախագահն այս օրերին շնորհավորական պատգամներ է ընդունում և աշխարհի բոլոր ղեկավարներին էլ հայտնում է, որ Թեհրանը խաղաղ ու բարեկամական հարաբերությունների կողմնակից է։ Պրն․ Փեզեշքիանը շատ ջերմ խոսքեր է ասել նաև ՀՀ վարչապետին, որ Իրանի հարևանների մեջ Հայաստանը յուրահատուկ տեղ ունի․ «Մեր երկուստեք սահմանը թեկուզ փոքր, բայց հույսի և խաղաղ ապրելու սահման է։ Մեր սկզբունքային քաղաքականությունը Ձեր հանդեպ անբեկանելի է։ Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված որևէ սահմանի փոփոխությանը դեմ ենք։ Ողջունում ենք Հայաստան֊Ադրբեջան խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք աջակցել դրան»։
- Արդյո՞ք Փեզեշքիանին կհաջողվի հարաբերությունները կարգավորել Արևմուտքի հետ, եթե վերջնական խոսքը հոգևոր առաջնորդ Ալի Խամենեինն է։
- Իրան֊Արևմուտք հարաբերությունների կարգավորման հարցում բազում մարտահրավերներ կան. ի՞նչ է լինելու Իրանի՝ միջուկային էներգիա ստանալու և հրթիռաշինության ծրագրերի հեռանկարը, ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) հետ համագործակցությունը, Իրանի ներկայությունը մերձավորարևելյան երկրներում, ո՞վ է լինելու ԱՄՆ նոր նախագահը։ Առաջնորդ Խամենեին, ելնելով Իրանի տնտեսական վիճակից և ներքին ու արտաքին քաղաքականության հեռանկարներից, անձամբ ուղղություն կմշակի և կհանձնարարի նախագահի թիմին։ Իմ կարծիքով՝ ԻԻՀ-ն Արևմուտքի հետ հարաբերություններում դեպի մեղմացում կգնա, քանի որ եթե Թրամփը հաջողի, ապա պատժամիջոցները կսաստկանան, նավթի վաճառքը կդժվարանա, և ժողովրդական բողոքը կշատանա։
Հայկ Մագոյան